Ֆրանսիայի Հայկական թանգարանը կործանման եզրին է: Այս մասին ահազանգում են change.org կայքում կազմակերպված ստորագրահավաքի մասնակիցները: Բանն այն է, որ 2011-ին Փարիզի Ֆոշ արվարձանում գտնվող Գիմե թանգարանում տեղակայված «Ֆրեդերիկ Ֆրինգյան հայկական թանգարանի» զբաղեցրած փարիզյան առանձնատան վերանորոգման աշխատանքների պատրվակով Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը առաջարկել է Հայկական թանգարանին ժամանակավորապես ազատել իր ցուցասրահները եւ տեղափոխել հավաքածուն: Իսկ շենքի վերանորոգման ավարտից հետո Հայկական թանգարանի վերադարձն արգելվել է: Փաստորեն վտանգված է 3000 տարվա պատմություն ունեցող շուրջ 1 200 արվեստի գործ` փրկված Մեծ Եղեռնը վերապրածների կողմից:
«Ժողովուրդը»-ը ՀՀ մշակույթի նախարարությունից հետաքրքրվեց` արդյոք կառույցը երբեւէ վերոնշյալ խնդրով դիմել է Ֆրանսիայի իշխանություններին եւ ինչ ուղիներ է տեսնում` խնդիրը լուծելու համար: Նախարարությունից տեղեկացնում են, որ 2011-ին թանգարանի շենքի վերանորոգման նպատակով «Ֆրեդերիկ Ֆրինգյան հայկական թանգարանի» տնօրինությունը փաթեթավորել է ցուցանմուշները եւ դրանք տեղափոխել Փարիզի հյուսիսային արվարձաններ` հանձնելով Ֆրանսիայի մշակույթի նախարարության հոգածությանը: «Ֆրանսիայի պատկան մարմինները բանավոր խոստացել էին, որ ցուցասրահի վերաբացումից հետո «Ֆրեդերիկ Ֆրինգյան հայկական թանգարանի» հավաքածուն կվերադարձվի ցուցասրահ: Պարոն Ֆրինգյանը նաեւ տեղեկացրել է, որ թանգարանի վերաբացումից հետո ցուցանմուշները ցուցասրահ չեն տեղափոխվել, այլ շարունակում են մնալ պահեստներում, ինչի վերաբերյալ նա գրավոր պարզաբանում է խնդրել Ֆրանսիայի մշակույթի նախարարությունից, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել: Այս հանգամանքը խիստ անհանգստացրել է ՀՀ մշակույթի նախարարությանը, եւ վերջինս համապատասխան նամակով 2014-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության միջոցով խնդրել է ֆրանսիական կողմի հետ քննարկել ստեղծված իրավիճակը»,-ասված է նախարարության պատասխանում:
Կառույցն իր պատասխան նամակում նաեւ նկատել է, որ հարցի լուծումը փոքր-ինչ բարդ է, քանի որ, հանդիսանալով մասնավոր կառույց, «Ֆրեդերիկ Ֆրինգյան հայկական թանգարանը» հնարավորություն չունի օգտվելու պետական օժանդակությունից: «Նաեւ տեղեկացնում ենք, որ Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը խնդրի առնչությամբ որեւէ նախաձեռնություն չի դրսեւորում` լուծումը թողնելով Գիմե թանգարանի ղեկավարությանը»,- եզրափակված է պատասխանը:
Աննա Բաբաջանյան