37 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ԵԿԱՄՈՒՏ ՑՈՒՅՑ ՏՎԱԾ ԿԱ՞Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օրեր շարունակ բուռն քննարկման առարկա են դարձել ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին 37,5 միլիոն դոլարով տուգանելու մասին տեղեկությունները: Նշենք, որ սեպտեմբերի 6-ին ԱՄՆ Նյու Յորքի հարավային շրջանի դատական ակտերի կատարման ծառայությունը  տեղեկություն է տրամադրել, որ 2006թ. “Գլոբալ գոլդ մայնինգ” ընկերության դուստր ընկերություններից մեկը, որը Հանքավանի հանքավայրի լիցենզառուն էր, ենթարկվել է կոռումպացված եւ ոչ պատշաճ պահանջների ՀՀ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի կողմից: “Ժողովուրդ”-ն այս առիթով զրուցեց Վարդան Այվազյանի հետ:
-Պարո՛ն Այվազյան, Նյու Յորքի դատարանը Ձեր դեմ վճիռ է կայացրել, Դուք ասում եք, որ փաստաթուղթ չեք ստացել, իսկ “Գլոբալ գոլդ մայնինգ”-ը պնդում է, որ ստացել եք փաստաթուղթը: Ի վերջո, ձեզանից ո՞ւմ հավատանք:
-Ես շատ քիչ եմ լսել, որ դատական պրակտիկայում դեպք լինի՝ մեկ այլ երկրում տեղի ունեցածի մասին դատական գործընթաց սկսվի այլ երկրում: Ինձ համար անհասկանալի է, թե ինչու ՀՀ-ում չեն իրականացնում այդ դատական պրոցեսը: Ես հիմա պահանջում եմ, որ ինձ դատեն: Ես չեմ կարողանում հասկանալ՝ այնտեղի արդարադատությունն ավելի ուժե՞ղ է, ավելի արդա՞ր, քան մերը: Եթե “Գլոբալ գոլդ մայնինգ”-ը կարողանում է մեկ դատական պրոցեսի ընթացքում դիմել ՀՀ վարչական դատարանին, եւ այնտեղ դատական պրոցեսներ ընթանան, ինչո՞ւ նույն պարագան չի ընթանում պարոն Այվազյանի նկատմամբ: Նրանց ասած փաստերն իրականում գոյություն չունեն: Ես կարող եմ երկու տեղեկատվություն տալ, որ իրական “Գլոբալ գոլդ”-ի դեմքը պարզ լինի: Մեր բանավեճն այս ամենի մեջ է: Չեմ ուզում անդրադառնալ պատվերներին կամ գրանտներին, պարզապես ուզում եմ, որ իրենք դատական պրոցես սկսեն, իսկ եթե ես մեղավոր կլինեմ, թող ինձ դատեն:
-Դուք նշում եք, որ անմեղ եք, բայց ոչ ոք չի հավատում Ձեզ: 
-Ես ասում եմ, որ գործել եմ ՀՀ համապատասխան օրենքներով, եւ իմ բոլոր գործողությունները միտված են եղել պահպանել ՀՀ բնապահպանության նախարարության պատիվը, ՀՀ շահերը եւ թույլ չտալ, որ ոմանք թալանեն: Իսկ ովքե՞ր ինձ չեն հավատում:
-Բոլորը, քաղաքական շրջանակներում եւս անվստահություն կա Ձեր հանդեպ:
-ա. Քաղաքական շրջանակները ինձ հավատում են, եւ դա իմ քաղաքական պաշտոնն է վկայում: բ. Այն կոլեկտիվը, որտեղ ես աշխատել եմ, կարող եք մեկ անգամ հարցում անցկացնել. նրանք հավատում են: գ. Մի տարածքից ընտրվել եմ 4 անգամ: դ. Ես ուզում եմ, որ դրանք ամբողջապես բացահայտվեն: Նշեմ, որ “Գլոբալ գոլդ”կազմակերպության հետ  դատվում են համարյա բոլորը, դատվում են իրենց հետ աշխատողները, դատվում են նրանց հետ ցանկացած գործ բռնած մարդիկ, դատվում են արտասահմանյան կազմակերպությունները: Հիմա իմ պահանջը ո՞րն է, որ եկե՛ք այստեղ դատ սկսենք, եթե մեղավոր եմ, թող տանեն կախեն, եթե մեղավոր չեմ, թող մյուսին կախեն: 
-Դուք ունե՞ք կոնկրետ փաստաթղթեր, որով կարող եք ապացուցել Ձեր անմեղությունը:
-Այո՛, կան, այս ամենի կռիվն այն է, որ հանքավայրերից մեկի ժամկետը լրացել էր, ու ես չեմ երկարացրել այդ ժամկետը: Խոսքը վերաբերում է Հանքավանի լիցենզիայի դադարեցմանը, խոսքը վերաբերում է “Մարջան”-ի լիցենզիայի դադարեցման հիմքերին: Հանքավանի լիցենզիան նրանց տրամադրված է եղել 2002թ.-ից մինչեւ 2004թ. դեկտեմբերը, այդ ընթացքում այդ ընկերությունը բացարձակապես աշխատանք չի կատարել, 2004թ. եկել, դիմել է մեզ՝ պարոն Այվազյան նախարարին՝ խնդրելով մեկ տարի եւս ժամկետ տրամադրել, որպեսզի այդ հատվածում աշխատանքներ կատարի: Նախարարը դա քննարկել է, հաշվի է առել որոշ հանգամանքներ, ասել է՝ խնդրում եմ՝ 2005թ. արված աշխատանքները ներկայացրե՛ք: Ես Ձեզ ներկայացնում եմ կոնկրետ Հանքավանի լիցենզիայի հետ կապված նյութերը, դրանք վերաբերում են հանքարդյունաբերության ուսումնասիրությանը, ու տարբեր փաստաթղթեր, որոնք ապացուցում են, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Մնացածը հաջորդ դասին կպատասխանեմ:
-Նշվում է նաեւ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւս տեղյակ է եղել այս պատմությունից: Դուք վերջերս հանդիպե՞լ եք նրա հետ այդ հարցը քննարկելու համար:
-Որեւէ նախագահ, որեւէ մեկն այս հարցից տեղյակ չէ, խոսքը վերաբերվում է նախկին բնապահպանության նախարարին: Ձեզ ավելին ասեմ, ես՝ որպես ֆիզիկական անձ, եթե փորձեի նրանց 37 միլիոն դոլարի վնաս տալ, չէի կարող: Մեկ հարց եմ ուղղում. այսքան տարիներ աշխատում են, 37 միլիոնի եկամուտ ցույց տված կա՞ն: Ի դեպ, բոլորը հայտարարում են, որ նախարարությունը հանքերը շահագործելու համար լիցենզիա է տրամադրում, բայց գրողներից ոչ ոք տեղյակ չէ, որ նախարարությունը նման լիազորություն չունի: Նշեմ, որ Թեղուտն էլ են ինձ հետ կապում, բայց ես նախարար եղած ժամանակահատվածում ընդհանրապես Թեղուտի ուսումնասիրության եւ շահագործման լիցենզիա չեմ տրամադրել:
-Ի վերջո, ի՞նչ եք որոշել անել, վճարելո՞ւ եք 37,5 մլն դոլարը, թե՞ Դուք էլ եք դատի տալու ընկերությանը:
-Ինչի՞ համար վճարեմ: Ես ուզում եմ, որ գան, ու էստեղ դատ սկսվի, ուզում եմ, որ էդ մարդն ինձ դատի տա, ոչ թե գնա ԱՄՆ ու ասի, որ ինձ մեղադրում է: Ես սկսել եմ համապատասխան միջոցներ ձեռնարկել, որի մասին հետագայում կիմանաք: Էլ այս մասին ես չեմ խոսելու:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս