Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, «ֆինանսական բուրգի» գործով դատական նիստին մեղադրող դատախազ Երիցյանը հրապարակեց մեղադրական ճառը:
Նա միջնորդեց ամբաստանյալ Արթուր Անդրեասյանին մեղավոր ճանաչել և դատապարտել 14 տարվա ազատազրկման ՝ անձնական գույքի բռնագրավմամբ, ինչպես նաև բավարարել տուժողների քաղհայցերը: Մեղադրական ճառում մասնավորապես ասվում էր, որ Արթուր Անդրեասյանի գործողությունների արդյունքում տուժել է 7 քաղաքացի, որոնցից ոմանք հայտնվել են սոցիալապես ծանր վիճակում: Որպես ամբաստանյալի պատժի մեղմացուցիչ հանգամանք` մեղադրող դատախազը նշեց այն, որ նրա խնամքի տակ է գտնվում մինչև 14 տարեկան երեխա, նա վատառողջ է և երկու անգամ ինսուլտ է տարել:
Դատարանի կողմից հայտարարված ընդմիջումից հետո նախագահողը հարցրեց պաշպանական կողմին` պատրաստ են ճառին, թե ոչ, ինչին բացասական պատասխան տրվեց: Անդրեասյանի պաշտպան Մնացական Սարգսյանը ժամանակ խնդրեց պաշտպանական ճառին պատրաստվելու համար: Հաջորդ նիստը կկայանա ապրիլի 30-ին:
Հիշեցնենք, որ Արթուր Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում հայտնվելով փաստացի անվճարունակ վիճակում, 2010թ. հունիսին որոշել է ՀՀ ԿԱ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու Երևան քաղաքում այդ ժամանակ գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված իր անձի նկատմամբ շրջապատում ձևավորված վստահության շահարկմամբ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու և դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները և ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ։