Armlur.am-ի տեղեկություններով` Կոտայքի մարզի Զառ համայնքի «Ժորա Սարգսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում վաղը կկայանան տնօրենի ընտրություններ: Լուրեր են շրջանառվում, թե երեք թեկնածուներին` Կարինե Գրիգորյանին, Ամալյա Հովհաննիսյանին և Արևիկ Միրզոյանին թեժ պայքար է սպասվում: Պատճառը, նույն լուրերի համաձայն, մարզպետարանի հնարավոր դերակատարությունն է ընտրություններին. մի մասը հովանավորում է Կարինե Գրիգորյանին, մյուս մասը` Արևիկ Միրզոյանին:
Տեղեկացնենք, որ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Խաչատրյանը թեկնածություն չի առաջադրել, քանի որ կանոնադրության համաձայն` նրա տարիքը չի համապատասխանում պահանջվող չափանիշներին:
Armlur.am-ը փորձեց ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանումներ ստանալ Զառ համայնքի ղեկավար Մուրադ Բաբախանյանից, ով վստահեցրեց, որ ընտրություններն արդար են լինելու, և որևէ թեկնածու հովանավոր չունի: «Անօրինությունները կանխարգելելու նպատակով որևէ քայլ կձեռնարկվի՞» հարցը լսելուց հետո մեր զրուցակիցը անջատեց հեռախոսը, ապա դարձավ անհասանելի: Մնում է սպասել` ինչ կարձանագրվի վաղվա ընտրություններին, և մարզպետարանի որ թևը հաղթանակած դուրս կգա: