ԵՏՄ քաղաքական դաշտում խորհրդարանական կառավարման ձևը չի՞ գործի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական փոփոխությունների հետ կապված «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վերջնական դիրքորոշումը պարզ կլինի հայեցակարգի մանրամասն ուսումնասիրությունից հետո: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

Վերջինս ասաց, որ ԵՏՄ քաղաքական դաշտում խորհրդարանական կառավարման ձևը կարող է չունենալ այն օգուտները, որոնք իրենց կուսակցությունը հաշվարկել էր կուսակցական ծրագիրը կազմելիս:

«Ժամանակին, երբ ծրագիր էինք կազմում, մենք հանդես էինք գալիս խորհրդարանական կառավարման ձևի պաշտպանությամբ: Եթե հիշում եք, հեռանկարում կար Ասոցացման պայմանագրի ստորագրում, որն ինքնին Հայաստանում բերում էր եվրոպական ստանդարտների ամրագրում, ինչն էլ դառնում էր շատ կամայականությունների դեմ «գառանտ»: Բայց քանի որ հիմա մենք գտնվում ենք ռուսական քաղաքական դաշտի բավականաչափ անօրեն տիրույթում, այստեղ արդեն կարող է խորհրդարաական համակարգը չունենալ այն օգուտները, ինչպես ծրագրել էինք և արտահատվում էինք: Եվոպական ստանդարտների առկայության դեպքում խորհրդարանական ձևը տալիս է առավելություններ: Բայց արդյոք դրանք գործելու են ԵՏՄ դաշտում, վիճելի խնդիր է արդեն»,- մանրամասնեց կուսակցության փոխնախագահը:

Սեդրակյանի խոսքով` եթե անգամ սահմանադրական բարեփոխումները կյանքի են կոչված այլ նպատակներով, ընդդիմությունը կարող է դա օգտագործել իր օգտին` գործելով պրոֆեսիոնալ և աչալուրջ:

Ա. Սեդրակյանը հավելեց` «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ վերջնական դիրքորոշում կհայտնի հայեցակարգն ուսումնասիրելուց հետո: «Սա իրավական փաստաթուղթ է, և մենք հապճեպ եզրակացություն չենք անի: Մոտակա օրերին մենք կոնկրետ դրույթներով մեր տեսակետը կարտահայտենք»,- եզրափակեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:




Լրահոս