Քանի ես կամ, իմ ընկերը պետք ա ընդեղ համայնքի ղեկավար լինի. Բազմասեր Առաքելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 15-ին Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում կայացած համայնքապետի ընտրություններում առաջադրված էին երեք թեկնածու՝ գործող գյուղապետ, անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը, անկուսակցական Խաչատուր Միսակյանը եւ ՀՀԿ-ի կողմից առաջադրված Էդգար Հայրապետյանը:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Բազմասեր Առաքելյանը ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի կրկին գյուղապետ «կարգվի» նախկին ԲՀԿ-ական Ալեքսան Ալեքսանյանը:

Ըստ մեր տեղեկությունների՝ պատգամավորն այդ գյուղն իրենն է համարում ու իր շրջապատում հայտարարել է, թե ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի իր «թեկնածուն» գյուղապետ դառնա: Բ. Առաքելյանն անգամ այդ հարցով հանդիպում էր ունեցել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ ու խնդրել իրեն աջակցել: Արդյունքում՝ այսօր Բ. Առաքելյանի «ընտրյալ» Ալեքսան Ալեքսանյանը կրկին գյուղապետի պաշտոնում է: Երեկ «ժողովուրդ»-ն այս առիթով զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորի հետ, որը չի հերքել իրողությունը:

-Պարո՛ն Առաքելյան, ըստ մեր տեղեկությունների՝ Դուք եք միջամտել, որ Օհանավանի գյուղապետի պաշտոնում կրկին «ընտրվի» Ալեքսան Ալեքսանյանը: Այդպե՞ս է դա, եւ արդյո՞ք Դուք այդ հարցի հետ կապված հանդիպել եք Գ. Սահակյանի հետ` խնդրելով վերջինիս աջակցությունը:

-Ինչ կապ ունի դա Գալուստ Սահակյանին հանդիպելու հետ, Գալուստ Սահակյանը ԱԺ նախագահն է, ու ես ամեն օր էլ իրեն հանդիպում եմ, քանի որ ես պատգամավոր եմ: Բայց որ պետք է այդ համայնքում հաղթեր Ալեքսան Ալեքսանյանը, դա միանշանակ էր, դրանում կասկած չկար:

-Բայց Դուք ե՞ք միջնորդել այդ հարցում:

-Ալեքսան Ալեքսանյանն իմ ընկերն է, քանի ես կամ, ինքը պետք ա ընդեղ համայնքի ղեկավար լինի:

-Այսինքն՝ ամեն ինչ որոշվում է Ձեր կամքո՞վ, այլ թեկնածուներ իրավունք չունե՞ն համայնքի ղեկավար ընտրվել:

-Կան, թեկնածուներ կան, բայց ինքն այդ համայնքում էնքան հարգանք ու պատիվ ունի, որ խնդիր չունի ընտրվել-չընտրվելու համար, ով ուզում ա խառնվի, ինքն էդ համայնքում հարգված է, ու ցանկացած հոգս իրա վզին է: Երկու հոգի թեկնածություն դրել էին: Մեր թեկնածուն ունի պոտենցիալ, իսկ մենք էլ ամեն ինչ անում ենք, օգնում ենք իրեն, որ ավելի հանգիստ անցնի:

-Ինչպե՞ս եք օգնում, պաշտոնյաներին խնդրելո՞վ:

-Պաշտոնյաների հետ հանդիպումը ոչ մի կապ չունի, եթե մարդն իր համայնքում չունեցավ համապատասխան պոտենցիալ, չունեցավ համապատասխան հարգանք, պաշտոնյաները ոչ մի բան չեն կարող անել:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս