ԲՀԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ՆՎԱՍՏԱՑՐԵՑԻՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ 5-րդ  համագումարի կեսից Սերժ Սարգսյանը Գալուստ Սահակյանի հետ  լքեց Մարզահամերգային համալիրը: Մինչ այդ,  մոտ քառասուն րոպեի չափ նստեց Գագիկ Ծառուկյանի կողքին` ամբողջ ընթացքում փոխադարձաբար մեկ-երկու բառ փոխանակելով, պարտադրված դիտեց  ԲՀԿ-ի «կլիպը»,  ծանոթացավ  կուսակցության  Մանդատային ու Խմբագրական հանձնաժողովների վերընտրության արդյունքներին:Բավականին  սառն ընդունելություն ցույց տված դահլիճն  այնպիսի  իրավիճակ ստեղծեց, որ բոլորի հետ  Սերժ Սարգսյանն էլ ստիպված էր ոտքի կանգնել  ամբիոնից ելույթ ունեցող ԲՀԿ առաջնորդին ողջունելու համար: Գագիկ Ծառուկյանի  ելույթից  հետո, երբ ակնհայտ էր, որ կոալիցիան այս կազմով դեռ մի քիչ էլ կգոյատեւի եւ որ  չի հայտարարվի  հաջորդ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարելու մասին, վերջինս հեռացավ:  Գագիկ Ծառուկյանը նրան ինչ-որ հատված ուղեկցեց: Թե  մինչեւ ուր` անհայտ մնաց, քանի որ անվտանգության աշխատակիցներն այդ ընթացքում  փակել էին դահլիճի ելքերը: Մյուս հրավիրյալները` ՀՅԴ Բյուրոյի եւ ԳՄ ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանն ու Արմեն Ռուստամյանը, «ժառանգությունից»  Ստեփան Սաֆարյանը եւ ՕԵԿ-ից Խաչիկ Հարությունյանը, ով ԱԺ գյուղատնտեսության հանձնաժողովի անդամ է, մնացին մինչեւ վերջ: Համագումարին ներկա չէին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը եւ անգամ  Հեղինե Բիշարյանը, որը փետրվարի 12-ի նախորդ օրը խորհրդարանում անսովոր ոգեւորվածության մեջ գոռում  էր. «ՕԵԿ-ը հզորանում է, ՕԵԿ-ը հզորանալու է»: «Օրինաց երկրի» մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանը «Ռեգնումին»  տված հարցազրույցում ասել է, որ Արթուր Բաղդասարյանը ԲՀԿ համագումարին ներկա չի գտնվել  առանց որեւէ լուրջ պատճառի: Սուսաննա Աբրահամյանը ավելացրել է, թե քանի  որ Խաչիկ Հարությունյանը պատասխանատու դիրք է զբաղեցնում, կուսակցությունում գտել էին, որ հենց նա պետք է  գնա համագումար: Ներկայության ողջ ընթացքում դեմքի անդրդվելի արտահայտություն ունեցող Սերժ Սարգսյանը  Գագիկ Ծառուկյանի  մասին պատմող երաժշտականացված տասահոլովակի այն հատվածում, երբ մոնիտորներից ցուցադրվող հարթակից  ԲՀԿ առաջնորդը կիսապառկեց` դեպի իրեն ձգվող տատիկի գլուխը համբուրելու համար,  մեկ րոպեի չափ ուշադիր զննում էր համագումարի դահլիճի առաստաղը: 20-25 րոպեանոց տեսահոլովակի հիմնական   մեսիջները.  Գագիկ Ծառուկյանը հանդիպում է ժողովրդի հետ, Գագիկ Ծառուկյանը եկեղեցի է «բացում», Գագիկ Ծառուկյանը մարզիկների հետ, Գագիկ Ծառուկյանը` կոնյակի գործարանում ու գործարար համաժողովում:   Մոսկվա, Կրեմլ, Պուտին, Մեդվեդեւ. այս բազմանշանակ կադրերից հետո արդեն ձեռքսեղմումներ ու գրկախառնություններ` «բատկայի», Խորվաթիայի ու Սլովենիայի նախագահների հետ: «Ժը՞», «Ժողովուրդ»,-.-երբ Գագիկ Ծառուկյանը որոշ պաուզաներով կարդում էր Սերժ Սարգսյանի ներկայությամբ ունեցած ելույթը, դահլիճը ամեն անգամ քարանում էր: Ասաց, որ համագումարին նախորդած երկու տարիները մեր պետության համար ներքին մարտահրավերներին դիմակայելու ժամանակաշրջան էր, կառավարությունը կանգնած էր համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի աղետալի հետեւանքները հաղթահարելու ու այլ մարտահրավերների առաջ: Նշեց, որ  կոալիցիոն աշխատանքում գործընկերների հետ եղել են տարաձայնություններ։ Արդեն վերընտրվելուց հետո  ԲՀԿ առաջնորդն  արեց չխոստացված անակնկալը` ասելով. «Եթե ինչ-որ պահի պարոն Գագիկ Ծառուկյանը զգա, որ չի կարողանում արդարացնել.  իր կուսակցությունը, ուրեմն արտահերթ համագումար կանի եւ  դուրս կգա: Ես դրանից կառչված չեմ »,-  դժվար է ասել` մեսիջը արդեն դահլիճում ներկա չգտնվող Սերժ Սարգսյանին էր ուղղված, վերաբերո՞ւմ էր կոալցիայից դուրս գալուն, թե՞ նրան, որ իր հրաժարականից հետո կուսակցությունը կանցնի Ռոբերտ Քոչարյանին: Ասաց նաեւ` «մարդիկ դառնում են ընդդիմություն, երբ որ լիարժեք չեն գնահատվում», «երբ մարդիկ իրենց պաշտպանված չեն զգում կամ  անտեսված են զգում»:  ԲՀԿ-ն վստահ է իր ուժերին, պատրաստ է քաղաքակիրթ պայքարին, ազատ մրցակցությանը,- այս միտքը Գագիկ Ծառուկյանը երկրորդ անգամ կրկնեց. «Դաշտը պետք է հավասար լինի բոլորի համար, որ բոլորը մասնակցեն տարբեր տեսակի մրցույթներին»: Մեկ-երկու  մեսիջ էլ  հնչեց այդ օրը դահլիճում լարված-քարացած դեմքերով նստած  ԲՀԿ-ական կուսակտիվի համար. «Ինչ-որ սեփական շահերի համար դուք կարող ա իր փոխարեն պատահի ամաչեք կամ ժողովուրդը ամաչի: Մենք երբեք ու երբեք մեր գլուխը չենք կարա կախել, մենք արժանապատիվ ինչ-որ սկսել ենք, մեր աշխատանքը անելու ենք: Անկախ նրանից` մարդիկ ոնց կմտածեն, ինչ կանեն»: Եվ վերջապես` 50 կգ բարձրացնողը 200 կիլոգրամանոց բեռի տակ չի մտնի, եթե դրանից պետք է տուժի 3 միլիոն մարդ: Այնուամենայնիվ,  քանի որ այս կազմով կոալիցիան դեռ շարունակում է իր գոյությունը` գնալով փոխզիջումների, ինչպես եւ նախապես  գրել էինք, որոշվել է ստեղծված զավեշտի ողջ մեղքը բարդել «պատվեր կատարող» լրատվամիջոցների վրա, որոնք Ծառուկյանի խոսքով՝ չգիտեմ ինչեր գրելով «կոալիցիային անտեղի ասենք թե շեղում են»:  Արդեն համագումարի նախօրեին, երբ գրել էինք, որ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ պայմանավորվածություններ էին  ձեռք բերվել, որոշվել էր շրջանառությունից հանել ըստ էության  կոալիցիոն նոր հուշագիրը: Պատճառն այն է, որ այն առաջին հերթին անհարմար դրության մեջ է դնում ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին: Դրա համար էլ Գալուստ Սահակյանը ունեցավ  ռետրոգրադ, ամնեզիա եւ թեման փակվեց:  Վերջում արձանագրենք, որ համագումարով Սերժ Սարգսյանը պարտված դուրս եկավ. առջեւում Գագիկ Ծառուկյանն է` 1:0ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս