Սևանի ոստիկանապետն իր ենթականերին բացատրել է, որ դրոշի անհետացման հետ քամին կապ չունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել է, որ երեկ` մարտի 30-ին, «Հիմնադիր խորհրդարանի» երեք անդամ նեռրկայացել էր Ոստիկանության Սևանի բաժին` հանցագործության մասին հաղորդում տալու: Մեզ հետ զրույցում ՀԽ անդամ Աշոտ Պետրոսյանը հայտնել էր, որ պատրաստվում են իրավապահ մարմիններին տեղեկացնել, որ իրենք դեռևս անհայտ մարդկանց կողմից մոտ 50 հազար դրամի նյութական և բարոյական վնաս են կրել:

Հիշեցնենք, որ մարտի 26-ին, ինչպես վստահեցնում են ՀԽ անդամները, անհայտ անձինք պատռել են «100-ամյակն առանց ռեժիմի» գրառումով և Ժիրայր Սէֆիլյանի նկարով պաստառները, որոնք փակցված են եղել Աշոտ Պետրոսյանի տան պատին:

Տեղեկացնենք, որ ոստիկանության Սևան բաժանմունք այցելած ՀԽ անդամներին երեկ չի հաջողվել որևէ հաղորդում տալ, քանի որ աշխատակիցները նրանց հորդորել են սպասել ոստիկանապետ Վիգեն Աղեկյանին: Տուժած Աշոտ Պետրոսյանն Armlur.am-ին հայտնեց, որ ոստիկաններն իրենց փորձում էին համոզել, թե կատարվածը, հնարավոր է, ուժգին քամու հետևանք եղած լինի. «Մենք ասում ենք, թե ուժգին քամին է պատռել, այդ դեպքում ո՞ւր է անհետացել դրոշը: Մեզ ասացին, որ իրենք կմտածեն, ու առաջարկեցին հաջորդ օրը մոտենալ: Երեկ ոստիկանապետին տեսնել չհաջողվեց, այսօր նրան տեսանք, ասում է` եթե կասկածներ ունեք, ուրեմն դիմումը ներկայացրեք»:

Աշոտ Պետրոսյանն այսպիսով արձանագրեց, որ ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի հետ երկար զրուցելուց հետո միայն կարողացել են ներկայացնել իրենց դիմումը: Armlur.am-ի հարցին` որն է եղել պատճառը, որ այդքան երկար չէին կարողանում հաղորդում տալ, Ա. Պետրոսյանը պարզաբանեց, որ իրավապահները երկար ժամանակ փորձում էին հասկանալ` դրոշի անհետացման ու պաստառների վնասվելու պատճառը բնությունն է եղել, թե մարդը, և միայն ոստիկանապետի բացատրական աշխատանքներից հետո են հնարավորություն ունեցել իրագործել իրենց նպատակը: Այժմ տուժած ՀԽ-ականները պատասխանի են սպասում:

Լուսանկարը` Aravot.am-ի:




Լրահոս