ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանի` Դերժավայի Արկադի ընկերությունը հայտնվել է դատարանում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Լոռու մարզի 29 ընտրատարածքից ընտրված ԱԺ պատգամավորի դեմ միանգամից երկու դատական հայց է ներկայացվել:
2003-2006թթ. «Օրինաց երկիր» կուսակցության ցուցակով պատգամավոր դարձած, իսկ ներկայումս Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Արկադի Համբարձումյանի պատգամավորական, քաղաքական գործունեության մասին հանրությանը քիչ բան է հայտնի, սակայն բիզնես գործունեության մասով նա հասցրել է հայտնվել աղմկալի պատմությունների մեջ՝ ընդհուպ մինչեւ դատարան:
Նշենք՝ ՀՀԿ-ական պատգամավորին պատկանող ընկերությունները քիչ չեն: Վերջինս հանդիսանում է «Դերժավա-Ս», «Սլավգրուպ» ընկերությունների, «Լաքոստ» ֆիրմային խանութի, «Դիլիջան առողջարան» ՓԲԸ-ի սեփականատերը: «Դերժավա-Ս»-ն Հայաստանում խոշորագույն ներմուծող ընկերություններից մեկն է, որը ներկրում է աշխարհում հայտնի բրենդների կոշիկ, հագուստ, հիգիենիկ պարագաներ, կոսմետիկա, օծանելիք, հրուշակեղեն, շոկոլադեղեն, պարենային ապրանքներ եւ այլն:
Եվ այսպես՝ ինչն է ՀՀԿ-ական պատգամավորին հասցրել դատարանի դռները: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2014թ նոյեմբերի 13-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով, որ ՀՀԿ-ական պատգամավորին պատկանող «Դերժավա-Ս» ՓԲԸ-ն վճարի «Գազպրոմ-Արմենիային» 111 հազար 258 դրամ հասանելիք գումարը: Այս գործով դատավորը նշանակված է եղել Գագիկ Խանդանյանը, որն էլ նոյեմբերի 18-ին որոշել է պատգամավորին պատկանող ընկերությանը պարտավորեցնել իրականացնել հայցվոր կողմի` «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի պահանջը:
Բայց միայն սրանով չի ավարտվում պատգամավորի նկատմամբ ներկայացված դատական հայցերի պատմությունը: Պարզեցինք, որ 2014թ նոյեմբերի 27-ին Երեւան քաղաքի բնակիչ Մնացական Մելքոնյանը դատական հայց է ներկայացրել Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ «Դերժավա-Ս» ՓԲԸ-ից պահանջելով հատուցել իրեն պատճառված վնասը: Ի դեպ, այսպիսի պահանջով միայն քաղաքացի Մելքոնյանը չէ, որ դիմել է դատարան: Պարզեցինք նաեւ, որ նման պահանջով նույն դատարան է մտել նաեւ Փարաքար համայնքի բնակիչ Վլադիմիր Մնացականյանը: Ուշագրավն այն է, որ քաղաքացիները նաեւ միջնորդություն են ներկայացրել դատարան, որպեսզի պատգամավորին պատկանող ընկերության գույքի դրամական միջոցների վրա արգելանք դրվի, ինչն այս գործով դատավոր Արթուր Սմբատյանը բավարարել է:
Տեղեկացնենք, որ այս գործով դատական նիստերը դեռեւս շարունակվում են, իսկ թե ինչ հանգուցալուծում կունենան, դժվար է ասել, սակայն դատելով իրավիճակից՝ կարելի է ասել, որ, ըստ էության, Արկադի Համբարձումյանն այնքան էլ բարեխիղճ չի աշխատում: Հակառակ դեպքում քաղաքացիներն ու ընկերությունը չէին փորձի դատական կարգով հարցերը կարգավորել օրենսդիր մարմնի ներկայացուցչի հետ:
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ փորձեց զրուցել ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանի հետ, սակայն նա հետաքրքիր հիմնավորմամբ հայտնեց, թե նման բան հնարավոր չէ, եւ եթե դատական հայց լիներ իր ընկերության դեմ, ինքն անպայման տեղյակ կլիներ:
-Պարո՛ն Համբարձումյան, մեր ձեռքի տակ կա փաստաթուղթ, որ 2014թ նոյեմբերի 13-ին «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ն Ձեր ընկերությունից 111 հազար 258 դրամ բռնագանձելու պահանջով դիմել է դատարան: Ավելին՝ Ձեզ պատկանող «Դերժավա-Ս» ՓԲԸ-ի դեմ դատական հայց են ներկայացրել նաեւ երկու քաղաքացիներ՝ Մնացական Մելքոնյանը եւ Վլադիմիր Մնացականյանը: Նրանք էլ պահանջում են վնասի հատուցում:
-Ախր, նենց բան եք ասում, որ դժվար թե նման բան լինի, ես ընդհանրապես կուրսի չեմ, քանի որ կառավարմանը չեմ մասնակցում, բայց չի կարող նման բան լինել:
-Հաշվի առնելով դատական հայցերը՝ տպավորությունն այնպիսին է, որ Դուք անբարեխիղճ գործարար եք, քանի որ մարդիկ, ընկերությունները փորձում են դատարանի միջոցով Ձեզ հետ լեզու գտնել:
-Չհասկացա՝ էս ինչ եք ասում, ի՞նչ է նշանակում՝ բարեխիղճ չեք: Ասում ես՝ 111 հազար դրամի համար դիմել են դատարան, ի՞նչ իմանամ, դիրեկտորները կիմանան, թե ինչի են դիմել դատարան, կարող է՝ մի հիվանդ է դիմել:
-«Գազպրոմ-Արմենիա»-ն դժվար թե հիվանդ լինի կամ, առհասարակ, դատարան հասած քաղաքացիները՝ նույնպես: Գուցե չվիրավորեի՞ք:
-Չի կարող նման բան լինել, գազի փողը չի տվե՞լ, դիմել է դատարա՞ն: Տեղեկատվությունդ սխալ է, քուչի խոսակցություն է: Դերժավան 110 հազար չի ունեցե՞լ, ու տվել են դատարա՞ն: Մի քիչ լոգիկա խաղացրեք, էլի, ոնց կարա տենց բան լինի:
-Մենք էլ ենք ուզում հասկանալ, միգուցե Ձեր գործերը վատ են, չունե՞ք այդքան գումար, որ տաք, դրա համար հասել եք դատարանի դռները: Պարո՛ն Համբարձումյան, մենք ունենք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:
-Չի կարա տենց մանր թեմաներ լինի: Չգիտեմ՝ ինչ եք վերցրել, ընդհանրապես տեղյակ չեմ, բայց դատական թեմաները կհասներ ինձ, եւ հետո էլի եմ կրկնում, որ նայում եք, լոգիկային չի հասնում: Միլիոններով էդ հիմնարկները գազպրոմին փող են տալիս, 110 հազար դրամի համար դատարան կդիմե՞ն: Չգիտեմ, միգուցե տնօրեններն են, «սոչիկի» թեմա է (նկատի ունի հաշվիչը), ինչ-որ բան սխալ է: 17 հիմնարկի դիրեկտոր ունեմ, ասում եք՝ 110 հազար դրամի համար դատարան են տվել, լուրջ բան ասեք, էլի: Եթե լուրջ կալիբրի բան ունեք, նոր զանգեք, թե չէ զանգել ասում եք՝ 110 հազար դրամի համար դատարան:
Հիշեցնենք, որ «կալիբրնի» հարցեր ակնկալող խոշոր գործարար պատգամավորը անցյալում նաեւ խոշոր տուգանքների է ենթարկվել, ու պոռոտախոսությունն ամենեւին էլ չի արդարացնում նրա գործելաոճը: Հիշեցնենք նաեւ, որ դեռեւս 2013 թվականին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Իջեւանի տարածքային հարկային տեսչությունը ստուգումներ էր կատարել պատգամավորին պատկանող «Դիլիջան առողջարան» ՓԲԸ-ում եւ խախտումներ հայտնաբերել: Ավելի ուշ Իջեւանի տարածքային հարկային տեսչությունը դիմեց դատարան:
Հարկային տեսչության եւ ՀՀԿ-ական պատգամավորի դատական փոխհարաբերությունները հանգուցալուծվեցին 2013թ. հունիսի 27-ին, երբ ՀՀ վարչական դատարանի Սեւանի նստավայրի դատավոր Հովհաննես Թորոսյանը վճռել էր Իջեւանի տարածքային հարկային տեսչության հայցն ընդդեմ «Դիլիջանի առողջարան» ՓԲԸ-ի բավարարել եւ այդ ընկերությունից պետբյուջե բռնագանձել 14 միլիոն 235 հազար 498 դրամ: Այնպես որ՝ դատարանի մուրճի հարվածի արդյունքում գումար վճարելը կարծես թե Դերժավայի Արկադիի համար առօրյա գործելակերպ է:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԻՆՉՈՒՆԵՐԸ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միանգամից երեք վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Դրանցից մեկը վերաբերում է փաստաբան Սեդա Սաֆարյանի գանգատին «Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի» գործով, որտեղ, ըստ Եվրադատարանի, խախտվել են Նալբանդյանների` արդար դատաքննության իրավունքը, դատական պաշտպանության մատչելիության իրավունքը, նաեւ անմարդկային վերաբերմունք է դրսեւորվել նրանց նկատմամբ: Այս գործով որպես փոխհատուցում սահմանվել է 62 հազար եվրո գումար, որից Բագրատ Նալբանդյանին ՀՀ Կառավարությունը պետք է վճարի 10 հազար եվրո, Նարինե Նալբանդյանին` 27 հազար եվրո, եւ Արեւիկ Նալբանդյանին՝ 25 հազար եվրո: Ընդհանուր առմամբ 70 հազար եվրո պետք է կողմերին վճարվի պետական բյուջեից:
«Նալբանդյաններն ընդդեմ Հայաստանի» գործից անցել է շուրջ 10 տարի. 16-ամյա աղջկան գողացել, ապա սպանել էին դաժանաբար: Երեկ պարզ դարձավ, որ փաստաբանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին` ընդդեմ տուժողի իրավահաջորդ Աղաբեկ Սարգսյանի: armlur.am-ին Ս. Սաֆարյանը հայտնեց, որ հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է՝ ինքը հասկանում էր, որ ներկայացնում է հայաստանյան ներպետական ատյաններում ամենաանարդար գործերից մեկը. մեղադրյալ, երկրորդ կարգի հաշմանդամ Բագրատ Նալբանդյանին տարել էին բաժին, երկար պահել, ծեծել եւ պարտադրել ընդունել Վարդենիսի 16-ամյա բնակիչ Սյուզաննա Սարգսյանի սպանությունը, որին 10 օր շարունակ փնտրել էին, 10-րդ օրը միայն գտել մազութի հորում, ինչը նախապես մի քանի անգամ ստուգվել էր եւ ոչինչ չէր հայտնաբերվել:
Սեդա Սաֆարյանը հայտնեց, թե Սարգսյանն իրեն ասել է.«Եթե քեզ տեսնեմ, այսպես կանեմ, այնպես կանեմ եւ այլն: Ամեն մարդ ինչ ասում է, մեծամասամբ ինքն իր հասցեին է ասում: Ես պարզապես ուզում եմ հասկանալ` ինչու է տուժողը վրդովվել, որ Եվրադատարանը մեր դատարանների մասին նման դիրքորոշում է գրել: Այն ժամանակ էլ նա իր շրջապատի հետ, նախաքննական մարմնի դրդմամբ, նաեւ այլ շահագրգիռ անձանց համագործակցությամբ կարողացավ շեղել գործի արդարացի քննությունը»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ այս գործը նախադեպ կլինի, որպեսզի շատերը դասեր քաղեն կատարվածից:
Եվ ինչուների պատասխանն իմանալու նպատակով Armlur.am-ը զրուցեց սպանված անչափահասի հոր՝ Աղաբեկ Սարգսյանի հետ: Վերջինս հաստատեց, որ սպառնացել է Ս. Սաֆարյանին եւ չի զղջում ու պահանջում է փաստաբանից հարգել իր վիշտը, վերքը չթարմացնել: «Թող քրեական գործ հարուցեն էն մասով, որ էրեխուս մասին նման բաներ են գրում: Սեդա Սաֆարյանն էս գործը չի բացի, ընդհակառակը, «պռավալ» կտա: Ինչքան էլ նրան սպառնամ, տեղին է»:
Ա. Սարգսյանն ասաց, որ եթե քրեական գործ հարուցեն, ինքը նստացույց կանի նախագահական նստավայրի առջեւ եւ կհայտարարի, որ Ս. Սաֆարյանը կաշառակերությամբ է զբաղվում. «Եթե պարզվի, որ էրեխուս բռնաբարել են սպանելուց առաջ, թող անողները պատասխան տան: Գործը երեք դատարան է անցել. ո՞վ է բոլոր դատավորներին կաշառել: Եվրադատարանը մեզ ի՞նչ պետք է սովորեցնի, ասում է` տղամարդը պիտի տղամարդու հետ ամուսնանա, ես պատրաստ եմ, թո՛ղ գործը բացեն: Արտաշիրիմումին էլ եմ պատրաստ: Եթե չբացահայտվի, Ս. Սաֆարյանը պետք է կրկնակի նստի»:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԽԱՆՈՒԹՊԱՆ ԷՐ
«Հիմնադիր խորհրդարանի» համակարգող Ժիրայր Սէֆիլյանը, պատասխանելով հարցին, թե չի վախենում, որ իշխանություններն իր ղեկավարած շարժումն էլ Գագիկ Ծառուկյանի կուսակցության նման կչեզոքացնեն, ասել է. «Տարբեր վիճակ է: Ես, ըստ էության, առաջնորդում եմ շարժում: Ոչ թե սեփական խանութ, ինչպես որ Ծառուկյանն էր: Խանութ էր բացել եւ խանութպանն էր: Խանութպանին վերացնելով՝ խանութին տեր ես կանգնում: Մեր այս շարժման մեջ գտնվում են հարյուրավոր մարդիկ եւ հազարավոր մարդիկ, որոնք այդ հարյուրավորների շուրջ են գտնվում: Մեր կորիզը մեջտեղից վերացնելով՝ խնդիրը չի լուծվելու, որովհետեւ կորիզին փոխարինելու է այլ կորիզ, այլ կորիզին՝ այլ կորիզ»:
ՈՒԺԵՂԱՑՎԱԾ
Armlur.am-ի տեղեկացմամբ` քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը ՔԿՀ պետերին հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը քրեակատարողական հիմնարկներ բերվող դեղորայքի ընդունումը, հաշվառումը եւ հանձնումը իրականացնելու ուղղությամբ՝ սահմանելով գործընթացին համապատասխան լրացուցիչ պարտավորություններ: