ՀՀԿ-Ն ԴԱՇՏՆ ԱԶԱՏ Է ԹՈՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 23-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում համայնքապետ է ընտրվելու: Բերդը՝ նախկին Շամշադինը, այն եզակի քաղաքներից է, որտեղ ՀՀԿ-ն դաշտն ազատ է թողել ու որոշում չի կայացրել, թե ում է պաշտպանելու: Նշենք, որ այստեղ առաջադրվել են ԲՀԿ-ական Հմայակ Ադամյանն ու երկու ՀՀԿ-ական՝ գործող քաղաքապետ Անդրանիկ Շառյանն ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր»  ընկերության Բերդի տարածքային մասնաճյուղի տնօրեն Հարություն Մանուչարյանը:
Բերդի գործող քաղաքապետ Անդրանիկ Շառյանի խոսքով՝ ինքը տասը տարի է, ինչ քաղաք է ղեկավարում: Հանրապետական է եւ մեզ հետ զրույցում նշեց, որ կուսակցությունն իրեն է պաշտպանում եւ ոչ թե մյուս թեկնածուին: Երբ վերջինիս հիշեցրինք ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի պաշտոնական հայտարարությունը, որ այն համայնքներում, որտեղ երկու կուսակցական է առաջադրվել, ապա ազատ մրցակցություն է, քաղաքապետն ասաց. «Չգիտեմ՝ ով ինչ ա ասել, սակայն մարզպետը որոշել է ինձ պաշտպանել»: Իսկ հարցին, թե այդ դեպքում ինչու հենց իր շտաբը չի տեղակայվել ՀՀԿ տարածքային գրասենյակում, որտեղ տեղակայված է հանրապետական մյուս թեկնածուի շտաբը, քաղաքապետը դժվարացավ պատասխանել:
Ըստ բնակիչների՝ անցած տարիներին քաղաքապետը սեփականաշնորհել է բոլոր տարածքները՝ խանութներ, մանկական խաղահրապարակը, նախկին դատարանի շենքը, կինոյի շենքը, մայթերի մի մասը, մանկական զբոսայգին,  զոհված ազատամարտիկների եւ պատերազմի վետերանների հուշահամալիրի տարածքը եւ այլ օբյեկտներ: Ավելին, այդ տարածքների մի մասն էլ տվել է դատական եւ ազգային անվտանգության ծառայության Բերդի տարածքի աշխատակիցներին` բարեկամների անուններով, որպեսզի կեղծիքները ջրի երես չհանեն: «Դե, եթե դատավորի կամ էն մյուսի բարեկամը մի տարածք ունի, մարդը միլիոն տարի աշխատել ա, չունենա՞»,-չհերքեց նա: «Իսկական շառ ա քաղաքի համար, մեզ պետք չի նման քաղաքապետ,-ասաց զոհված ազատամարտիկի մայր Անահիտը.-մանկապարտեզում եմ աշխատում, ինձ կրճատեց, քանի որ անցած ընտրություններում ամուսինս իրա դեմ էր դրել: Բա դա մարդ կոչվելու իրավունք ունի՞»:
Ի դեպ, պատմում են, որ անցած ՏԻՄ ընտրություններին ընտրողները քվեարկել են Անահիտի ամուսնու՝ ներկայիս ԲՀԿ-ական թեկնածու Հմայակ Ադամյանի օգտին, սակայն Տավուշի մարզպետի թեթեւ ձեռքով արդյունքները փոխվել են:
«Հայէլցանցեր»-ի Բերդի մասնաճյուղի տնօրեն ՀՀԿ-ական Հարություն Մանուչարյանից քաղաքի բնակիչները դժգոհ չեն: Համարյա բոլորն են նույնն ասում. «18 տարի ա՝ մի հիմնարկ ա ղեկավարում, աշխատողներին էլ լավ ա պահում: Ուրիշ բան չենք լսել: Աշխատող մարդ ա,  Բերդում միշտ ներդրումներ ա անում, փողոցներն ա նորոգել»: Իր նախընտրական ծրագրում նա նշել է, որ նոր աշխատատեղեր կստեղծի, կկանխի արտագաղթը: Նաեւ  սոցիալական լուրջ ծրագրեր է ուզում իրականացնել Բերդում հանրային անտարբերությունը վերացնելու, բարոյահոգեբանական մթնոլորտը փոխելու նպատակով: «Այսօր քաղաքը քաղաքապետը չի ղեկավարում, ինքը աշխատանքի չի գնում, մինչեւ ժամը մեկը քնած է, մեկից հետո էլ հանգստանում է»,-կեսկատակ-կեսլուրջ նշեց զինվորական Հայկ Ծատուրյանը: Վերջինս համոզված է, որ Մանուչարյանը լավ քաղաքապետ է լինելու:
Հարցին, թե ինչպես է վերաբերում այն խոսակցություններին, որ մարզպետ Ղուլարյանն այլ թեկնածուի է սատարում, Հ. Մանուչարյանն ասաց. «Ես չգիտեմ՝ մարզպետը ինչ է հայտարարել, ում է սատարում: Դա ինձ առանձնապես չի հետաքրքրում: Սակայն մի բան հաստատ գիտեմ, որ իմ կուսակիցները ինձ հետ են, եւ ոչ միայն նրանք. ՕԵԿ-ից, ՀՅԴ-ից, ՀԱԿ-ից, ԲՀԿ-ից ինձ մտերիմ բավական մարդիկ կան կանգնած, ու այս անգամ Բերդի ժողովուրդն է ընտրելու իր քաղաքապետին: Ես դրանում կասկած չունեմ»:
ԲՀԿ-ական թեկնածու, մանկաբույժ Հմայակ Ադամյանի մասին Բերդի բնակիչները մի բան միայն ասացին՝ լավ բժիշկ է: «Ինչ է անում քաղաքապետը՝ չենք իմանում, հո մեր երեխաներին չե՞նք տանի քաղաքապետարան, ասենք՝ պարո՛ն քաղաքապետ, ստուգի կամ, ասենք, հղիներին «էխո» արա»,-ասացին մեր զրուցակիցները:
Ինքը՝ թեկնածուն, չի կարծում, որ բժիշկն անկարող է քաղաքապետ աշխատել. «Իմ կարծիքով՝ դրանք փոխկապակցված են ու կօգնեն քաղաքն ավելի լավ ղեկավարելուն»: Նա հատուկ նախընտրական ծրագիր է ներկայացրել ընտրողին: Նախագծերը շատ են, բայց նախ եւ առաջ քաղաքի մուտքը կբարեկարգի, Բերդի խորհրդանիշի համար մրցույթ կհայտարարի: Բոլոր թեկնածուներին լուրջ մրցակից է համարում, կարծում է՝ կհաղթի արժանավորը: Այն հարցին, թե Տավուշի մարզպետի՝ գործող քաղաքապետին պաշտպանելու մասին որոշման վերաբերյալ ինչ է մտածում, ասաց. «Թող այն թեկնածուն մտածի, որին մարզպետն է պաշտպանում»:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ
R




Լրահոս