Կրասնոդարում շինաշխատանքների ժամանակ 5 հայ է մահացել. նրանցից մեկը 18 տարեկան էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Կրասնոդար երկրամասի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կրասնոդարի շինհրապարակում 4 աշխատողների մահվան փաստի առթիվ, գրում է RBK-ն: Գործակալության տվյալներով՝ արտակարգ իրավիճակը գրանցվել է մարտի 28-ին կառուցվող 16-հարկանի շենքում: Հետաքննչական կոմիտեի տվյալներով, շինարարական վերելակը, որում 5 աշխատող է եղել, վայր է ընկել 13-րդ հարկից: Ենթադրվում է, որ միջադեպի պատճառը եղել է անվտանգության կանոնների խախտումը: Աղբյուրի փոխանցմամբ, վերելակի վայր ընկնելու արդյունքում 53-60 տարեկան 4 մարդ զոհվել է, 18-ամյա տուժածը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ինչպես հայտնի դարձավ Armlur.am-ին, նրանք բոլորն էլ ազգությամբ հայ են և և Հրազդան, Ջերմուկ քաղաքների և Նոր Խարբերդ համայնքի բնակիչներ են: Մահացողները ոչ թե 4-ն են, այլ 5-ը:

Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանն Armlur.am-ին հայտնեց, որ մահացածներից 3-ը Ջերմուկից են: Մեր զրուցակցի խոսքով, ինքը ներկա է գտնվել նրա հուղարկավորության արարողությանը. «Նրանք հարևաններ են: Երեքն էլ մոտ 55 տարեկան են: Գնացել էին Կրասնոդար` աշխատելու: Նրանցից ինչ-որ մեկի ծանոթն էր կանչել իր մոտ, որոշ ժամանակ աշխատեցին ու այսպիսի բան տեղի ունեցավ»:

Նոր Խարբերդ համայնքի ղեկավար Կամո Կակոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր համագյուղացին` Լյովան, 55 տարեկան էր. «Կրասնոդարում շինարարություն էր անում, ու նման դժբախտ դեպք եղավ»:

Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանն Armlur.am-ին հայտնեց, որ իր համաքաղաքացու հուղարկավորությունը դեռևս տեղի չի ունեցել: Նրան Հայաստան չեն տեղափոխել: Քաղաքապետը դժվարացավ այլ մանրամասներ հայտնել` նշելով, որ հանձնարարել է հետաքրքրվել հանգամանքների մասին:




Լրահոս