Գագիկ Ծառուկյանի «դահիճը» հավակնում է դառնալ քաղաքապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարապետ Գուլոյանի` Կոտայքի մարզպետ նշանակվելուց հետո Աբովյանի քաղաքապետի պաշտոնը մնաց թափուր: Ըստ աբովյանցիների՝ այդ պաշտոնի առայժմ միակ հավակնորդը «Քինգ դե լյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանը՝ Պալաչն է, որն արդեն երկար տարիներ է` ինչ պայքարում է քաղաքապետի պաշտոնի համար: «Ժողովուրդ»-ը զրուցել է Արթուր Հարությունյանի հետ՝ պարզելու համար, արդյո՞ք նա պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել:

-Պարո՛ն Հարությունյան, պատրաստվո՞ւմ եք Ձեր թեկնածությունն առաջադրել Աբովյանի քաղաքապետի պաշտոնում:

-Այո՛, ես առաջադրվելու եմ, ինքնաառաջադրվելու եմ և ասեմ, որ վստահ եմ իմ հաղթանակի հարցում:

-Իսկ  ի՞նչն է  Ձեզ  նման  վստահություն տալիս, գուցե  արդեն պայմանավորվածությո՞ւն  ունեք  իշխանությունների  հետ:

-Ես ապրում եմ Աբովյան քաղաքում, շփվում եմ մարդկանց հետ, մեր կողմնակիցների բանակը շատ է, մենք էլ գործ ենք անում, աշխատում ենք, ունենք հարգանք, ամենօրյա մարդկային շփում, դրանից էլ ենթադրում եմ, որ ամեն ինչ ի օգուտ մեզ է լինելու: Կառաջադրվեն թեկնածուները, ու ամեն ինչ պարզ կլինի, կորոշվի, թե ում են պաշտպանում: Ես բոլորի հետ էլ շատ լավ հարաբերություններ ունեմ, ես սովորական գործարար եմ, աշխատում եմ այս երկրի բարօրության համար:

-Ըստ Ձեզ՝ ովքե՞ր կպաշտպանեն Ձեր թեկնածությունը:

-Մեր երկրի իշխանությունները պաշտպանում են բոլոր քաղաքական մտածելակերպ ունեցող, նորմալ աշխատող մարդկանց, ես չեմ կարող ուրիշների փոխարեն պատասխանել հարցերին, ես փորձելու եմ անել ամեն ինչ, որպեսզի այս քաղաքում ամեն ինչ շատ լավ լինի:

-Իսկ ի՞նչ փոխհարաբերություններ ունեք նորանշանակ մարզպետ Կարապետ Գուլոյանի հետ:

-Շատ նորմալ փոխհարաբերություններ ունենք, ես նորանշանակ մարզպետի հետ որեւէ խնդիր չունեմ, չեմ էլ ունեցել:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս