ԿՏՈՒԳԱՆՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) անբարեխիղճ մրցակցության համար առաջիկայում պատասխանատվության է ենթարկելու «Հայր եւ որդի Մարտիրոսյաններ», «Սեմի ինտերթրեյդ» ընկերություններին եւ «Մանգո» խանութների ցանցին: Երեքի նկատմամբ կկիրառվի խիստ պատժաչափ: Ըստ օրենսդրության՝ անբարեխիղճ մրցակցություն դրսեւորելու դեպքում տուգանքի չափը կկազմի տարեկան հասույթի 1 %-ը:
«Հայր եւ որդի Մարտիրոսյաններ» ընկերությունը, որը զբաղվում է երեսպատման քարերի ներկրմամբ եւ մշակմամբ, տուգանվել է գովազդի պատճառով, որում հայտարարել է, թե իրենց ընկերությունն աշխարհում եւ տարածաշրջանում միակն է: «Նրանք դրա իրավունքը չունեն, քանի որ իրենք աշխարհում միակը չեն»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ մամլո խոսնակ Գայանե Սահակյանը:
Իսկ «Սեմի ինտերթրեյդ»-ը չգրանցված ապրանքանիշի վաճառքով խոչընդոտել է այլ ընկերության գործունեությանը:
Այս ընկերությունը զբաղվում է մանկական «Նանիս» տեսակի տակդիրների ներկրմամբ: Եւ պարզվել է, որ շուկայում գոյություն ունի մեկ այլ ընկերության կողմից ներկայացվող «Նանիս»: «Այն պարտադիր պետք է լիցենզավորված լինի:  Ընկերությունն այն Հայաստան է բերել առանց գրանցման»,-ավելացրեց մեր զրուցակիցը:
Եւ երրորդը «Մանգո» խանութների ցանցն է, որտեղ հանձնաժողովի աշխատակիցները պարզել են, որ ամբողջ ապրանքատեսականու համար առաջարկվող 50 % զեղչը վերաբերում է միայն մի քանի ապրանքների: «Այդ շուկան արդեն լայնորեն ուսումնասիրվում է հանձնաժողովի կողմից, եւ դիտակետում կան այլ խանութներ»,-նշեց Գ. Սահակյանը` կոչ անելով սպառողներին թերություններ նկատելու դեպքում տեղեկացնել հանձնաժողովին:
«Մենք հասույթը ստանում ենք ե՛ւ տնտեսվարողների, ե՛ւ ՀՀ ՊԵԿ-ի կողմից: Տնտեսվարողների կողմից բերված տվյալները միակողմանի են եւ հանձնաժողովի համար հիմք չեն, որովհետեւ տնտեսվարողը կարող է զրոյական հասույթ ներկայացնել: Սպասում ենք ՊԵԿ-ի պատասխանին եւ ակնկալում ենք, որ այն առաջիկայում կուղարկվի: Բոլոր երեք ընկերությունների ստացած հասույթի հիման վրա էլ հանձնաժողովը կհաշվարկի տուգանքի չափը: Նման խախտումների դեպքում նախկինում պատիժը եղել է 500 հազար դրամ: Բայց հետո օրենսդրական փոփոխություններ տեղի ունեցան, եւ պատժաչափը դարձավ մինչեւ 1 տոկոս, որպեսզի տնտեսվարողներն ավելի զգոնանան»,-նկատեց խոսնակը:
Այս թեմայով ՏՄՊՊՀ-ի քննարկումներին նշված ընկերություններից ներկա են եղել միայն  նրանց իրավաբանները, որոնք ոչ մի լուրջ հակափաստարկ չեն բերել հանձնաժողովի դեմ: Միայն պատճառաբանել է, թե անտեղյակ են եղել օրենքի պահանջներին:
Մեկնաբանություն ստանալու համար դիմեցինք «Հայր եւ որդի Մարտիրոսյաններ» ընկերությանը, որի տնօրինությունից պատասխանեցին. «Մեզ դեռ չեն տուգանել, եւ թե ինչով կվերջանա այս ամենը, մեզանից եւ ոչ ոք չգիտի: Մեր գովազդներում «աշխարհ» եւ «միակ» բառերը չեն եղել: Ես ընդամենը ասել եմ, որ հավասար մրցակից չունեմ: Եթե մեկը կասկածում է, թող գա իմ խանութը ու իմ գործերը նայի»: Իսկ «Մանգո» խանութների ցանցի տնօրինությունից ասացին, որ առայժմ չեն կարող մեկնաբանություն տալ:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս