Արդյունաբերության անկումը շարունակվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին արդյունաբերությունն անցած տարվա համեմատ նվազել է 1,8 տոկոսով: Սակայն, եթե հաշվի առնենք, որ հրապարակված տվյալներում արդյունաբերությունը ներկայացված է ըստ արտադրանքի ընդհանուր գնի, ապա կարելի է ասել, որ արտադրանքի ծավալներով անկումն ավելի մեծ է եւ այն մեղմվում է մի շարք ոլորտներում արձանագրված գնաճների շնորհիվ:

Մասնավորապես, էլեկտրական էներգիայի ոլորտում անցած տարվա օգոստոսի 1-ից մոտ 10 տոկոսի թանկացումներ եղան, ինչի արդյունքում էլէներգիայի արտադրության անկումն անցած տարվա համեմատ, ըստ արտադրանքի գնի, որոշակի մեղմանում է: Իսկ էլէներգիայի արտադրության ծավալներն (կիլովատ ժամի հաշվարկով) անցած տարվա համեմատ նվազել է 16,6 տոկոսով: Էլէներգիայի արտադրությունն ընդհանուր տնտեսության հիմնական ցուցիչն է: Այսինքն՝ եթե էլէներգիայի արտադրության ծավալների անկումն այդքան կտրուկ է, ապա ընդհանուր արդյունաբերության անկումը նույնպես կտրուկ է եղել:

Ինչեւէ, ուշագրավ է արդյունաբերական արտադրանքի իրացման տվյալները, ըստ որոնց՝ ԱՊՀ երկրներում իրացված արտադրանքի ծավալներն անցած տարվա համեմատ նվազել են 33,4 տոկոսով, 2014-ին եղել է 11 միլիարդ 39 միլիոն դրամ, այս տարի՝ 7 միլիարդ 352 միլիոն, անկումը կազմել է 3 միլիարդ 687 միլիոն: Այլ երկրներում հայկական արդյունաբերության արտադրանքի ծավալները նվազել են 1,4 տոկոսով. 2014-ին եղել է 55 միլիարդ 397 միլիոն դրամ, այս տարի` 54 միլիարդ 607 միլիոն: Արդյունաբերության առանձին ոլորտներում, այնուամենայնիվ, աճ արձանագրվել է, ինչպես միշտ հիմնական ցուցանիշ ապահովողը եղել է հանքարդյունաբերության բնագավառը, որտեղ այս տարվա առաջին երկու ամիսներին արձանագրվել է 7,2 տոկոսի աճ:

Ի դեպ, հետաքրքիր է նաեւ այն փաստը, որ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին կտրուկ աճել է ցեմենտի արտադրությունը: Անցած տարի նշված ամիսներին արտադրված է եղել 16 հազար 700 տոննա, իսկ այս տարի արտադրվել է 32 հազար 300 տոննա, որից 30 հազար 300 տոննան արտադրվել է հենց փետրվարին: Ենթադրվում է, որ ցեմենտի արտադրության նման կտրուկ աճի պատճառը փետրվարի քաղաքական իրադարձություններն են: Ինչպես հայտնի է՝ ցեմենտն արտադրում է Արարատի ցեմենտի գործարանը (Հրազդանի գործարանը վաղուց չի գործում եւ նոր արտադրանք չի թողարկում):

Արարատի ցեմենտի գործարանը պատկանում է ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, եւ ինչպես հայտնի է՝ փետրվարի 12-ին, երբ Սերժ Սարգսյանը նրա դեմ «խաչակրաց արշավանք» էր սկսել, հրահանգել էր ստուգել Ծառուկյանին պատկանող բոլոր ձեռնարկությունները: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի հայտարարած պատերազմում մինչ այն պահը, երբ Գագիկ Ծառուկյանը փետրվարի 18-ին «կապիտուլացիա» կհայտարարեր, չէր բացառվում, որ նրա ձեռնարկությունները հարկային ծառայության կողմից սկսած ստուգումների արդյունքում կարող են փակվել: Ուստի, եթե որոշվեր, որ «Արարատցեմենտը» պետք է ցեմենտ պահեստավորի, եւ ձեռնարկությունը գործարկեին ողջ հզորությամբ` օրական մոտ 6 հազար տոննա, ապա նշված հինգ օրում կհասցնեին հենց 30 հազար տոննա ցեմենտ արտադրել:

Այսինքն՝ առավել հավանական է, որ «Արարատցեմենտը» ցեմենտի արտադրությունը կտրուկ ավելացրել է, քանի որ գործարանի տնօրինությունը մտավախություն է ունեցել, որ ինչ-որ ժամանակով արտադրությունը կարող է դադարեցվել, իսկ երբ արդեն հասկացել են, որ իզուր են խուճապի մատնվել, արդեն ուշ է եղել: Ցեմենտի արտադրության ծավալների նման կտրուկ աճն այլ բացատրություն չի կարող ունենալ, քանի որ շինարարության ծավալներն այս տարվա առաջին երկու ամիսներին անցած տարվա համեմատ աճել է 5 տոկոսով: Կասկածից վեր է, որ մարտին ցեմենտի արտադրության ցուցանիշը կլինի անհամեմատ համեստ, քանի որ ստիպված են լինելու սպառել պահեստավորված արտադրանքը:

Բոլոր ապրանքներից մեկի` հացի արտադրության ծավալներն առանձին հետաքրքրություն են ներկայացնում, քանի որ անմիջական արտացոլում են Հայաստանի բնակչության թվի փոփոխությունը: Ըստ այդմ, այս տարվա առաջին երկու ամիսներին անցած տարվա համեմատ արտադրվել է 1,7 տոկոսով պակաս հաց: Այսինքն՝ եթե հիմք ընդունենք այն հանգամանքը, որ 2014-ի սկզբին, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանի մշտական բնակչությունը եղել է 3 միլիոն 17 հազար 100 հոգի, եւ նրանց համար արտադրվել է կոնկրետ թվով հաց, ապա 1,7 տոկոսով հացի արտադրության անկումը ենթադրում է, որ բնակչության թիվն էլ, ըստ այդմ, նվազել է: Երբ այս մոտեցումը վերածում ենք կոնկրետ թվերի, ստացվում է, որ 2014-ի տարեսկզբի համեմատ 2015-ի մարտի սկզբին Հայաստանի բնակչության թիվը նվազել է մոտ 51 հազարով: Բավական է նշենք, որ 2015 թվականին Հայաստանի սահմանը հատած եւ չվերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը կազմել 47 հազար մարդ:

Այսինքն՝ այլեւս կարող են առանց երկմտելու արձանագրել, որ անցած տարի Հայաստանից արտագաղթել է մոտ 50 հազար մարդ: Արտագաղթի այս տարվա թվերը եւս մեծ կլինեն, քանի որ Հայաստանի իշխանությունները շարունակում են ամեն ինչ անել, որպեսզի ՀՀ քաղաքացին փախչի իր երկրից:

Վահագն Հովակիմյան




Լրահոս