ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԵՐԻՔ Է
«Պահանջում ենք պատժել «Հարսնաքար»-ում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան խմբում Վերոնիկա Ավետյանը գրում է. «Այս մթնոլորտում ապրելն ուղղակի անտանելի է… Երբ տանից դուրս ես գալիս ու չգիտես՝ կվերադառնաս արդյոք, թե կարող է ինչ-որ մեկի շանը դուր չգաս, եւ տեղում կնքես մահկանացուդ…. կոչ ողջ աշխարհի հայությանը՝ միացե՛ք մեզ, թող արդարությունը գեթ մեկ անգամ ժպտա, հերիք է այսքան արյուն, հերիք է այսքան արցունք, հերիք է: Մենք ուզում ենք արժանապատիվ ապրել: Մենք ուզում ենք, որ բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց իրավունք են վերապահում մարդկային կյանք խլելու, ստանան արժանի պատիժ»։

ՄԵ՜ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ
«Առավոտ»-ի տեղեկացմամբ՝ նախօրեին Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր ընտանիքին պատկանող «Գյումրի» գարեջրի գործարանի ռեստորանում քեֆ-ուրախություն է կազմակերպել` տոնելով իր հաղթանակը: Ըստ մասնակիցների՝ Բալասանյանը մատաղ է արել ու իրեն սատարած գյումրեցի բոլոր տղամարդկանց` անկախ կուսակցական պատկանելությունից, հրավիրել: Արդյունքում հրավիրված 250-300 հոգու մեջ ՀՀԿ-ականներն ավելի շատ են եղել, քան ԲՀԿ-ականները: Ի դեպ, Գյումրու նորընտիր քաղաքապետը, ի նշան հետագա համագործակցության, հրավիրել է նաեւ Արթիկի նորընտիր քաղաքապետ ՀՀԿ-ական Արսեն Աբրահամյանին:  

ԶԻԲԻԼԻ ԱՎՏՈՅԱԿՌԻՎ
Վայոց ձորի նորանշանակ մարզպետ ՀՀԿ-ական Էդգար Ղազարյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում ուղեկցում է Եղեգնաձորի քաղաքապետի թեկնածու առաջադրված, գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Սիրեկան Բաբայանին: Մարզպետն իր ելույթներում խիստ քննադատության է ենթարկում իր նախորդին՝ Սերգեյ Բագրատյանին, որը ԲՀԿ-ն էր ներկայացնում: «Եթե ձայն տվեցիք ԲՀԿ-ին, ձեզ մի հատ զիբիլի ավտո է տալու: Ընտրություններից երկու օր առաջ փուչիկներ կկապեն վրան, իրենք էլ մի 30 «Ջիփ»-երով կընկնեն հետեւից, կգան, դեմը կկանգնեն, կերգեն, կպարեն, զիբիլի ավտոն կտան ու կգնան»,-հանդիպումներից մեկի ժամանակ ասել է Է. Ղազարյանը: «Առավոտ»-ի հետ զրույցում մարզպետը հաստատել է, որ ոչ աշխատանքային ժամերին ինքն իսկապես ուղեկցում է Ս. Բաբայանին: Նաեւ չի հերքել, որ քննադատական խոսքեր է հնչեցրել նախկին մարզպետի եւ ԲՀԿ-ի հասցեին. «Քննադատությունս էլ ոչ թե վերաբերվում է անձնապես նախկին մարզպետին, այլ, ես այսպես եմ հիշում իմ ելույթներում, որ կոալիցիոն համաձայնագրով մեր մարզը ղեկավարելու իրավասությունը վերապահվել է ԲՀԿ-ին շուրջ հինգ տարի: Այդ ընթացքում երկու տարբեր մարդիկ են եղել մարզպետեր: Ես համեմատության մեջ եմ դնում ԲՀԿ-ի կարգախոսը՝ «Միասին կառուցենք բարգավաճ երկիր»՝ իրականության հետ»:

ՊԱՏՐԱՍՏ Է ՆՍՏԵԼ
ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը զարմացած է Նյու Յորքի դաշնային դատարանի` իր դեմ  37,5 մլն դոլարի վճիռ կայացնելու մասին  տեղեկություններից: Երեկ նա լրագրողներին ասել է, որ  այդ դատական գործընթացը սկսվել է դեռեւս 2008թ., եւ տարիներ շարունակ իրեն փորձել են դարձնել արբիտրաժային կողմ, սակայն միջազգային արբիտրաժը մերժել է այդ «անհեթեթ որոշումը»: «Նույն հաջողությամբ ինձ Թուրքիայում կարող են դատել: Վարդան Այվազյանը չի գործել որպես ֆիզիկական անձ, այլ բնապահպանության նախարար, երկիրը փրկել է թալանից»,-հավաստիացրել է նա՝ առաջարկելով այդ գործը բերել քննել Հայաստանի դատական ատյաններում կամ Եվրոպական դատարանում: Այվազյանը պնդել է, որ մինչեւ այժմ չի ստացել որեւէ դատավճիռ եւ առաջին հերթին փորձելու է ծանոթանալ այդ դատավճռին, ապա նոր միջոցներ ձեռնարկել: «Թե մեղավոր եմ, կգնամ հուր-հավիտյան նստելու»,-ասել է Այվազյանը:




Լրահոս