ԿԱԼԱՆԱՎՈՐԸ ԽՆԴՐՈՒՄ Է ԼՍԵԼ ՆԱԵՎ ԻՐԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նուբարաշեն»-ի քրեակատարողական հիմնարկից «Ժողովուրդ» օրաթերթին ուղղված հերթական նամակը կալանավոր Արման Դավթյանից է: Վերջինս պնդում է, որ, նախ, իր նկատմամբ ՆԳ Մաշտոցի բաժնում կիրառվել է բռնություն, ապա՝ իր գործի քննությունը կատարվել է օրենսդրական մի շարք խախտումներով: Դավթյանը խնդրում է աջակցել իրեն՝ ապացուցելու իր անմեղությունը, թույլ չտալ իրավապահներին իր վրա բարդել չգործած հանցանքները, սահմանափակել նրանց կողմից կիրառվող բռնությունները: Ստորեւ ներկայացնում ենք նամակը կրճատումներով:
«Ասացվածքն ասում է. «Ավելի լավ է աչքը դուրս գա, քան անունը»: Դա հենց ինձ համար է ասված:  2006թ. ինձ դատապարտեցին  չորս տարի երեք ամիս ազատազրկման: Առանց հանցանքս հերքելու եւ չխուսափելով պատասխանատվությունից՝ կրեցի սահմանված պատիժս:  Իսկ այժմ ինձ մեղադրում են  ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասով (գողություն), որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով: Արդեն ութ ամիս է՝ սկսվել է իմ դատավարական գործընթացը, որում դեռեւս տուժողներին են լսում: Սակայն ՆԳ Մաշտոցի շրջանի ոստիկանությունը եւ դատախազությունը ջանք ու եռանդ չեն խնայում՝ միջոցներ ձեռնարկելու՝ իմ կողմից հնչեցրած անհերքելի ապացույցները գործում չներառելու համար:
Ի դեպ, այս բաժնի աշխատակիցները բռնություններ են կիրառել իմ, կնոջս՝ Սոնա Մկրտչյանի, եւ ընկերոջս՝ Արթուր Մանուկյանի նկատմամբ: Առավոտյան՝ ժամը 6-ին, նրանք ներխուժել են մեր բնակարան, հրմշտել ու կոպտել մեզ: ՆԳ Մաշտոցի բաժնի ոստիկանապետ Ա. Աբրահամյանը եւ նույն բաժնի քրեականի պետ Ա. Գեւորգյանը, խոշտանգելով ընկերոջս եւ կնոջս, ստիպել են գրել սուտ ցուցմունք, զրպարտել ինձ ու վկայություն տալ, որ բնակարանային նշված գողությունները իբր ես եմ կատարել: ՆԳ բաժնից օպերներից մեկը՝ Արմանը,  պարկետով հարվածել եւ կոտրել է ձախ ձեռքիս մատները, որոնք մինչեւ այժմ չեն բուժվում: Չհանգստանալով սկսել են էլեկտրաշոկի տալ՝ այրելով մեջքս, ինչի մասին կա դատաբժշկի եզրակացություն: ՆԳ բաժնի որոշ աշխատակիցների թեթեւ ձեռքով 16 գողություն են բարդել ինձ վրա: Այս անարդարությունների վերաբերյալ ես բազմաթիվ նամակներ եմ գրել ՀՀ արդարադատության նախարարին, գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին, այլոց՝ խնդրելով պատասխանատվության ենթարկել այս «կեղծ պագոնավորներին»: Ոչ մի արձագանք: Անզորությունից եւ իմ վրա ուշադրություն հրավիրելու համար  մեկուսարանում  հացադուլ հայտարարեցի: Էլի ոչ մի արձագանք:
Հարգարժա՛ն «Ժողովուրդ», խնդրում եմ հանդիպել եւ լսել իմ անկեղծ խոստովանությունները: Հավատացե՛ք՝ ես անմեղ եմ, պատվովս եմ երդվում»:

Հարգանքներով՝  Արման Վահանի Դավթյան




Լրահոս