Ռուս սահմանապահները պետք է դուրս բերվեն ՀՀ տարածքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Շուշի” առանձնակի գումարտակի հրամանատար, Արցախյան պատերազմի մասնակից Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան գրառման մեջ կարծիք է արտահայտում, թե ռուս սահմանապահները պետք է անհապաղ դուրս բերվեն Հայաստանի տարածքից և սահմանի պահպանությունը պետք է հանձնվի Հայաստանի սահմանապահներին:
Գրառմանը մեջ ասվում է հետևյալը.
“Օտարի շահերը սպասարկող ֆորպոստային քաղաքականության ընթացքին հանձնված Հայաստանյան ստրկամիտ և անգործունակ քաղաքական վերնախավի, նրանց սպասարկող փորձագետների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների մի չնչին մասն է ըստ էության տեղյակ Հայաստանում առկա օտարերկրյա, տվյալ դեպքում` ռուսաստանյան ռազմական ներկայության պայմանների, կազմի, կառուցվածքի և խնդիրների մասին: 
Այդ ներկայությունը բաղկացած է Ռուսաստանի Զինված ուժերի 102-րդ զորակայանից, ինչպես նաև այդ զորակայանի հետ որևէ կապ չունեցող` Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զորամասերից: Ռուսաստանյան զորակայանը և սահմանապահ ուժերը միանգամայն տարբեր խնդիրներ են կատարում: 
Զորակայանը Զինված ուժերի մաս է և կոչված է ռազմաքաղաքական դաշնակցության շրջանակներում Ռուսաստանի ռազմավարական շահերի իրացմանը զուգահեռաբար Հայաստանի Զինված ուժերի հետ միասին ապահովելու մեր ռազմական անվտանգությունը: 
Անշուշտ, մեր շահերին չեն համապատասխանում այն հանգամանքները, որ այդ զորակայանի պահպանման ծախսերի մի մասը հոգում է Հայաստանի Հանրապետությունը կամ, որ դրա ցամաքային ստորաբաժանումների ներուժը խորհրդանշական է, իսկ նրանց առկայությունը` ոչ ցանկալի և Հայաստանի ինքնիշխանության համար որոշակի վտանգ պարունակող: Մեզ համար ընդունելի է Ռուսաստանի բավարար ռազմական ներկայությունը ՀՕՊ-ի և ավիացիայի տեսքով` միջազգային պրակտիկայում ընդունված տեղաբաշխման պայմաններով: 
Սակայն ոչ մի կերպ չի կարելի հանդուրժել այն երևույթը, երբ Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորամասերը, լինելով օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների ռեզիդենտ ստորաբաժանումներ, ոչ միայն լեգալ և անվերահսկելի կերպով գործում են Հայաստանի տարածքում, այլև մենաշնորհյալի կարգավիճակով վերահսկում են Իրանի ու Թուրքիայի հետ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հատվածները և օդային տրանսպորտով տեղի ունեցող երթևեկությունը: 
Օտարից այսպիսի բացահայտ գաղութային կախվածությունը և նրա կողմից մեր ելումուտի ու մեր տան անցուդարձի նկատմամբ լիակատար վերահսկողությունը օր առաջ պետք է դադարեցվի: Ռուսաստանյան սահմանապահները պետք է անհապաղ դուրս բերվեն Հայաստանի տարածքից և սահմանի պահպանությունը պետք է հանձնվի Հայաստանի սահմանապահներին”:




Լրահոս