ԱԶԱՏԻՉԻՆ ԽԱԲՈՒՄ ԵՆ՝ ԴԵՐՈ՛, ԼԻ՛Ց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ կառավարությունում շաբաթ օրը անցկացված հատուկ խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանի խիստ ելույթը հիշեցնում էր նախընտրական էժանագին շոու ներկայացում, բայց նաեւ եղան ուշագրավ բացահայտումներ: Սարգսյանը խոստովանեց, որ իրեն խաբում են ամեն քայլափոխի. պարզվում է՝ չորս տարի շարունակ ինքը դժգոհ է եղել Տիգրան Սարգսյանի վարած քաղաքականությունից, ամեն անգամ նրան այդ մասին զգուշացրել է, բայց վարչապետն ամեն անգամ խաբել է, թե շատ շուտով ինքը կուղղվի ու դրական արդյունքներ կգրանցի: Ս. Սարգսյանն էլ այնքան է խաբվել, որ Տ. Սարգսյանին վերանշանակել է վարչապետի պաշտոնում: Ս. Սարգսյանին խաբել են նաեւ կենսաթոշակային համակարգի հետ կապված, երբ ինքը «տասն անգամ» ասել է՝ ոլորտը կարգավորե՛ք, բոլորը հավաստիացրել են՝ «կարգին ա, էստեղ բան չկա», հետո բացահայտվել է Վազգեն Խաչիկյանի թալանի սկանդալը: Նկատենք, որ այս շոուի կազմակերպիչներն այնքան էին «աշխատել» ներկայացման վրա, որ մոռացել էին պահպանել էթիկայի տարրական նորմերը. կառավարության «շատ բացասական» աշխատանքից ցնցված ու զայրացած Ս. Սարգսյանը վարչապետին ու նախարարներին դիմում էր անուններով՝ Տիգրան, Սամվել, Սեյրան, Դերո (վերջինս առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն է). նրանք հարկ էլ չհամարեցին ոտքի կանգնել ու լսել նրա նախատինքները: Տպավորությունն այնպիսին էր, որ տղերքով «բլոտ» են խաղում, իսկ սեղանին պակասում էին խեցգետինն ու գարեջուրը, որպեսզի Սարգսյանը հորդորեր, թե` «Դերո՛, լի՛ց…»:




Լրահոս