ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԵՍՏՈՐԱՆ՝ ՀԱՆՔՈՒՄ
Ֆինլանդիայում բացվել է «Muru» կոչվող հանք-ռեստորանը, որը գտնվում է գետնի տակ՝ 80 մետր խորության վրա: Ռեստորան հասնելու համար այցելուները պետք է հատուկ սաղավարտներ եւ մթության մեջ լուսարձակող բաճկոններ կրեն, ինչից հետո միայն վերելակով իջնեն ռեստորան: Այդտեղ այցելել ցանկացողները պետք է շտապեն, քանի որ այն գործելու է ընդամենը մի քանի օր: Ռեստորանի բացումն արվել է 2012թ. Հելսինկին որպես դիզայնի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն նվիրված միջոցառումների շրջանակում: 64 հաճախորդի համար նախատեսված ռեստորանը կառուցվել է 115 տարվա վաղեմություն ունեցող հանքում եւ կգործի մինչեւ սեպտեմբերի 29-ը:

ՍՈՒՆԿ ՀԱՎԱՔԵԼԻՍ
Բելառուսում զորավարժությունների ժամանակ Սմորգոնսկի շրջանում սպանվել է մի թոշակառու, որը սունկ հավաքելու էր ուղեւորվել ռազմական հրաձգարան: Տեղի 60-ամյա բնակիչը սունկ հավաքելու ընթացքում հրաձգարանի սահմանների մոտ հանդիպել է զինվորների, որոնք նրան զգուշացրել են հնարավոր վտանգի մասին ու հետ ուղարկել: Սակայն նա այդպես էլ չի հեռացել: Տղամարդու անհետացման հաջորդ օրը նրա կինը դիմել է ոստիկանություն: Որոնողական աշխատանքների ընթացքում նրան հայտնաբերել են հրաձգարանից ոչ հեռու: Ինչպես պարզել է հետաքննությունը, տղամարդը սպանվել է արկի բեկորից:

«ԱՄԵՆԱՈՒԺԵՂ ԹԶՈՒԿԸ»
Հնդկաստանի ամենախոշոր նահանգներից մեկում՝ Փանջաբում, 23 տարեկանում մահացել է աշխարհի ամենափոքրամարմին բոդիբիլդերը՝ Ադիթյա Դեյվը: Նա հիվանդանոց է տեղափոխվել անգիտակից վիճակում, որտեղ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Ընդամենը 83 սմ հասակ եւ 8,6 կգ քաշ ունեցող Դեյվը 2006-ին պաշտոնապես գրանցվել էր Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենափոքրամարմին բոդիբիլդեր: Իսկ 2009-ին ճանաչվել է աշխարհի «ամենաուժեղ թզուկ»:

ՆԵՏԱՀԱՐԵԼ ԵՆ
Մոսկվայի արեւելյան շրջանում՝ օղակաձեւ ավտոմայրուղու ավտոբուսային կանգառից 50 մ հեռավորության վրա, մետաղե նետով սպանված Ադրբեջանի քաղաքացի է հայտնաբերվել: 29-ամյա ադրբեջանցին, որը շուրջ 8 տարի ապրել է Մոսկվայում առանց գրանցման, սպանվել է մեջքին երկաթե նետի հարվածի հետեւանքով: Քրեագետները հետազոտում են նրա մարմնից հանված մեկ մետր երկարությամբ եւ 5 մմ տրամագծով մետաղե նետը:

 Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս