Թատերականացված համերգ-ներկայացում ` Վանաձորի հանդիսատեսի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու Վ. Աճեմյանի և Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնների մասնակցությամբ մայիսի 17-ին ժամը 19:00-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում կկայանա Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի համերգ-ներկայացումը: Համերգի կայացմանը աջակցում են ՀՀ մշակույթի նախարարությունն և Վանաձորի քաղաքապետարանը:

«Հորովել» երգի-պարի անսամբլը ստեղծվել է 1958 թ-ին Կիրովականի Ղուկաս Ղուկասյանի անվան թիվ 1 մշակույթի տան վոկալ պարային ստուդիայի հիմքի վրա: Ստեղծագործական դժվարին, բայց գեղեցիկ ճանապարհ է անցել անսամբլը: Ստեղծման օրվանից կոլեկտիվը համերգային շրջագայություններով հանդես է եկել ոչ միայն հանրապետության բազմաթիվ շրջաններում ու քաղաքներում, այլև Սիբիրում, Հյուսիսային կովկասի, Միջին Ասիայի քաղաքներում` նախկին ՍՍՀՄ և արտասահմանյան բազմաթիվ քաղաքներում, մասնակցել բազում միջազգային և հանրապետական փառատոների` ամենուր արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը և խրախուսանքին: 1967 թ. Լեհաստան` ոսկե մեդալ, 1968թ. Բեռլին` առաջին կարգի մրցանակ, 1968թ. Քիշնև` հանրապետական փառատոնի դիպլոմ, 1969 թ-ին Կրեմլի սյունազարդ դահլիճում անցկացվող Հովհ.Թումանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված կառավարական համերգի ժամանակ կոլեկտիվը պարգևատրվել է առաջին կարգի դիպլոմով:

1972թ. հունիսի 1-ին անվանակոչվել է «Հորովել» ժողովրդական երգի պարի անսամբլ: Հետագա տարիներին անսամբլն իր մասնակցությունն է բերել` 1975, 1980, 1981, 2006 թթ-ին Ֆրանսիայում, 1998թ-ին Իտալիայում, 2002թ-ին Իրաքում, 2003թ-ին Հունաստանում, 2011թ-ին Բաթումում կայացած միջազգային փառատոններին: Այժմ անսամբլի գեղարվեստական ղեկավարն է դուդուկահար Գարեգին Անանյանը, բալետմայստերը` Արայիկ Գևորգյանը, գործիքային մասի ղեկավարը` Էլմիրա Կռոյանը:

Մայիսի 17-ին կայանալիք թատերականացված համերգ-ներկայացման բեմադրիչներն են Գյումրու դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանն ու ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը: Համերգ-ներկայացումը Վանաձորի հանդիսատեսին ներկայացնելուց հետո կցուցադրվի նաև Ստեփանակերտում, այնուհետև աշնան սկզբից՝ Գյումրիում: «Հորովելյան շաբաթ» խորագրի շրջանակում էլ, սկսած ապրիլի 11–ից, վեց շաբաթ շարունակ «Արմ նյուզ», «Ֆորտունա», «Ցայգ» և «Շողակաթ» հեռուստաընկերությունների եթերում կցուցադրվեն համերգի նախապատրաստական ընթացքի մասին պատմող ֆիլմեր:




Լրահոս