ԾԵԾԵԼ Է, ՀԵՏՈ` ՎՐԱԵՐԹԻ ԵՆԹԱՐԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեւան քաղաքի երկաթուղային կայարանի դիմացի հրապարակում սեպտեմբերի 8-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատակիցների միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի արդյունքում 35-ամյա Նվեր Սերգեյանը մահացել է:  Նրան սպանել է իր տնօրենի տեղակալի` Մամիկոն Ղազարյանի  որդին՝ Արամը:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ փաստի առթիվ հարուցվել է քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի հատկանիշներով` սպանություն, որը կատարվել է խուլիգանական դրդումներով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ականատեսները պատմեցին, որ «Հարավկովկասյան» ՓԲԸ-ի աշխատակիցների միջեւ ծագած վիճաբանությունից հետո նրանք սկզբում սկսել են իրար ծեծել, հետո Արամը գնացել բերել է իր մյուս ընկերներին, ու սկսել են դաժանորեն ծեծել Նվերին: Ապա 25-ամյա Արամը նստել է իր «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան եւ վրաերթի ենթարկել Նվերին: Վերջինս տեղում մահացել է, իսկ Արամը՝ դիմել փախուստի: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Արամը բնակվում է Արարատի մարզի Այգավան գյուղում, իսկ Նվերը Արմավիրի մարզի Ջրարբի գյուղի բնակիչ էր, տասը տարի աշխատել էր «Հարավկովկասյան» ՓԲԸ-ի Երեւան քաղաքի գծային ուղեմասում, իսկ երեք տարի՝ ընկերությանը կից մեքենայացված գծային կայանում: Նվերն ամուսնացած էր, ուներ երեք անչափահաս երեխա: Համագյուղացիների պատմելով՝ նրանց ընտանիքը ծանրաբեռնված է, հիմնականում զբաղվում են անասնապահությամբ եւ հողագործությամբ: Հիմա ծնողները հայտնվել են ծանր վիճակում: Նրանք ծայրահեղ հուսահատված են եւ կորցրել են հավատը ապագայի նկատմամբ: Որդու մահից հետո նրանց կյանքում ոչ մի լուսավոր կետ չի մնացել, որդին ամենը տարել է իր հետ: Միակ սփոփանքը թոռնիկներն են, որոնք ամեն օր սպասում են հոր գալստյանը:
Զրուցեցինք Ջրարբի գյուղի կենտրոնում կանգնած պապիկների հետ, որոնք ցավում էին երիտասարդի վաղաժամ մահվան համար: «Էրեխեքը եթում մնացին: Ահավոր վատ բան եղավ: Ըսենց լավ տղայի հետ չպիտի նման բան լիներ: Աստված կարոտ պահի: Չգիտենք, թե էլ ինչ ասենք: Ցավում ենք: Բոլորիս էլ միայն մեկ հարց է տանջում, թե ինչու հենց Նվերի նկատմամբ նման դաժան վերաբերմունք: Ափսոս, որ նման բան տեղի ունեցավ: Շատ ափսոս»,-նկատեցին պապիկները:   
Իսկ Ջրարբի համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը մեզ հետ զրույցում, բնութագրելով Նվերին, ասաց. «Շատ լավ տղա էր ու հարգված մարդ: Կռվարար չէր, հասկացող էր ու խելոք: Հաստատ իր հետ չէիր կարող կռվել, որովհետեւ շատ հանգիստ մարդ էր: Ընտանիքի անդամներն էլ շատ խելացի մարդիկ են»:
Նվերի ընկերներից մեկը` Սամվելը (նրա անունը փոխված է), մեզ հետ զրույցում անկեղծացավ. «Ախր շատ համեստ, անշառ տղա էր: Նույնիսկ ճանճին չէր տրորի: Մանկուց եմ նրան ճանաչում, աչքիցս չի հեռանում իրա պատկերը: Բացառվում է, որ Նվերը մեկի հետ վիճեր»:
Արարատի մարզի Այգավան համայնքի բնակիչներից տեղեկացանք, որ Արամը նրանց վրա լուրջ տղայի տպավորություն չի թողել: «Ջահելություն շատ էր անում: Թեթեւ, թռի-վռի, մեծամիտ բաներ ուներ: Բայց նման արարք Արամի կողմից չէինք սպասում: Զարմացած ենք: Նման դաժանություն, չգիտեմ, ինչ ասեմ»,-ասաց Այգավանի բնակիչներից մեկը, որը խնդրեց չհրապարակել իր անունը:
Նույն համայնքի ղեկավար Վահագն Ղուկասյանը նշեց. «Իրենց ընտանիքը խելոք ընտանիք է, բոլորն աշխատող մարդիկ են: Բայց Արամն էլ գյուղում իրեն վատ չի դրսեւորել: Շատ վատ արարքներ չենք նկատել իր կողմից»: Արամ Ղազարյանի հարազատների հետ չհաջողվեց կապ հաստատել: Նրանք շփոթված էին եւ հրաժարվեցին զրուցել մեզ հետ: Իսկ սպանողի հայրը` Մամիկոն Ղազարյանը, այժմ գտնվում է Արտաշատի հիվանդանոցում. վիճակը լավ է:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ մեքենայացված գծային կայանի տնօրենն ընկերության գլխավոր տնօրենին նամակ-առաջարկ է ուղղել` մահացածի ընտանիքին որոշակի գումարով օգնելու մասին, որին, սակայն, գլխավոր տնօրենը դեռ չի պատասխանել:  

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս