ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՇՈՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 14-ին Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը մեծ շուքով հայտարարեց, որ Երեւանը փրկվելու է, եւ բոլոր կիսակառույց շենքերը, որոնք նախատեսված էին բարեկարգելու մայրաքաղաքը, կդադարեն լինել շինհրապարակ:
Գլխավոր ճարտարապետը ներկայացրել էր նաեւ 10 կազմակերպությունների ցանկը կամ ինչպես ասում են՝ «սեւ ցուցակը»: Այդ կազմակերպություններին առաջարկվել է համագործակցել Երեւանի քաղաքապետարանի հետ եւ մեկամսյա ժամկետում ներկայացնել հստակ, ողջամիտ ծրագիր այդ տարածքների կառուցապատումը սկսելու եւ ավարտելու վերաբերյալ: «Ժողովուրդ»-ը զրուցեց այդ ցանկի երեք ներկայացուցիչների հետ, որոնք պնդեցին, որ քաղաքապետարանն իրենց երբեւէ չի զգուշացրել, որ անավարտ շինությունները պետք է հրատապ կառուցեն: Ավելին, իրենց համար անակնկալ են եղել Տարոն Մարգարյանի անհեթեթության աստիճանի կտրուկ որոշումն ու Նարեկ Սարգսյանի փոթորկուն ելույթները:
Նշենք, որ տարիներ առաջ մի շարք կազմակերպությունների հատկապես Երեւանի Կենտրոն վարչական շրջանի սահմաններում հատկացվել են սեփականության, կառուցապատման եւ այլ գույքային իրավունքներով հողամասեր, շենքեր կամ շինություններ, կնքվել են քաղաքաշինական ծրագիր իրականացնելու մասին համապատասխան պայմանագրեր: Այժմ դրանք վերածվել են բարձիթողի վիճակում հայտնված շինհրապարակների: Ու հիմա Երեւանի քաղաքապետարանը վերջնագիր է ներկայացրել կառուցապատողներին. եթե մեկամսյա ժամկետում շինարարության ժամանակացույց չներկայացվի, ապա այդ տարածքները կպետականացվեն:
Քաղաքապետարանի «սեւ ցուցակում» հայտնված Գաֆեսճյան կենտրոնը, որը պարտավորվել է կասկադում (կասկադի հետ միասին` 9.8 հա) տարածքը կառուցապատել, դեռեւս Երեւանի քաղաքապետարանի կողմից որեւէ գրություն չի ստացել: Կենտրոնի հանրային կապերի եւ PR-ի պատասխանատու Լիլիթ Սոխակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Երեւանի քաղաքապետարանից շինարարությունը հրատապ շարունակելու առաջարկ դեռեւս չեն ստացել. «Միգուցե ուղարկել են, բայց մեզ չի հասել»: Սոխակյանը բացատրեց, որ Գաֆեսճյանի ձեռք բերած տարածքի հետ Ն. Սարգսյանը կապ չունի: «Ինչքան էլ նա լինի մեր քաղաքի գլխավոր ճարտարապետը, այնուամենայնիվ, ինքը չէ այդ շինարարության շարունակության ո՛չ ճարտարապետը, ո՛չ էլ դիզայները: Իր որոշելով կամ ժամկետ դնելով չէ: Այս տարածքը Գաֆեսճյանի տարածքն է, հետեւաբար երբ Ամերիկայից կհաստատվի դիզայնը, այդ ժամանակ էլ կսկսվեն շինարարության երկրորդ փուլի աշխատանքները»,-մանրամասնեց սեփականատիրոջ ներկայացուցիչը: Տեղեկացնենք, որ շինարարության առաջին փուլն ավարտվել է, երբ 2009-ին բացվել է Գաֆեսճյան արվեստի կենտրոնը: Իսկ երկրորդ փուլի դիզայնը 2009-ից մինչ օրս դեռ հաստատվում է: Հիշեցնենք, որ Ժիրայր Գաֆեսճյանը, Հայաստանի իշխանություններից նեղացած, երկար ժամանակ է, ինչ հեռացել է մեր երկրից, դրա համար էլ «դիզայնի հաստատման» աշխատանքները 3 տարուց ավել են տեւում:
Զրուցեցինք նաեւ «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի պատասխանատու Սեդրակ Առուստամյանի հետ, որն անտեղյակ էր Ն. Սարգսյանի հայտարարությունից, քանի որ նոր էր վերադարձել Հայաստան: Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող այդ ընկերությունն Աբովյան հ. 5/5 հասցեում 1857 քմ պետք է բարեկարգի, սակայն մոտ 1,5 տարի է, ինչ նրանց պատկանող շինությունն անավարտ է: «Մուլտի գրուպ կոնցեռն»-ը պայմանագիր է կնքել «Կեմպինսկի» հյուրանոցային ցանցի հետ, ու գործն այդքանով ավարտվել է:  «Իրենք նախագծերը փոխել են, եւ մենք փորձում ենք համաձայնեցնել իրենց հետ: Շինության անավարտ մնալու պատճառը միայն դա է: Մնում է նրանք հաստատեն փոփոխված նախագծերը, եւ մենք պատրաստ կլինենք շարունակել կառուցապատման աշխատանքները»,-պարզաբանեց Առուստամյանը: Իսկ թե երբ կբարեհաճի հայտնի հյուրանոցային այդ ցանցը հաստատել փոփոխված նախագիծը, դժվար է կռահել:
«Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել նաեւ «Վալենսիա» ՀՁ ՍՊԸ-ի ներկայացուցչի հետ, որը Մարշալ Բաղրամյան պող. հ.37 եւ հ.39` 2750 քմ-ն է պարտավորվել բարեկարգել, սակայն չստացվեց: Ողջ օրը մի «կենդանի վարորդ» չգտնվեց այդ ընկերությունում, որպեսզի պարզաբանի, թե ինչու են իրենց վերցրած տարածքը դարձրել հավերժական շինհրապարակ: Նշենք, որ «Վալենսիա» ՍՊԸ-ն պատկանում է տխրահռչակ Խաչիկ Խաչատրյանին՝ Վալենսիայի Խաչիկին:
Իսկ թե ինչու Երեւանի քաղաքապետարանը գրավոր չի իրազեկել ընկերություններին, որ պետք է արագ ավարտեն շինարարությունը, «Ժողովուրդ»-ին չհաջողվեց պարզել: Պատճառն այն է, որ այդ մասին չգիտեր անգամ Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության պատասխանատու Արթուր Գեւորգյանը: Նա միայն ասաց. «Ես չեմ կարծում, որ գլխավոր ճարտարապետն ապատեղեկատվություն տված լինի: Չեմ կարող ասել, թե ինչու են ընկերությունները հակառակը պնդում: Լավ, ենթադրենք՝ զգուշացված չէ, եւս մեկ անգամ լրատվամիջոցներով ասվեց, որ, հարգելինե՛րս, եկե՛ք ժամկետ սահմանենք՝ քաղաքը այսպիսի թափթփված տեսքից մաքրելու համար: Ոչինչ չեմ կարող ասել, թե սեփականատերերին ինչ ֆորմատով են զգուշացրել այդ մասին, բայց եւս մեկ անգամ եմ ասում, որ Նարեկ Սարգսյանը չէր ասի մի բան, որն իրականություն չէր լինի»:  
Այսպիսով՝ սեպտեմբերի 14-ին հերթական շոուն բեմադրվեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դիրիժորությամբ, քանի որ, ըստ էության, առարկայական որեւէ քայլ չի արվել փոշոտ մայրաքաղաքը մաքրելու ուղղությամբ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս