Ազատամարտիկի սպանության մեջ մեղադրվող Ջունգլի մեղքն ուրի՞շն է իր վրա վերցրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով` ազատամարտիկ Վարդան Թումանյանի սպանության մեջ մեղադրվող Գևորգ Սարգսյանը, ով առավել հայտնի է Ջունգլ մականվամբ, երեկ ազատ է արձակվել: Նա գտնվում էր ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

Նշենք, որ ազատության մեջ է նաև Գևորգ Սարգսյանի քրոջ որդին` Սարգիս Ղուկասյանը: Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` նրանք ստորագրությամբ ազատ են արձակվել, քանի որ դատաբժշկական փորձաքննության արդյունքներով` դեպքի օրը մեղադրյալները տուժողին միջին ծանրության մարմնական վնասվածք են հասցրել: Ստացվում է, որ նրանք ազատամարտիկի սպանության հետ կապ չունեն:

Ի դեպ, դեռևս չհաստատված տեղեկություններ են տարածվել, թե Վարդան Թումանյանի սպանության ողջ մեղքն ուրիշն է իր վրա վերցրել:

Սպանված ազատամարտիկի քույրը` Մարիետա Թումանյանը, լրատվամիջոցներին հայտնել է, որ ինքը սարսափելի քայլերի կդիմի, քանի որ նման մարդիկ իրավունք չունեն ազատության մեջ մնալ:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսի 13-ին Նոր Նորքի 7-րդ զանգվածի Կարախանյան 7 տան մոտ վիճաբանություն էր տեղի ունեցել: Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն` Գևորգ Սարգսյանը (Ջունգլ), նրա հայրը՝ Բաբկեն Սարգսյանն ու Վիկտոր անունով մի քաղաքացի ծեծի են ենթարկել 55-ամյա ազատամարտիկ Վարդան Թումանյանին: Օրեր անց վերջինս մահացել էր: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, Գևորգ Սարգսյանը կալանավորված է, նրա հայրը՝ Բաբկեն Սարգսյանը, ազատության մեջ է՝ ստորագրությամբ չբացակայելու պայմանով, իսկ Վիկտորի նկատմամբ իրավապահ մարմինները հետախուզում են հայտարարել:

Նշենք, որ տեղի ունեցածը որոշ ժամանակ հանրության շրջանում բուռն քննարկումների առիթ տվեց: Շատերն այս դեպքն անգամ համեմատում էին 2012 թվականին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անվտանգության աշխատողների կողմից զինվորական բժիշկ, մայոր Վահե Ավետյանին ծեծի ենթարկելու դեպքի հետ: Վահե Ավետյանը ևս օրեր անց մահացավ: «Հարսնաքարի» ֆենոմենը, ինչպես այդ ընթացքում լրատվամիջոցներն էին ներկայացնում, ոմանց հանգիստ չէր տալիս: Այդ անգամ մասիվցի մուսկուլավորները դաժան ծեծով սպանել էին ազատամարտիկ, 55-ամյա Վարդան Թումանյանին, ով մարտական ընկերների շրջանում հայտնի էր «Ձի Վարդան» անունով։

Ազատամարտիկի հարազատները հայտարարում էին, թե Վարդան Թումանյանին այդ վիճակին հասցնողները Նոր Նորքի «ԷԼԼԱ» գիշերային ակումբի անվտանգության աշխատակիցներն են: Այսպես, տարածված  նախնական լուրերի համաձայն` «ախրանիկների» հովանավորները դատախազներ են։ Գլխավոր «հերոսը» Ջունգլն է, ում հոր հետ հանգուցյալը վեճի է բռնվել, ու տղան էլ կանգնել է հոր թասիբին, իսկ նրան օգնել են բարեկամներ Սարգիսն ու Վիկտորը և իր հայրը՝ Բաբկենը։ Ջունգլը հեռուստաեթերի «աստղ», գուշակ Անահիտի որդին է։




Լրահոս