Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքում իրականացվում են բարեկարգման ու կանաչապատման աշխատանքներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայցի շրջանակում ծանոթացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շուրջ 108 հա տարածքում իրականացվող բարեկարգման ու կանաչապատման աշխատանքների ընթացքին: Համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում իրականացվում են ճեմուղիների քայքայված հատվածների վերականգնման, ոռոգման և գազաբաշխիչ ցանցերի խողովակների ներկման, անտառպուրակային հատվածի մաքրման, կանաչ տարածքների ճմապատման, սիզամարգերի թարմացման ու ծաղկապատման աշխատանքներ:

Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ արդեն իսկ ամբողջությամբ վերակառուցվել ու թարմացվել է Ծիծեռնակաբերդի խճուղուց հուշահամալիր բարձրացող մայր ճանապարհը և Մարզահամերգային համալիրից Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհահատվածը: Ամբողջությամբ փոխվել են նաև ճանապարհահատվածների քայքայված եզրաքարերը: Զեկուցել է նաև, որ հուշահամալիրի ողջ տարածքում արդիականացվել է արտաքին լուսավորության համակարգը, ներկվել ու թարմացվել են նստարանները, տեղադրվել շուրջ 150 նոր աղբաման:

Նաև նշվել է, որ կառուցվել են թեքահարթակներ՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար հուշահամալիրի տարածքը համարեցնելու նպատակով, իսկ տարածքը միջանցիկ երթևեկից զերծ պահելու նպատակով շարունակվում են արգելափակող նոր սյուների տեղադրման աշխատանքները:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա հսկողության տակ պահել բարեկարգման և կանաչապատման աշխատանքների ընթացքն ու սահմանված ժամկետներում դրանց ավարտման ապահովումը: Շրջայցի շրջանակում քաղաքապետին են ներկայացվել նաև հուշահամալիրի տարածքում տեղադրված 21 նոր ցայտաղբյուրները:

Ի դեպ, ինչպես ցայտաղբյուրների տեղադրումն, այնպես էլ հուշահամալիրի տարածքում երկու նոր հասարակական սանհանգույցների կառուցումն իրականացվել է «Երևան Ջուր» ընկերության կողմից:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս