ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին ամենաերանելի վիճակում հայտնվել է ՕԵԿ-ը: Ընդամենը արդարադատության նախարարության պետական ռեգիստրի փաստաթղթերում գոյություն ունեցող այս կուսակցությանն այլեւս որեւէ մեկը չի հիշում, ո՛չ մամուլը, ո՛չ քաղաքական մյուս ուժերը բացարձակապես չեն անդրադառնում նրանց գործունեությանը, չեն քննադառում ՕԵԿ-ին, ոչ էլ անգամ որեւէ իրադարձության վերաբերյալ ՕԵԿ-ականներից տեսակետ հարցնում:
Իհարկե, բոլորին է հայտնի՝ ՕԵԿ տեսակետը նույն ՀՀԿ տեսակետն է, որեւէ ՕԵԿ-ական, առանց ՀՀԿ թույլտվության, ինքնուրույն չի համարձակվում որեւէ տեսակետ արտահայտել: Փոխարենը ՕԵԿ-ը, ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելով, իսկ ավելի ճիշտ՝ ՀՀԿ կցորդը դառնալով, լիարժեքորեն օգտվում է իշխանության բոլոր վայելքներից՝ իր չափով մասնակից դառնալով երկրի թալանին ու ժողովրդի կեղեքմանը:
ԱԺ ընտրություններից հետո, երբ պարզվեց՝ 160-170-հազարանոց ՕԵԿ-ը ստացավ 83 հազար ձայն, կուսակցության ղեկավարությունը հայտարարեց ՕԵԿ վերակազմավորման մասին: Այդպես ավելի քան երեք ամիս է՝ այս կուսակցությունը վերակազմավորման փուլում է ու այդպես էլ չի կարողանում ավարտին հասցնել այդ գործընթացը. պատճառն այն է, որ նախկին՝ իբր 160-170 հազար անդամներից շատ քչերն են համաձայնել վերականգնել իրենց անդամակցությունն այդ կուսակցությանը: Նույնիսկ այն գործարարները, որոնք Սերժ Սարգսյանի հրահանգով ժամանակին մտան ՕԵԿ, այսօր խուսափում են թարմացնել իրենց անդամակցությունը: Ու պատահական չէ, որ այսօր ՕԵԿ-ականներն ամեն գնով խուսափում են հրապարակել վերակազմավորումից հետո կուսակցության անդամների թիվը:
ԱԺ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանին հարցրինք՝ այժմ քանի անդամ ունի ՕԵԿ-ը: Պատասխանն անորոշ էր: «Անդամագրումն ընթացքի մեջ է: Հիմա խստացրել ենք կուսակցության անդամագրման գործընթացը: ՕԵԿ-ական են դառնում 2 հոգու երաշխավորության դեպքում՝ 2 ամսվա փորձաշրջանն անցնելուց հետո»,-ասաց նա: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՕԵԿ-ում լուրջ է խնդիրը նաեւ կուսակցության քաղխորհրդի ու վարչության անդամների հարցում. կուսակցության ղեկավար կազմի նախկին անդամներից ոչ բոլորն են այսօր ցանկանում վերականգնվել: Հովհաննես Մարգարյանն ասաց, թե կուսակցության քաղխորհուրդն ընդլայնված կազմով ավելի քան 20 հոգի են, իսկ ավելի կոնկրետ՝ ե՛ւ քաղխորհրդի, ե՛ւ վարչության անդամների թիվը ՕԵԿ-ական պատգամավորը խոստացավ ասել առաջիկայում: ՕԵԿ-ում պարզ է միայն մեկ բան՝ կուսակցության միակ ու անփոխարինելի առաջնորդն է Արթուր Բաղդասարյանը, փոխնախագահներն են՝ Հեղինե Բիշարյանը, Հովհաննես Մարգարյանը, Մհեր Շահգելդյանն ու Արմեն Երիցյանը: Եվ վերջ:
Ի դեպ, ժամանակին մամուլում շատ գրվեց, որ ՕԵԿ-ին իրականում ստեղծել է Սերժ Սարգսյանը՝ դեռ ՀՀ պաշտպանության նախարար աշխատած տարիներին: Ասում են՝ Ս. Սարգսյանը հիմա փորձեր է անում քաղաքական մահվան ճիրաններից փրկել իր իսկ ստեղծած քաղաքական ուժը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանական կուլիսներում քննարկվում է մի սցենար, համաձայն որի՝ առաջիկայում ՕԵԿ-ին պետք է անդամագրվեն տարբեր երիտասարդական կազմակերպություններ, մանր-մունր ինչ-որ կուսակցություններ՝ տպավորություն ստեղծելով, թե ՕԵԿ-ը գնալով հզորանում է: Առայժմ, սակայն, դեռեւս վերջնականապես հայտնի չէ, թե կոնկրետ ովքեր են լինելու այդ սցենարի մասնակիցները: Ըստ մեր տեղեկությունների՝ սա դեռեւս միայն մտահղացում է, ու դեռեւս չկան կոնկրետացումներ:
ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, սակայն, «հերթական սուտ» որակեց այս լուրերը: «ՕԵԿ-ը կենսագրություն ունեցող ուժ է, որն ամեն փորձությունից հետո դուրս է գալիս ավելի համախմբված: Որեւէ երիտասարդական կազմակերպության կարիքը մենք չունենք,-ասաց Մարգարյանը՝ հավելելով,-ո՞վ չգիտի, որ ՕԵԿ-ն այն ուժն է, որին ինքնուրույն որոշումներով են անդամագրվում»: Մի կողմ թողնենք, թե ինչպես էր ԱԺ նախագահ աշխատած ժամանակ Արթուր Բաղդասարյանն ՕԵԿ-ացնում ԱԺ աշխատակազմը, հիմա էլ նույն հաջողությամբ կուսակցականացնում է ԱԱԽ աշխատակազմը՝ վարորդից ու հավաքարարից սկսած, վերջացրած գործավարուհիներով: Այնպես որ, ծիծաղելի է հնչում: Բայց դե:
Հ.Գ. Ի դեպ, ՕԵԿ կայքը եւս նույն վիճակում է, ինչ այդ կուսակցությունը: Այստեղ վերջին անգամ տեղադրված լուրը վերաբերում է մայիսի 4-ին՝ ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում ՕԵԿ կազմակերպած «մեծ համերգ-հանրահավաքին»: Նաեւ՝ ՕԵԿ նախընտրական ծրագիրն է: Վերջին տեսանյութն էլ Վեդիում ու Սեւանում ՕԵԿ-ի՝ մայիսի 3-ի նախընտրական հանդիպման մասին է: Ու վերջ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս