Արսեն Սաֆարյանը` «հրաշագործ» դառնալու, աղքատիկ համերգների և հիմար սենսացիաների մասին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ Արսեն Սաֆարյանն այս տարի իր հանդիսատեսի համար նախատեսել է մի շարք ստեղծագործական ծրագրեր, որոնց մասին պատմել է «Ժողովուրդ»-ին: Նա անդրադարձել է Հայաստանում համերգային ծրագրերի սակավության, էկրաններից հորդող ջերմության պակասության պատճառներին: Երգիչը պատմել է նաեւ գեղարվեստական ֆիլմում առաջին անգամ հանդես գալու եւ հրաշագործի իր կերպարի մասին:

DSC_9223

-Արսե՛ն, այս տարի ստեղծագործական ի՞նչ ծրագրեր ունեք: Երկրպագուները մենահամերգի սպասե՞ն:

-Ունեմ մի ստեղծագործություն, որը կոչվում է «Վերադարձի՛ր քո տուն», մտադիր եմ դրա հիման վրա տեսահոլովակ նկարահանել: Հիմա բանակցություններ են տարվում Եվրոպայում, ԱՄՆ-ում շրջագայություններով հանդես գալու շուրջ: Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մի քանի երկրներում հանդես գալու մեծ ցանկություն ունեմ: Ինչ վերաբերում է մենահամերգին, պետք է նկատել, որ դա այսօր շռայլության դրսեւորում է համարվում, դժվար ու թանկ տրվող մի բան: Թեպետ ես վերջիններից եմ, ով ներկայացել է մենահամերգով: Այսօր, առհասարակ, համերգների թիվը նվազել է. պատճառներից մեկը դահլիճների վարձույթի համար պահանջվող անհիմն բարձր գներն են, լուսային էֆեկտների ու ձայնային ապարատուրայի ապահովումը եւս թանկ արժի…Ամեն բան տանում է նրան, որ ունենանք աղքատիկ համերգներ, թեպետ եթե դա էլ ունենանք, էլի լավ կլինի, մեր ավագ սերունդը ավելի վատ պայմաններում է կարողացել ելույթ ունենալ: Այսօր փայլով այլեւս չես զարմացնի հանդիսատեսին, ուրեմն պետք է երգով զարմացնես:

-Դուք այն եզակի երգիչներից եք, ով երբեւէ չի շեղվել իր կողմից նախանշված երաժշտական ուղուց. դժվար չէ՞:

-Չէ, ինձ մոտ ինքնաբերաբար այդպես ստացվել է, այլ բան չէի էլ ցանկանա, գուցե եթե հակառակն անելու լինեի, պետք է ավելի շուտ անեի: Իհարկե, ես էլ եմ մի քանի կոմերցիոն նախագիծ իրականացրել, սակայն 180 աստիճան փոփոխության չեմ դիմել, եւ հուսով եմ, որ ամեն բան արվել է ճաշակով:

-Առաջին անգամ Ձեր ուժերը փորձել եք նոր ոլորտում, նկարահանվել եք գեղարվեստական ֆիլմում, որը կոչվում է «Երազանք 19:27»: Սա Ձեզ համար նոր աշխարհ բացահայտելու ուղի՞ էր, թե՞ գումար վաստակելու միջոց:

-Միշտ հաճելի է երկուսը համատեղել. այս պարագայում այդպես էլ եղավ: Այնպես չէ, որ այս հարցում իմ մոտեցումը շատ սկզբունքային էր, պարզապես գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու փոքրիկ երազանք ունեի, որը կատարվեց: Ինձ համար շատ հաճելի էր աշխատել հետաքրքիր, դժվարին այդ աշխարհում, որտեղ պետք է կարողանալ կամ չկարողանալ: Ֆիլմը հումորային բնույթ ունի, իսկ ես մարմնավորում եմ խորհրդավոր մի կերպարի, համարյա հրաշագործի, ով իրականացնում է մարդկանց երազանքները: Թե ինչպիսին է արդյունքը, պետք է վճռի հանդիսատեսը:

arsen

-Արսե՛ն, մարդիկ հաճախ են դժգոհում, որ տարիներ առաջ էկրանից հորդող այն ջերմությունը, որ տալիս էին նաեւ երգիչները, այսօր արդեն նվազել է, ինչո՞ւ:

-Դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Շատ բան կախված է նաեւ զանգվածային լրատվական միջոցներից: Այդ ջերմությունն ապահովելու համար որակյալ երաժշտության պրոպագանդման դերը մեծ է, իսկ մեդիաներն այնքան էլ ժամանակ չեն տրամադրում դրան, փոխարենը զբաղված են հիմար տեղեկություններ տարածելով, փորձում են ստեղծել շոկային իրավիճակներ: Ով, օրինակ, հանվում է, նրա մասին նյութ են գրում` անտեսելով կարեւոր թեմաները:

-Կարծում եք` դա միայն լրատվական դաշտի որդեգրած քաղաքականության արդյո՞ւնքն է, իսկ մյուս ոլորտների էժանագին լինելը չե՞ք նկատում, հենց թեկուզ Ձեր ոլորտի:

-Այն, ինչ ասում եմ, բոլորիս է վերաբերում, փորձենք տալ լավ բան, որ դրա դիմաց էլ լավը ստանանք, կյանքի օրենքն է այդպիսին: Կարծում եմ` մեր ազգային տեսակով մենք տարբերվում ենք եւ կարող ենք սենսացիաների հետեւից չընկնել: Ասածս այն է, որ ինֆորմացիոն դաշտը նաեւ կրթող դաշտ է, իսկ մենք լրիվ վերացել ենք դրանից, մեր աչքերի մեջ միայն դոլարի նշաններ են…

-Դուք երկու զավակ ունեք, ո՞րն է հայրիկի առաջին խորհուրդը իր երեխաներին:

-Խելացի լինել, ամեն բան չսովորել, գիրք կարդալ, հիմար հերոսներով մուլտեր չդիտել: Ուզում եմ հետագայում երեխայիս տեսնել այնպիսին, որ հանկարծ ինքս չամաչեմ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս