Այսօր` ապրիլի 3-ին, ՀՀ Արդարադատության նախարարությունը և Ազգային վիճակագրական ծառայությունը համագործակցության մասին հուշագիր ստորագրեցին: Այն ուղղված է ԱՎԾ ՔԿԱԳ միասնական էլեկտրոնային կառավարման համակարգից տվյալները թղթային տարբերակի փոխարեն էլեկտրոնային եղանակով տրամադրելուն և վերջինիս վիճակագրական տվյալների մասով հասանելիությունը ապահովվելուն:
Հուշագիրը ստորագրեցին նախարար Հովհաննես Մանուկյանն ու ԱՎԾ նախագահ Ստեփան Մնացականյանը: Նախարար Հովհ. Մանուկյանի խոսքով, համագործակցության հուշագիրը կնպաստի երկու կառույցների միջև փաստաթղթաշրջանառության դյուրացմանը, փաստաթղթային շրջանառության ընթացքում սխալների և բացթողումների բացառմանը, պետական բյուջեից կատարվող ծախսերի կրճատմանը:
Հուշագրի ստորագրումից հետո Արդարադատության նախարարար Հովհաննես Մանուկյանը ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ:
Հարցին` կհայտարարվի՞ արդյոք համաներում Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, նախարարը պատասխանեց, որ այդ որոշումը կայացնելը ՀՀ նախագահի սահմանադրական իրավունքն է, և ինքն այդ հարցին պատասխանել չի կարող: Իսկ հարցին` հիմա անհրաժեշտություն տեսնո՞ւմ է համաներում հայտարարելու, Հովհաննես Մանուկյանը պատասխանեց. «Ես չեմ այն անձը կամ սուբյեկտը, որը պետք է դրա անհրաժեշտությունը տեսնի»: