Երգիչ Արսեն Սաֆարյանն այս տարի իր հանդիսատեսի համար նախատեսել է մի շարք ստեղծագործական ծրագրեր, որոնց մասին պատմել է «Ժողովուրդ»-ին: Նա անդրադարձել է Հայաստանում համերգային ծրագրերի սակավության, էկրաններից հորդող ջերմության պակասության պատճառներին: Երգիչը պատմել է նաեւ գեղարվեստական ֆիլմում առաջին անգամ հանդես գալու եւ հրաշագործի իր կերպարի մասին:
-Արսե՛ն, այս տարի ստեղծագործական ի՞նչ ծրագրեր ունեք: Երկրպագուները մենահամերգի սպասե՞ն:
-Ունեմ մի ստեղծագործություն, որը կոչվում է «Վերադարձի՛ր քո տուն», մտադիր եմ դրա հիման վրա տեսահոլովակ նկարահանել: Հիմա բանակցություններ են տարվում Եվրոպայում, ԱՄՆ-ում շրջագայություններով հանդես գալու շուրջ: Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մի քանի երկրներում հանդես գալու մեծ ցանկություն ունեմ: Ինչ վերաբերում է մենահամերգին, պետք է նկատել, որ դա այսօր շռայլության դրսեւորում է համարվում, դժվար ու թանկ տրվող մի բան: Թեպետ ես վերջիններից եմ, ով ներկայացել է մենահամերգով: Այսօր, առհասարակ, համերգների թիվը նվազել է. պատճառներից մեկը դահլիճների վարձույթի համար պահանջվող անհիմն բարձր գներն են, լուսային էֆեկտների ու ձայնային ապարատուրայի ապահովումը եւս թանկ արժի… Ամեն բան տանում է նրան, որ ունենանք աղքատիկ համերգներ, թեպետ եթե դա էլ ունենանք, էլի լավ կլինի, մեր ավագ սերունդը ավելի վատ պայմաններում է կարողացել ելույթ ունենալ: Այսօր փայլով այլեւս չես զարմացնի հանդիսատեսին, ուրեմն պետք է երգով զարմացնես:
-Դուք այն եզակի երգիչներից եք, ով երբեւէ չի շեղվել իր կողմից նախանշված երաժշտական ուղուց. դժվար չէ՞:
-Չէ, ինձ մոտ ինքնաբերաբար այդպես ստացվել է, այլ բան չէի էլ ցանկանա, գուցե եթե հակառակն անելու լինեի, պետք է ավելի շուտ անեի: Իհարկե, ես էլ եմ մի քանի կոմերցիոն նախագիծ իրականացրել, սակայն 180 աստիճան փոփոխության չեմ դիմել, եւ հուսով եմ, որ ամեն բան արվել է ճաշակով:
-Առաջին անգամ Ձեր ուժերը փորձել եք նոր ոլորտում, նկարահանվել եք գեղարվեստական ֆիլմում, որը կոչվում է «Երազանք 19:27»: Սա Ձեզ համար նոր աշխարհ բացահայտելու ուղի՞ էր, թե՞ գումար վաստակելու միջոց:
-Միշտ հաճելի է երկուսը համատեղել. այս պարագայում այդպես էլ եղավ: Այնպես չէ, որ այս հարցում իմ մոտեցումը շատ սկզբունքային էր, պարզապես գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու փոքրիկ երազանք ունեի, որը կատարվեց: Ինձ համար շատ հաճելի էր աշխատել հետաքրքիր, դժվարին այդ աշխարհում, որտեղ պետք է կարողանալ կամ չկարողանալ: Ֆիլմը հումորային բնույթ ունի, իսկ ես մարմնավորում եմ խորհրդավոր մի կերպարի, համարյա հրաշագործի, ով իրականացնում է մարդկանց երազանքները: Թե ինչպիսին է արդյունքը, պետք է վճռի հանդիսատեսը:
-Արսե՛ն, մարդիկ հաճախ են դժգոհում, որ տարիներ առաջ էկրանից հորդող այն ջերմությունը, որ տալիս էին նաեւ երգիչները, այսօր արդեն նվազել է, ինչո՞ւ:
-Դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Շատ բան կախված է նաեւ զանգվածային լրատվական միջոցներից: Այդ ջերմությունն ապահովելու համար որակյալ երաժշտության պրոպագանդման դերը մեծ է, իսկ մեդիաներն այնքան էլ ժամանակ չեն տրամադրում դրան, փոխարենը զբաղված են հիմար տեղեկություններ տարածելով, փորձում են ստեղծել շոկային իրավիճակներ: Ով, օրինակ, հանվում է, նրա մասին նյութ են գրում` անտեսելով կարեւոր թեմաները:
-Կարծում եք` դա միայն լրատվական դաշտի որդեգրած քաղաքականության արդյո՞ւնքն է, իսկ մյուս ոլորտների էժանագին լինելը չե՞ք նկատում, հենց թեկուզ Ձեր ոլորտի:
-Այն, ինչ ասում եմ, բոլորիս է վերաբերում, փորձենք տալ լավ բան, որ դրա դիմաց էլ լավը ստանանք, կյանքի օրենքն է այդպիսին: Կարծում եմ` մեր ազգային տեսակով մենք տարբերվում ենք եւ կարող ենք սենսացիաների հետեւից չընկնել: Ասածս այն է, որ ինֆորմացիոն դաշտը նաեւ կրթող դաշտ է, իսկ մենք լրիվ վերացել ենք դրանից, մեր աչքերի մեջ միայն դոլարի նշաններ են…
-Դուք երկու զավակ ունեք, ո՞րն է հայրիկի առաջին խորհուրդը իր երեխաներին:
-Խելացի լինել, ամեն բան չսովորել, գիրք կարդալ, հիմար հերոսներով մուլտեր չդիտել: Ուզում եմ հետագայում երեխայիս տեսնել այնպիսին, որ հանկարծ ինքս չամաչեմ:
ԵՂԵՌՆԸ ՄՈՌԱՑՈՒԹՅԱՆ ՉԻ ՄԱՏՆԻ
Հայոց ցեղասպանության ժամանակ զոհ գնացած հայ գրողների մասին հանրությունը սահմանափակ տեղեկություններ ունի, նրանցից շատերի կյանքի ու ստեղծագործության վերաբերյալ մանրամասները պարզապես մոռացության են մատնվել: Այժմ տպագրության փուլում է մի գիրք, որն ամփոփում է Եղեռնին զոհ գնացած գրեթե բոլոր հայ գրողների մասին տեղեկություններ` սկսած նրանց ծննդյան օրվանից, ուսումնառությունից, գործունեությունից` ընդհուպ մինչեւ մահվան հանգամանքներ, սերնդի շարունակության վերաբերյալ տվյալներ:
Այդ գրողները 31-ն են (տպագրության ընթացքում բացահայտվել են էլի մի քանի գրողներ, որոնց անդրադարձ կկատարվի հետագայում), այնինչ մեզ ամենատարբեր պատճառներով մինչեւ այսօր ներկայացվել է Եղեռնին զոհ գնացած առավելագույնը մեկ տասնյակի հասնող գրողների մասին ինֆորմացիա: «Մեր նպատակն է եղել ստեղծել հանրագիտակ-անթոլոգիա, որի կազմում իր կարեւոր տեղն ունի նաեւ մատենագիտական մասը, այսինքն` թե ինչ գրքեր են հրատարակվել այդ գրողների կենդանության օրոք եւ մահվանից հետո, ու թե ինչ գրքեր կարելի է կարդալ նրանց մասին:
Եվ եթե կենդանության օրոք լույս տեսած գրքերի պարագայում ամեն ինչ նորմալ էր, ապա վիճակն անմխիթար էր հետմահու հրատարակությունների դեպքում: Մենք տեսանք, որ, ըստ էության, Զոհրապից, Վարուժանից, Սիամանթոյից, Ռուբեն Սեւակից ու էլի մի քանիսից զատ` գրողները հետմահու հրատարակություններ գրեթե չեն ունեցել: Հարաբերական բացառություններ, իհարկե, կան»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց «Եղեռնազոհ գրողներ» հանրագիտակ-անթոլոգիայի կազմողներից մեկը` գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը (մյուս կազմողը Աշոտ Գաբրիելյանն է):
Գրականագետի խոսքով` իրենք քիչ հայտնի գրողների դեպքում պարզապես «քրքրել են» տվյալ շրջանի արեւմտահայ մամուլը եւ փորձել են նոր գործեր հայտնաբերել: Գրքում ներառվել են նաեւ բացառիկ լուսանկարներ, որոնք որոշ գրողների դեպքում, ցավոք, այդպես էլ չեն գտնվել:
Արքմենիկ Նիկողոսյանը նաեւ հավելեց, որ իրենք չեն պնդում, թե Եղեռնին զոհ գնացած բացառապես բոլոր գրողներն են տաղանդավոր, սակայն ամենքի անունն էլ արժանի է շրջանառվելու եւ հիշվելու: Կազմողները նպատակ ունեն հետագայում լրացնել անթոլոգիան, այն դարձնել մի քանի հատորանոց եւ ծառայեցնել որպես ուղեցույց:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
Մեկնարկում է Հայոց ցեղասպանության իրազեկմանը նվիրված System of a Down խմբի համաշխարհային շրջագայությունը: Ինչպես հաղորդում է Los Angeles Daily News պարբերականը, «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) խորագրով շրջագայությունը կմեկնարկի ապրիլի 6-ին Կալիֆորնիայում կայանալիք համերգով եւ կներառի համերգներ աշխարհի 14 բեմերում` Եվրոպայում, Հարավային եւ Հյուսիսային Ամերիկաներում, ինչպես նաեւ՝ ապրիլի 23-ին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախորդ օրը, Երեւանում: Ինչպես նշում է պարբերականը՝ այս համերգաշարը մեծ նվեր է խմբի երկրպագուների համար` 2005թ. SOAD-ի վերջին ալբոմի լույս ընծայումից ի վեր:
«Մեզ համար՝ որպես ամերիկահայերի, որոնց ընտանիքներն անմիջական կապ ունեն Ցեղասպանության հետ, կարեւոր է ոչ միայն իրազեկել մարդկանց, այլեւ պահանջել արդարության վերականգնումը: Սա ցավ է, որը շարունակում է առկա մնալ»,-ասել է խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը:
ՎԵՐՆՈՅԻ ՕՐԵՐ
Աշխարհահռչակ ռեժիսոր Անրի Վերնոյի ավանդը եւ արվեստը գնահատողները մի քանի օր շարունակ հնարավորություն կունենան մասնակցելու անվանի մտավորականին նվիրված միջոցառումներին: Ապրիլի 2-ին Երեւանի կամերային պետական թատրոնում մեկնարկել է «Անրի Վերնոյի օրերը Երեւանում» խորագրով միջոցառումների շարքը, որը կտեւի մինչեւ ապրիլի 5-ը: Գրքի շնորհանդես, փողոցի, կինոդահլիճի բացման արարողություններ, ֆիլմերի ցուցադրություններ… Վերնոյին նվիրված այս միջոցառումները հարգանքի տուրք են անվանի արվեստագետին: Արդեն ապրիլի 2-ին տեղի է ունեցել Վերնոյի «Մայրիկ» վերահրատարակված գրքի շնորհանդեսը:
ՊԱՏԻՆՍՈՆՆ ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ Է
Դերասան Ռոբերտ Պատինսոնն ու երգչուհի FKA twigs-ը պատրաստվում են ամուսնանալ: Վերջին շրջանում մամուլում լուրեր էին շրջանառվում, որ զույգը նշանադրվել է, սակայն աստղերը չէին հաստատել: Հիմա արդեն զույգին մոտ կանգնած աղբյուրը փոխանցում է, որ նրանք պատրաստվում են ապրել համատեղ՝ ամուսնական կյանքով:
Հիշեցնենք, որ Պատինսոնն ավելի վաղ սիրավեպ ուներ դերասանուհի Քրիստիեն Ստյուարտի հետ: