ՄԵԶԱՆԻՑ ՀԵՏՈ` ԹԵԿՈՒԶ ՋՐՀԵՂԵՂ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Կառավարությունը 7 երգ գիտի, 7-ն էլ բանկերի մասին”,-Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությանը  նման գնահատական տվեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Իսկ առիթը կառավարության ներկայացրած կենսաթոշակային բարեփոխումների օրենսդրական փաթեթն էր, որը երեկ քննարկվեց ԱԺ-ում:
Ուշագրավն այն է, որ չնայած նախագծի բազմաթիվ խոցելի կողմերին՝ այն դիմադրության արժանացավ միայն երկու ընդդիմադիր խմբակցությունների՝ ՀՅԴ-ի ու Հայ ազգային կոնգրեսի կողմից. Հրանտ Բագրատյանը, Աղվան Վարդանյանն ու Արծվիկ Մինասյանն իրենց ելույթներում անխնա քննադատեցին նախագիծը՝ մատնացույց անելով բոլոր վտանգավոր կետերը: Մինչդեռ ե՛ւ ԲՀԿ, ե՛ւ “Ժառանգություն” խմբակցություններից չեղավ որեւէ արձագանք. նրանց պատգամավորների մեծ մասը ոչ միայն որեւէ նախադասություն չարտաբերեց նախագծի մասին, այլեւ նույնիսկ չբարեհաճեց նստել դահլիճում ու հետեւել քննարկումներին:
Իսկ կառավարության առաջարկում բավական շատ են խոցելի կողմերը. եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների փոխարեն առաջարկվում է մեկ հարկատեսակ սահմանել՝ “Եկամտային հարկ”, որը բավական լուրջ թիվ է կազմում: Բացի այդ, սահմանվում է փոխել կենսաթոշակային համակարգն ու անցնել “կուտակային” համակարգի, այսինքն՝ թոշակառուի թոշակի չափը կախված է լինելու աշխատած տարիներին նրա անունով վճարած սոցիալական ապահովության գումարի չափից: Ավելին, այդ գումարները գնալու են ոչ թե պետական բյուջե, այլ դրանք տնօրինելու է մասնավոր սեկտորը: Այսինքն՝ այս խնդրին եւս Տիգրան Սարգսյանը մոտեցել է բանկիրի հոգեբանությամբ. դժվար չէ ենթադրել, որ սոցիալական ապահովության գումարներն ուղղվելու են անձամբ իր վերահսկողության տակ գտնվող մասնավոր սեկտորին՝ լրացուցիչ եկամուտներ ապահովելով իրենց համար:
Ընդդիմադիր պատգամավորները երեկ պնդում էին, թե չկա որեւէ երաշխիք, որ կուտակված միջոցները տասնամյակներ անց կծառայեն իրենց նպատակին, ավելին, օրենսդրական փաթեթում չկան երաշխիքներ տարիների ընթացքում կուտակվելիք գումարների վերադարձելիության, ինչպես նաեւ գնաճի փոխհատուցման մասով: 
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, թե իշխանություններն ուզում են շատ փող եւ ուզում են միանգամից: “Մեզ մի՛ խաբեք, մեզ ասե՛ք, թե այդ փողերը որտեղ են ներդրվելու: Սա բիզնես չէ, սա առնչվում է քո պետության, քո ժողովրդի հարյուր տոկոսին: Որտե՞ղ են երաշխիքները, որ այդ փողերն աշխատելու են նաեւ տնտեսության համար”,-հարցրեց Վարդանյանը: Ըստ նրա՝ այս կառավարությունը պետք է երաշխիքներ տա ոչ թե 23, այլ իր հայտարարած 5 տարիների համար:
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ նախագիծը որակեց որպես տնտեսագիտական մտածելակերպից զուրկ: Նա նշեց, որ այն երկրները, որոնք անցել են այս համակարգին, հիմա ստիպված են հրաժարվել դրանից: “Հաճախակի փոփոխություններն այստեղ եւ համակարգի ներդրման անընդհատ հետաձգումը ցույց են տալիս, որ ,բարեփոխումներիե այս տարբերակը սխալ է, բարդ, ամբիցիոզ, արկածախնդրային, չի համապատասխանում ՀՀ տնտեսական զարգացման մակարդակին”,-նշեց Բագրատյանը՝ հավելելով, որ դա Եվրոպայում այսօրվա ճգնաժամի հիմնական պատճառներից մեկն է: Ըստ նրա՝ կառավարության առաջարկած այս “բարեփոխումները”՝ ԱՊՊԱ, սոցիալական ապահովության փաթեթ, կուտակային պարտադիր կենսաթոշակներ եւ այլն, կառավարությանը թույլ են տալիս այսօր ապահովել ՀՆԱ լրացուցիչ փուչիկային աճ։ “Այսօրվա կառավարությունը դրանով խաբում է ինչպես հասարակությանը, այնպես էլ ԱԺ-ին։ Նա չի ուզում մտածել, թե ինչ աղետ կարող է պատահել մի 10 տարի հետո: Հետաքրքիր է, որ այս նոր փոփոխություններով դեպի կենսաթոշակային կառավարման գործ կառավարությունը կանաչ ճանապարհ է բացում բանկերի համար։ Ե՞րբ են դրանք հասկանալու, որ բանկերը բանկային գործունեության համար են։ Վերջին 10 տարիներին նրանց են տրվել ֆոնդային բորսայի, ապահովագրության կառավարման գործառույթները: Նրանք անում են ամեն ինչ, բացի իրենց հիմնական տնտեսական գործից` երկրի տնտեսության զարգացման ֆինանսավարումից: Թվում է, որ կառավարությունը մտածում է միայն այն մասին, թե ինչպես եկամուտներ գեներացնի բանկերի համար։ Կառավարությունը յոթ երգ գիտի, յոթն էլ բանկերի մասին”,-ասաց Բագրատյանը՝ կոչ անելով հրաժարվել նման բարեփոխումներից:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս