Հայաստանի նախագահն ընդունել է Ռուսաստանի պաշտպանության նախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 19-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովին, ով Հանրապետության նախագահի հետ այսօր ներկա է գտնվել “Փոխգործակցություն-2012” ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ զորավարժություններին:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ՀՀ նախագահը եւ ՌԴ պաշտպանության նախարարը քննարկել են հայ-ռուսական ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգության ապահովմանն ու առկա մարտահրավերներին, միջազգային իրավիճակին, ինչպես նաեւ այսօր անցկացված համատեղ զորավարժություններին վերաբերող հարցեր:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջեւ ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության մակարդակից: Հանրապետության նախագահի խոսքով, ՌԴ պաշտպանության նախարարի այցը հատկապես ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի եւ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի 15-ամյակի այս տարում երկու երկրների միջեւ դաշնակցային հարաբերությունների հետեւողական ամրապնդման եւս մեկ հաստատումն է:
Նախարար Անատոլի Սերդյուկովը, օգտվելով հանդիպման պատեհ առիթից, ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի նախօրեին տոնի առթիվ շնորհավորել է ՀՀ նախագահին եւ Հայաստանի բոլոր քաղաքացիներին, մաղթել խաղաղություն եւ բարօրություն:
Նախարարը գոհունակությամբ է խոսել այսօր տեղի ունեցած համատեղ զորավարժությունների մասին, որոնք նրա խոսքով, ռազմական ոլորտում սերտ փոխգործակցության վկայությունն են:




Լրահոս