20-ամյա աղջիկն ընկերոջ անհավատարմության պատճառով բռնաբարության մասին սուտ մատնություն է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է բռնաբարության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել է, որ 20-ամյա աղջիկը, տեղեկանալով ընկերոջ անհավատարմության մասին, վերջինիս պատժելու նպատակով, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ընկերոջը մեղադրել է ծանր հանցագործության մեջ։

Մասնավորապես՝ 2015 թվականի հունվարի 7-ին հաղորդում է տվել այն մասին, որ ընկերը 2014թ. հոկտեմբերին իր սուրճի բաժակի մեջ դեղահաբ է գցել, որի ազդեցությունից ինքը հասել է անօգնական վիճակի, ինչից էլ օգտվելով իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա 20-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:




Լրահոս