Հերմինե Նաղդալյանն արդարացնում է ՀՀԿ-ական կանանց հրճվանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն այսօր լրագրողների հետ զրույցում նախ շնորհավորեց բոլոր կանանց և աղջիկներին ապրիլի 7-ի կապակցությամբ, ապա անդրադարձավ ՀՀԿ-ական կանանց այցին Ծիծեռնակաբերդ և հնչած քննադատություններին:

«Անկեղծորեն հավատում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը, երբ էլ որ գնա Ծիծեռնակաբերդ, հավուր պատշաճի կեցվածքով է այնտեղ լինելու: Մտքիս ծայրով էլ չեմ անցկացնի, որ դուք կարող եք մտածել, թե կարելի է գնալ այնտեղ և անմար կրակի մոտ կանգնել և զվարճանալ», – նշեց նա:

Ապա խոսելով տարածված լուսանկարների և կանանց ժպտացող դեմքերի մասին` նա նշեց. «Մեծ միջոցառում է եղել, մեր նախատեսած 3000 մարդուց ավելին է ներկա եղել: Հուշահամալիր բարձրանալը տևում է երկար ժամանակ, կուտակվելը` նույնպես: Եվ այդ մարդիկ եկել էին հանրապետության տարբեր մարզերից, երբ իրար դիմավորում էին, ժպտում էին: Դա ոչ թե բուն միջոցառումն էր, այլ նախապատրաստական մասն էր: Հուշարձանից բավական հեռու է եղել, և ծաղիկները որևէ հարսանյաց արարողություն չեն հիշեցրել»:

Հերմինե Նաղդալյանը հավելեց, թե ոչ մեկին պարտադրաբար չեն կանչել Ծիծեռնակաբերդ, բոլորն իրենց ցանկությամբ են եկել:




Լրահոս