«Երեխայի պես միամիտ էր Շերենցը». դերասանի 102-ամյակն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամիսներ առաջ էր, երբ հանդիպեցինք ՀՀ վաստակավոր արտիստ, երջանկահիշատակ Կարեն Ջանգիրովի հետ, ով մեզ պատմեց դերասանական աշխարհի մեծերի կյանքից մի քանի բացառիկ, քիչ հայտնի դրվագների մասին: Նա հատկապես ջերմությամբ էր խոսում ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ազատ Շերենցի մասին, «Երեխայի պես միամիտ մարդ էր»,-ասում էր նա: Դերասանը հիշում էր մինչ այժմ երբեւէ չհրապարակված մի դեպք` կապված Շերենցի հետ: Դա պատահել է «Քաոս» ֆիլմի նկարահանման օրերին, Լենինգրադում. «Երբ ֆիլմի շրջանակներում մի քանի օրով Լենինգրադում էինք, էդ ժամանակ ձեռքներիս շատ փող չունեինք: Հերթական անգամ սրճարաններից մեկում նախաճաշում էինք, մեկ էլ Սոս Սարգսյանը կատակով ասաց` Շերե՛նց, հերիք է մեր հաշվին ուտես, հիմա էլ դու մեզ մի բան պատիվ արա՛:

Շերենցն ասաց` անեմ: Կանչեց մատուցողուհուն, ասաց` «դեվուշկա, պրինեսի տրի լանգետա, տրի սուրճա», աղջիկը հարցրեց` ի՞նչ, նա թե` սուրճ, սուրճ…Որ տեսավ` մատուցողուհին չի հասկանում, շրջվեց, ասաց` արա, Սոս, հլա մի բացատրի` ռուսերեն կոֆեն ոնցա…»
Գաղտնիք չէ, որ Շերենցը սիրում էր մի լավ խմել, եւ քիչ չեն պատահել դեպքեր, երբ նա նկարահանման է ներկայացել գինովցած: «Նույն՝ «Քաոս» ֆիլմի նկարահանումների ժամանակ կաբարեում խրախճանքի տեսարանը ստանալիս կադրից դուրս էլ իրական խրախճանքի պահ էր, ու դրա գլխավոր «կազմակերպիչներից» մեկն էլ Շերենցն էր: Մի քանի դերասաններ, առիթից օգտվելով, լավ հարբել էին, մտել էին շամպայնով լի ավազանի մեջ, Շերենցն իրեն զգում էր ինչպես ձուկը ջրում, ոչ մի բան չէր գիտակցում, հիշում եմ, որ հազիվ համոզեցինք, որ հանենք ավազանից»,-պատմում էր Ջանգիրովը:
Շերենցի ու խմիչքի «յուրահատուկ կապի» մասին վկայում է նաեւ դերասանուհի Սոֆիկ Սարգսյանը:

«Հերիք է նա նկարահանումների ժամանակ ոտքը դներ որեւէ գյուղ, էդ գյուղացիք համոզում-տանում էին նրան, մի լավ պատիվ տալիս, խմեցնում, ու դրա հետեւանքով Շերենցը հաճախ հարբած ու անպատրաստ էր գալիս նկարահանումներին, բայց ֆիլմի անձնակազմը նրան այնքան էր հարգում, որ որեւէ նկատողություն չէր անում, դե, իսկ Շերենցն էլ իր դերասանական ունակությունների շնորհիվ ինչ-որ կերպ դուրս էր պրծնում ստեղծված իրավիճակից»,-մեզ հետ զրույցում հիշեց դերասանուհին:
Ապրիլի 5-ին կլրանա Ազատ Շերենցի ծննդյան 102-ամյակը, եւ այդ առթիվ «Ժողովուրդ»-ը ներկայացրեց նրա կյանքի մի քանի բացառիկ դրվագ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս