ԵՐԲ ՐԱՖՖԻՆ ՁՈՒ «ԿՌՎԱՑՐԵՑ» ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ սահմանադրական բարեփոխումների հետ կապված իրենք առաջարկություններ են ներկայացրել Սերժ Սարգսյանին եւ այժմ սպասում են պատասխանին:

-Պարո՛ն Մարտիրոսյան, «Ժառանգությունը» հայտարարել էր կուսակցության վարչության նիստ անցկացնելու մասին, ու նշվել էր, որ հենց այդ նիստի ժամանակ էլ կհստակեցվի՝ արդյոք Սերժ Սարգսյանի հետ Ձեր վերջին հանդիպումը կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի գիտությամբ է եղել: Նիստն արդեն կայացել է, ի՞նչ է պարզվել՝ արդյո՞ք Ձեր եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը Հովհաննիսյանի «թույլտվությամբ» է եղել:
-Մենք արդեն հայտարարել ենք, որ այդ հանդիպման ժամանակ մենք ներկայացրել ենք մեր առաջարկությունները՝ սահմանադրական բարեփոխումների հետ կապված: Իսկ մնացած հարցերին պարոն Հովհաննիսյանն արդեն մի քանի անգամ պատասխանել է, կարծում եմ, որ Ձեր հարցերին վաղուց պատասխան տրվել է: Մենք դա քննարկել ենք, ու նույն բանը քննարկել, երբ դրա պատասխաններն արդեն տրվել են, չեմ կարծում, որ ճիշտ է:
-Բայց կուսակցության ներսում այդ հանդիպման պատճառով լուրջ տարաձայնություններ էին առաջացել, արդյո՞ք դրանք «հարթվել» են:
-Անձնական հարցերին չեմ պատասխանելու, որովհետեւ դա արդեն անձնական ոլորտ է: Առանց այդ էլ «Ժառանգություն» կուսակցությունում ամեն ինչ շատ ավելի բաց ու հրապարակային էր, քան կարելի էր:
-Իսկ ի՞նչ հարցեր են քննարկվել «Ժառանգության» վարչության նիստում, արդյո՞ք հստակեցվել է այն ուղին, որով կուսակցությունն առաջ է գնալու, քննարկե՞լ եք Ձեր հետագա անելիքները:
-Պարոն Հովհաննիսյանն իր վերջին ասուլիսի ժամանակ դրան անդրադարձել է, համենայնդեպս, մեր կուսակցության մեկ ամսվա գրաֆիկի մասին խոսվել է:
-Րաֆֆի Հովհաննիսյանը չի խոսել կուսակցության պլանների մասին, առհասարակ, վերջին ժամանակահատվածում նա խուսափում է որեւէ կոնկրետ հարցի պատասխանել կամ հանդիպումներ ունենալ: Նախօրեին միայն նա Ապարան էր գնացել ու Զատիկի տոնի հետ կապված ձու «կռվացրել» ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի հետ:
-Ի՞նչ է՝ այդ ձվից արծի՞վ է դուրս թռել, այդ հարցերն ուղղեք պարոն Հովհաննիսյանին, ես ինչ կարող եմ ասել: Ես կարող եմ իմ ընկերական հարաբերությունների մասին խոսել, բայց ոչ այլոց: Ես չգիտեմ, ես առաջին անգամ Ձեզանից եմ լսում, որ պարոն Հովհաննիսյանը ձու է կռվացրել Աղվան Հովսեփյանի հետ: Ես հասկանում եմ Ձեր հետաքրքրությունը, բայց Դուք հաստատ առիթ կունենաք այդ մասին պարոն Հովհաննիսյանին հարց տալու:
-Բայց Դուք՝ որպես կուսակցության փոխնախագահ, ճի՞շտ եք համարում նրա այդ քայլերը:
-Այսինքն ի՞նչ, ձու կռվացնելն է՞լ քննարկման առիթ դարձնեմ, այդտեղ ճիշտ ու սխալի հարց չկա, մարդկանց անձնական հարաբերությունների մեջ ես ո՛չ մտել եմ ու ո՛չ էլ պատրաստվում եմ մտնել:
-Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգն արդեն գրեթե բոլոր կառույցներին բաժանվել է, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամները եւս ծանոթացել են հայեցակարգին: Ի՞նչ տեսակետ ունի կուսակցությունը:
-Մեր կուսակցությունն այդ հայեցակարգի հետ կապված որեւէ տեսակետ չունի, որովհետեւ մենք բովանդակային քննարկումների մեջ չենք մտնելու, քանի դեռ մեր առաջարկներն ընդունված չեն:
-Իսկ ըստ Ձեզ՝ իշխանությունը պատրա՞ստ է ընդունելու Ձեր առաջարկությունները, ՀՅԴ-ականներն, օրինակ, հայտարարում են, որ իրենց առաջարկությունների հիմնական մասն ընդունվել է իշխանությունների կողմից: Դուք համոզվա՞ծ եք, որ Ձեր կուսակցության առաջարկությունները եւս կընդունվեն:
-Ես չեմ կարծում, որ, ասենք, սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում գրված լինի արտահերթ ընտրությունների մասին, ես չեմ կարող ասել՝ իրենք ինչպես են վարվելու այս դեպքում: Մեզանից հասնում էր առաջարկություններ ներկայացնել, մենք այդ առաջարկությունները ներկայացրել ենք, մնում է՝ իրենք ընդունեն, ես իրենց փոխարեն այդ հարցին չեմ կարող պատասխանել:
-Բայց Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ այդ հարցը բարձրացրե՞լ եք, Ձեր տպավորությամբ, նա հակվա՞ծ է Ձեր առաջարկներն ընդունելուն:
-Մենք ընդամենը քննարկել ենք այդ առաջարկները, մնացածն արդեն իրենց որոշելիքն է:

 

 

 

 

 

ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ «ԱՅՈ»-ԻՆ

Թեեւ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների օրը դեռեւս հայտնի չէ, սակայն Աբովյան քաղաքում կրքերն օր օրի թեժանում են: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ բացի «Կինգ դե Լյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանից` Պալաչից, այլ թեկնածուներ են հայտնվել, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի «դաբրոն» ստանան: Ըստ մեր տեղեկությունների՝ «հերթի» մեջ երեք հոգի կա:

Թեկնածուներից մեկը ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ ԱԺ-ում օգնական Վահագն Գեւորգյանն է: Նա մասնագիտությամբ իրավաբան է: Ըստ մեր տեղեկությունների՝ Վ. Գեւորգյանը շրջապատում ասել է, որ իր թեկնածության մասին դեռեւս չի հայտարարելու, քանի որ Գագիկ Ծառուկյանը խոստացել է իր խնամի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից «խորհուրդ» հարցնել, ինչից հետո էլ պետք է տա իր «հովանավորությունը»:
Աբովյանի քաղաքապետի թեկնածուներից մյուսն էլ Հրազդանի հարկայինի պետի տեղակալ Արմեն Գրիգորյանն է, որը նաեւ տեղի ՀՀԿ կառույցի ղեկավարն է: Ա. Գրիգորյանը եւս իր մտերիմների շրջանում հայտարարել է, որ ինքն իր թեկնածությունն առաջադրելու է, քանի որ ունի ՀՀԿ-ի «դաբրոն»: Գրիգորյանը նշել է, որ պետք է իր «այո»-ն ասի նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ինչից հետո ինքը կհայտարարի իր թեկնածության մասին: Իսկ երեկ արդեն Գրիգորյանը մասնավոր զրույցներում նշել է, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը համաձայն է, որ իր թեկնածությունն առաջադրի ու հենց ինքն էլ լինելու է ՀՀԿ-ի թեկնածուն:
Հաջորդ թեկնածուն ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանի՝ Շշերի Մելոյի եղբայրն է՝ Ռուբիկ Մանուկյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Մանուկյանները եւս հայտարարել են, որ իրենք մասնակցելու են ընտրություններին ու կրկին նշել, որ մինչ այդ պետք է խորհրդակցեն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Մ. Մանուկյանը նույնիսկ ասել է, թե իր եղբայրն իշխանությունների համար ընդունված թեկնածու է, ու իրենք այդ հարցում որեւէ խնդիր չեն ունենալու:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել նշված երեք թեկնածուների հետ, սակայն մեր հեռախոսազանգերին պատասխանեց միայն Արմեն Գրիգորյանը, ով նշեց, թե այս պահի դրությամբ ինքը քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ որեւէ բան չի ցանկանում ասել: Նշենք նաեւ, որ մինչեւ այսօր ՀՀ իշխանությունները չեն հայտարարել, թե ընտրությունների ժամանակ ում թեկնածությունն են պաշտպանելու: Մյուս քաղաքական ուժերը եւս իրենց թեկնածուների կամ ընտրությունների մասին որեւէ հայտարարությամբ հանդես չեն եկել:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 
ՀԱՅՑ ՀԱՆԳՈՒՑՅԱԼԻ ԴԵՄ
Պարզվում է՝ դեռեւս 2014թ. փետրվարի 28-ին Արսեն Չիչյանը, որն առավել հայտնի է Բոդոլ անվամբ, դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով Սերոփ-Գորիան Դեր-Բողոսյանին պարտավորեցնել որոշակի գործողություններ իրականացնել: Այս գործով դատավարությունը դեռեւս ընթացքի մեջ է: Այն դեպքում, երբ Ս. Դեր-Բողոսյանը, ով մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման էր դատապարտված, 2014թ. սեպտեմբերի 21-ին մահացել է: «Ժողովուրդ»-ը Ա. Չիչյանից փորձեց պարզել, թե նա ինչ պահանջ ունի արդեն հանգուցյալ Ս. Տեր-Բողոսյանից, եւ ինչպես է իրագործվելու այն: Պարզվում է՝ հայցվորը գիտի, որ Ս. Դեր-Բողոսյանը մահացել է. «Է, հետո ինչ անենք, որ մահացած է, նրա իրավահաջորդից կարող եմ պահանջել: Իսկ իրավահաջորդը նրա կինն է՝ Մադլեն Թաշչյանը»: Իսկ թե կոնկրետ ինչ պահանջ է ներկայացրել, Չիչյանը հրաժարվեց ասել:

 

ԷՊՈՍԱԳԵՏԸ ԲՈՂՈՔԱՐԿԵԼ Է
Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով 15 տարի ազատարզրկման դատապարտված, 2013թ. նախագահական ընտրություններում թեկնածու գրանցված Վարդան Սեդրակյանը, որը պահվում է «Արթիկ» ՔԿՀ-ում, բողոքարկել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, ըստ որի՝ ինքը պետք է 40 մլն դրամ փոխհատուցում վճարի Պ. Հայրիկյանին` բուժման ծախսերը հոգալու համար: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Վ. Սեդրակյանի կինը` Ռուզաննա Սեդրակյանը: «Ամուսինս անձամբ է Արթիկի ՔԿՀ-ից դիմել դատարան, տեսնենք, թե ինչ կլինի»:

 

ՀԱՑԻ ԴԵՖԻՑԻՏ
Երեկ «Ժողովուրդ»-ը արձանագրեց, որ երեւանյան խանութներում եւ սուպերմարկետներում ակնհայտ հացի դեֆիցիտ էր: Լավագույն դեպքում մարդիկ կարողացել են մեկ օրվա հնության հաց գնել խանութներից: Բանն այն է, որ Սուրբ Զատիկի տոնին հացի գրեթե բոլոր արտադրամասերը չեն աշխատել: Բացի այս՝ Սուրբ Զատիկից առաջ հացի փռերը սովորականից քիչ հաց են արտադրում, քանի որ սպառողներն այդ օրերին հիմնականում լավաշ են գնում: Սակայն այս տարի հացի փռերը, նախորդ տարիների համեմատ, լավաշի արտադրության թիվը նվազեցրել են` վերադարձ չունենալու համար: Արդյունքում՝ շաբաթ օրը՝ երեկոյան արդեն, երեւանյան խանութներում եւ սուպերմարկետներում նկատվում էր լավաշի դեֆիցիտ, իսկ երեկ էլ սովորական հացն էր արդեն խանութներից անհետացել:

 

ՈՒՏՈՂ ՉԿԱ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին, նախորդ տարվա համեմատ, մակարոնեղենի արտադրությունը Հայաստանում նվազել է 34.3 տոկոսով: Այս տարի արտադրվել է 492 հազար 700 տոննա, անցած տարվա 749 հազար 900 տոննայի դիմաց: Իսկ, ահա, ալյուրի արտադրությունը նվազել է 16 տոկոսով: Այս տարի արտադրվել է 34 մլն 957 հազար 700 տոննա ալյուր, իսկ 2014-ին` 41 մլն 604 հազար 700 տոննա:




Լրահոս