Ինչ ճակատագրի են արժանացել Արցախի հուշարձանները՝ 44-օրյա պատերազմից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրերի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Արմինե Հայրապետյանը նշեց, որ 2023թ. սեպտեմբերյան իրադարձություններից հետո Արցախից Երևան կարողացել է տեղափոխել որոշ թանգարանի նմուշներ: Այդ նմուշների մասին նա խոսել չցանկացավ՝ անվտանգությունը պահելու համար:

Միաժամանակ, Արմինե Հայրապետյանը ArmLur.am-ին հայտնեց 44-օրյա պատերազմից հետո «Պատմական միջավայրերի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կատարած աշխատանքների մասին.

«Պետք է ասեմ, որ 44-օրյա պատերազմից հետո բավականին ակտիվ աշխատանքներ է տարել «Պատմական միջավայրերի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ը: 2021թ հունվարից ծառայությունն իր առջև դրել է մի քանի առաջնահերթություններ, որոնցից մեկը մշտադիտարկումն էր այն հուշարձանների, որոնք գտնվում էին ակտիվ ռազմական գործողությունների գոտում կամ դրանց շատ մոտ: Հաջորդ առաջնահերթությունը տվել էինք համացանցի միջոցով մշտադիտարկումն այն հուշարձանների, որոնք արդեն գտնվում էին թշնամու վերահսկողության ներքո և վտանգված էին: Մենք փորձում էինք ադրբեջանական օգտատերերի էջերից տեղեկատվություն ստանալ այդ հուշարձանների մասին: Իհարկե, սկզբնական շրջանում շատ էին համացանցում տարածվում մեր հուշարձանների նկատմամբ ադրբեջանցիների վանդալիզմը և բռնարարքները, սակայն ընթացքում այն նվազեց: Ենթադրում եմ, որ այդ արարքները նվազեցին այն պատճառով, որ մենք այդ արարքներն օգտագործում էինք իրենց դեմ: Այսինքն՝ իրենք այդ քայլով վնասում էին իրենց և աստիճանաբար նվազեց այդ վանդալիզմի ցուցադրությունը: Շեշտը դրել էինք նաև նոր հուշարձանների հաշվառման վրա և կարող եմ նշել, որ մինչ բլոկադան կարողացել ենք մոտ 600 հուշարձան ֆիqսել, որոնք մինչ այդ ցուցակներում չկային: 2022թ. ՊՈԱԿ-ը նախաձեռնել է պեղման աշխատանքներ՝ Ծովատեղ համայնքի Կարմիր եկեղեցու տարածքում: Ըստ աղբյուրագիտության՝ այդտեղ էին թաղված Խամսայի մելիքություններից, շատ քիչ ուսումնասիրված, մելիքական տներից մեկի՝ Մելիք-Փաշայանների տոհմական գերեզմանոցը»:

Մեզ հետ զրույցում, Արմինե Հայրապետյանը նշեց, որ Արցախի շրջափակման ժամանակ դադարեցվել է պեղման աշխատանքները՝ կապված վառելիքի բացակայության հետ:
Հավելենք, որ «Պատմական միջավայրերի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ն ունի իր ֆեյսբուքյան, յութուբյան, տելեգրամյան էջերը և Artsakh Monuments կայքը, որն այս պահին չի գործում՝ ֆինանսական խնդիրներից ելնելով:

Նանիկ Աղասյան




Լրահոս