ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԻՎԱՆԴՆԵ՛Ր, ՊԻՏԻ ՍՊԱՍԵՔ
«Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարած մի քաղաքացի տեղեկացրեց, որ իր հարազատներից Արտաշ Ափրեյանին հուլիսի 10-ին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական  կենտրոն, որտեղ բժիշկները որոշել են զոնդավորել նրան: Հիվանդի աղջիկը ՀՀ առողջապահության նախարարությունից ուղեգիր է վերցրել ու տարել հիվանդանոց: Բայց արդեն երկու ամիս է՝ նախարարությունն այդ գումարը չի փոխանցում:
Պարզաբանումների համար դիմեցինք ՀՀ առողջապահության նախարարի մամլո խոսնակ Անահիտ Հայթայանին, որն ասաց. «Բժշկական ծառայությունն իրականացվել է «Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» ծրագրով: Մի շարք հանգամանքներից ելնելով` նկատելիորեն մեծացել է բարձր տեխնոլոգիաներով հետազոտվողների թիվը: Մարդիկ ավելի տեղեկացված են եւ ցանկանում են առավել ճշգրիտ ախտորոշում ունենալ: Այդ իսկ պատճառով այս ծրագրի 2012թ. համար նախատեսված գումարները բժշկական հաստատության կողմից օգտագործվել են առաջանցիկ եղանակով, ինչի պատճառով պայմանագրով տվյալ բժշկական կենտրոնին տարվա համար հատկացված պայմանագրային գումարների շրջանակներում ծառայությունների ամբողջ ծավալը մատուցվել է տարվա առաջին կիսամյակի ընթացքում»:
Ա. Հայթայանի տեղեկացմամբ՝ նախարարությունում քննարկվում է 9 ամսվա ֆինանսական արդյունքների վերլուծությամբ որեւէ այլ ծրագրով տնտեսված միջոցներից «Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» ծրագրին լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնելու հնարավորությունը, որից հետո միայն հնարավոր կլինի ավելացնել «Էրեբունի» բ/կ-ին տվյալ ծրագրով նախատեսված պայմանագրային գումարները եւ լուծել բարձրացված խնդիրը:
Այսինքն՝ հիվանդը կա՛մ պետք է սպասի, մինչեւ Դերոն քննարկի ու մի լուծում գտնի, կա՛մ գլխի ճարը տեսնի սեփական միջոցներով:

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

«ՍԹԱՐ»-Ի «ՊՈՉԵՐԸ»
«Սթար» սուպերմարկետների գնային քաղաքականությունը զարմացրել է մեր ընթերցողներից շատերին: «Ժողովուրդ»-ին ուղղված նամակում Աջափնյակ թաղամասի 18 շենքի բնակիչ Հրաչիկ Վասիլյանը հետաքրքրվում է, թե ինչով են պայմանավորված «Սթար»-ում վաճառվող ապրանքների «վիճահարույց» գները: «Օրինակ` կոնֆետը վաճառվում է 533 դրամով: Եթե Հայաստանում լուման միայն հասկացողություն է եւ կիրարկման մեջ չէ, ապա ինչպե՞ս վճարել 3 դրամը: Արդյոք սա «Սթար»-ի համար գերշահույթ ստանալու մի ձեւ չէ»,-հարցնում է ընթերցողը:
Հարցի պարզաբանման համար դիմեցինք «Սթար»-ի գովազդի եւ լրատվության բաժնի պետ Ռիմա Թորոսյանին: «Մեզ մոտ նման գնագոյացումը հնարավոր է միայն քաշով ապրանքի վաճառքի դեպքում: Դա կապված է, թե գնորդն ինչ քաշ է ընտրել: Սակայն դրամարկղում վճարման ժամանակ եթե գոյանում է այդ «պոչ» հասկացողությունը, ու դա մինչեւ 5 դրամ է, ապա կլորանում է հօգուտ հաճախորդի: Օրինակ, եթե գումարը կազմում է 504 դրամ, ապա գնորդը վճարում է 500 դրամ: Իսկ եթե ապրանքի «պոչի» գինը տատանվում է 6-9 դրամի միջեւ, ապա կլորանում է հօգուտ ցանցի: Այստեղ գերշահույթ հետապնդելու խնդիր չկա, որովհետեւ այդ «պոչը» հիմնականում լինում է մինչեւ 5 դրամ, եւ կլորանում է ի շահ գնորդի»,-հավաստիացրեց Ռ. Թորոսյանը:

Ս. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս