ՋՈՒՐԸ ՄԻԱՑՐԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր մշտական ընթերցող Լեռնիկ Այվազյանը, որը ժամանակավորապես գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, օրերս զանգահարել էր խմբագրություն եւ տեղեկացրել, որ անհիմն կերպով դադարեցրել են իր տան ջրամատակարարումը:
 ««Ժողովո՛ւրդ» ջան, էս անօրեն երկրից գնացի, էլի չպրծա: Էդ «Ջրմուղ»-ի տեսուչը գնացել է մեր տուն եւ կնոջս ասել, թե մենք ապօրինի ջուր ենք օգտագործում: Ա՛յ ցավդ տանեմ, ո՞նց է ապօրինի, երբ ես ջրի շյոչիկ ունեմ, ջուրն օգտագործում եմ եւ պարտաճանաչ վճարում: Եթե հսկիչը ամեն ամիս եկել է, փողը տարել, էլ դրա գողանովին ո՞րն է»,-ասում է ՌԴ-ից մեզ զանգահարած Արագածի բնակիչ Լեռնիկ Այվազյանը:
Փորձեցինք պարզել, թե արդյոք դադարեցվել է Այվազյանի տան ջրամատակարարումը, եւ ինչով է այն հիմնավորված: Լեռնիկի կինը՝ Անահիտը, պատմեց, որ մի խումբ «ջրի հսկիչներ» այցելել են իրենց բնակարան, նայել ջրի հաշվիչի ցուցմունքն ու պահանջել վճարման անդորրագրերը: Այնուհետեւ տիկնոջն ասել են, որ չնայած անդորրագրերն առկա են, սակայն  «դրանք իրենց համակարգչում չեն երեւում»: Պատճառ են բռնել, որ հաշվիչը կապարակնքված չէ,  ու դադարեցրել են ջրամատակարարումը:
Վաղարշապատի ջրային տնտեսության աշխատակից Էդիկ Եղիազարյանը, որը սպասարկում է Արագած համայնքը, ասաց, որ տեղյակ չէ, թե ինչու են կտրել Լեռնիկի ջուրը, խոստացավ «տեղեկանա ու «Ժողովուրդ»-ին տեղեկացնի»: Երեք օր տեսուչի պատասխանին սպասելուց հետո անձամբ զանգահարեցինք Եղիազարյանին եւ մեկնաբանություն խնդրեցինք: Վերջինս շատ ագրեսիվ տոնով ասաց. «Ջուր է ծախսել, թող փողը տա»: Երբ նշեցինք, որ բաժանորդն ունի համապատասան անդորրագրեր, զարմացավ. «Ի՜նչ էլ տեղ ա գտել, զանգել ձեզ ա ասել: Ասում ա՝ փողը տվել ա: Բա մի տարվա մեջ էդ գումարը խի՞ համակարգիչ չի մտել»: Իսկ մեր հարցին, թե ինչու ինքը՝ որպես հսկիչ, օրենքով սահմանված կարգով երեք ամիսը մեկ անգամ չի այցելել բաժանորդին եւ չի պահանջել գումարը, նշեց. «Ինքը պիտի գար ինձ տեղեկացներ, ինքն է շահագրգիռ, ես ի՞նչ… պիտի խնդրեի՞, որ իր ջրի վարձը տա կամ հաշվիչ պլոմբելու համար դիմում գրի»:
«Թող իմ չեկերը նայեն: Եթե մեկը կա, որ ինձ ասի՝ ես իմ ջրի համար վարձ չեմ տվել, ես պատրաստ եմ պարտքի կրկնակին վճարել, միայն թե ընտանիքիս չնեղացնեն»,-պարտավորվում է  Լեռնիկ Այվազյանը:
Ամեն դեպքում, վիճահարույց խնդիրը լրացուցիչ պարզաբանման կարիք ունի: Բաժանորդը ապացուցում է, որ ջուր սպառել է օրինական կարգով եւ օրինական էլ վճարել է հաշվիչի ցուցմունքով նախատեսված գումարը: Մինչդեռ հսկիչը հրաժարվում է. «Ես եմ իրենց տեսուչը, ինձ փող չի տվել»:
Իսկ երեկ Լեռնիկի կինը հեռախոսով տեղեկացրեց, որ առանց որեւէ հիմնավորման  վերականգնել են իրենց ջրամատակարարումը: «Ո՛չ լրացուցիչ գումար եմ տվել, ո՛չ էլ հաշվիչը պլոմբել են, բայց ջուրս միացրել են»,-ասաց նա:

Ս. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս