ՎՏԲ բանկից տուժածները զրկվում են անշարժ գույքից և հայտնվում դատարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը օրեր առաջ գրել էր, որ ՎՏԲ Հայաստան բանկի Արթիկի մասնաճյուղում կասկածելի գործարքներ են կատարվել: Մասնավորապես` գրել էինք, որ ըստ քաղաքում շրջանառվող լուրերի, բանկի ֆինանսական բաժնի աշխատակիցը ոսկու փոխարեն հասարակ զարդեր էր գրավադրել ու գումար վերցրել: Այս լուրի հրապարակումից հետո Armlur.am-ի խմբագրություն զանգահարեցին մի շարք քաղաքացիներ, ովքեր ասացին, որ իրենք ևս տուժել են ՎՏԲ բանկի` այս դեպքում Նոր Նորքի մասնաճյուղի կողմից:

Նրանք պատմեցին, որ բանկի աշխատակցի կողմից կատարվել են կեղծիքներ, որոնց պատճառով իրենք այժմ հայտնվել են անելանելի վիճակում: Ներկայացնում ենք Արծրուն Հարությունյանի ներկայացրածը տեղի ունեցածի մասին, որի համար վերջինս զղջում է: Նա մանրամասն ներկայացրեց եղելությունը:

«Ես ծանոթացել եմ ոմն Արթուր Սարուխանյանի հետ, ով տաքսի էր քշում: Ինձ ասաց` ոսկի են գրավադրում բանկում, մարդկանց գումար են տալիս և խնդիր չկա: Ասաց` եթե մարդ կա` բեր, դնենք գրավ փող վերցնենք: Ես էլ կարիքից ելնելով, մտածելով, որ մենակ ոսկի է գրավադրվում, մասնակցեցի: Արթուրն անձնագրերը վերցնում, գնում է բանկ, բանկում գործարքներն անում են, ամեն ինչ հետո մարդկանց կանչում էին ստորագրելու: Ոսկին մեկ ամսով պետք է գրավադրվեր, պայմանն այդպես էր: Ինքը մարդկանց պայմանագիր չէր տալիս: Այնուհետև, Արթուրը մեզ տալիս էր հասանելիք գումարը` 40 կամ 50 հազար դրամը, վերցնում էինք մի մասը` 10 կամ 20 հազար դրամ, տալիս ում անունով որ դրված է լինում այդ մարդկանց ու թողնում, գնում:

Այդպես մի 10-15 մարդ եմ տարել, այդ թվում իմ կնոջը, մորը: Հետո մի օր Արթուրը կորում է, զանգում ենք` անհասանելի է: Ընկերներիս հետ գնում ենք բանկ, այնտեղ մոտենում եմ բանկի ոսկերիչ Արմենին, ով մեզ տեղեկացնում է, թե հայտնի է դարձել, որ բանկում ոսկի է գրավադրվում և ոսկուց ավել փող տրվում մարդկանց` մոտ 400-500 հազար դրամ: Ասում եմ` բա եթե նման բան կար, ինչու չէիք զգուշացնում: Մեզ ասում էր` ինքը` Արթուրը պետք է զգուշացներ, մենք ինչ ասեինք: Ու մենք այսպես մնում ենք կոտրած տաշտակի առաջ: Չենք կարողանում այս մարդկանց հանել այս վիճակից: Գնում եմ բանկ, խնդրահարույց եմ գրում, որ ամբողջ վարկը տեղափոխվի իմ անունով, բայց մերժում են»,- պատմեց Արծրուն Հարությունյանը:

Այսինքն` տաքսու վարորդ Արթուր Սարուխանյանը համագործակցելով բանկի աշխատակցի հետ, կեղծ գործարքներ է կատարել` ոսկի գրավադրել, դրա հետ մեկտեղ 400-500 հազար դրամ վերցրել այդ մարդկանց անուններով և անհետացել: Արծրուն Հարությունյանը նաև ասաց, որ իրենք հետագայում են իմացել, որ այդ գրավադրած ոսկիները Արթուր Սարուխանյանը շուկայից է գնել: «Շուկայից գնել է: Ասենք 60 գրամը գնել է 1 միլիոնով, բերել է բանկ, բանկում իրեն տվել է 1 միլիոն 500 հազար: Այսինքն` ամեն մարդուց նա մոտ 400 հազար դրամ գումար է վերցրել իր խարդախությունով»,- ասաց նա:

Հետո, իրենք կարողացել են գտնել Արթուրին, ով գնացել է բանկ, այնտեղ մարդկանց խոստացել, որ կկարգավորի, սակայն, ապարդյուն: Հարությունյանի խոսքով` Արթուրը մեկ այլ խարդախության գործով դատապարտվել է, սակայն մի քանի ամսից ազատ է արձակվել:

Այնուհետև, այս գործը հասել է Նորքի քննչական բաժին, քննություն իրականացվել, որից հետո քննիչը գործը կարճել է` հանցակազմի բացակայության պատճառով:

«Քրեական գործ չհարուցվեց: Հետո դիմեցինք փաստաբանին: Վերջինս նույնիսկ մինչև դատախազին նամակ է գրել, որ այս գործը քրեական ճանաչվի: Սակայն, քրեական չի ճանաչվել, նորից եկավ երկրորդ որոշումը` գործը կարճելու վերաբերյալ, քանի որ Արթուրը փաստացի գույքին չի տիրացել: Բայց եթե չվճարվի, վաղը, մյուս օրը կտիրանա չէ՞: Հարկադիր ծառայության միջոցով կտիրանան գույքին»,- պատմեց նա և ավելացրեց, որ այս պահին տան` իր կնոջ բաժնեմասը աճուրդի է հանվել:

Նման վիճակում այս պահին մոտ 15 քաղաքացի կա, ով չի կարողանում վճարել այդ գումարը, ևս մի քանիսը իրենց գրպանից են գումարը վճարել և դուրս եկել:

Արծրուն Հարությունյանն ասաց, որ ինքը մոտը 12 մլն դրամի վճարում է կատարել այդ քաղաքացիների փոխարեն: «Ես հիմա 5 մլն դրամի տոկոսի տակ եմ: Ես բոլոր ասածներիս ապացույցները կարող եմ տրամադրել: Բոլոր մուծումների կտրոնները, փաստաթղթերը, ամեն ինչ»,- եզրափակեց Արծրուն Հարությունյանը:

Նշենք, որ բոլոր գործարքները կատարել է այդ ժամանակ բանկի կառավարիչ Մարիա Էլոյանը, ով այժմ աշխատում է բանկում, սակայն ոչ որպես կառավարիչ: Իսկ բանկի ոսկերիչը` Արմեն Աբրահամյանը, հեռացվել է աշխատանքից:

Արծրուն Հարությունյանը մեզ փոխանցեց այն քաղաքացիների անունները, ովքեր այս պահի դրությամբ բանկի նկատմամբ պարտավորություն ունեն, իսկ որոշների գույքի վրա էլ հարկադիր ծառայությունը կալանք է դրել:

Հակոբյան Ռոբերտ. 1մլն 300 հազար դրամի պարտավարություն ունի բանկին, Սամամյան Արման. պարտավորվել է ամեն ամիս 57 հազար դրամ վճարում կատարել, Բեգյան Ռադիկ. պարտավորվել է ամեն ամիս վճարում կատարել:

Գաբրիելյան Գևորգ, Գաբրիելյան Ռոզա (Գևորգի մայրը), Մաթևոսյան Ռոզա (Գևորգի կինը), Արմենուհի Պողոսյան, Անուշ Պողոսյան, Խաչատրյան Սիրուշ, Հարությունյան Վարդուհի, Ղազարյան Սպարտակ, Ալոյան Վիգեն, Ղարիբյան Աստղիկ, Կիրակոսյան Անժելա, Մարտիրոսյան Հակոբ, Կիրակոսյան Սուսան, Կարապետյան Սամվել, Առաքելյան Ալինա: Այս թվարկած քաղաքացիների գույքը հարկադիր ծառայության կողմից կալանքի տակ է գտնվում: Իսկ Ղուկասյան Հակոբը և Արզումանյան Լեռնիկը սեփական միջոցներով վճարել են գումարը:

ՎՏԲ բանկի լրատվական ծառայությունից նշվածի վերաբերյալ մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրին.«Վարկ տրամադրելիս քաղաքացու ներկայությունն ու անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր են: Միաժամանակ հայտնում ենք, որ վարկային գործարքների ձևակերպմանը երրորդ անձի մասնակցությունն անհնար է»:

Բանկի պատասխան, ըստ էության, ոչինչ չասող բառերի շարան է, քանի որ մենք բանկից այլ բան էինք խնդրել մեկնաբանել:

Armlur.am-ը տեղեկացավ, որ բանկից տուժած քաղաքացիներից մեկի գործով այսօր` ապրիլի 3-ին, նշանակված է դատական նիստ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Հավելենք, որ ըստ տեղեկությունների` նիստին բանկի ներկայացուցիչներից ոչ ոք ներկա չի լինելու:

Armlur.am-ը հետևողական կլինի դեպքերի զարգացմանը և կտեղեկացնի իր ընթերցողներին:

Քրիստինա Աղալարյան




Լրահոս