Ուր են «անհետացել» թանկարժեք բիոզուգարանները. ուշագրավ բացահայտումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

340 հազար դոլար արժողությամբ երկու թանկարժեք բիոզուգարանների վերաբերյալ նորանոր, ընդ որում, սկանդալային փաստեր են ի հայտ գալիս: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ սրանից երեք տարի առաջ Հայաստան բերված թանկարժեք բիոզուգարաններից մեկը, որը տեղադրված էր Սյունիքի մարզի «Տաթեւեր» ճոպանուղու մոտ, անհետացել է: Իսկ թե որտեղ է այն հիմա, դեռեւս հայտնի չէ:

Բիոզուգարանների մուտքը ՀՀ

Առաջին անգամը չէ, որ պաշտոնապես 35 տոկոս աղքատություն արձանագրած ՀՀ իշխանություններն այն մեղմելու փոխարեն անիմաստ շռայլություններ են իրենց թույլ տալիս: Այսպիսի մի անարդյունավետ ծախս կատարվեց 2012 թվականին՝ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման տարիներին: Մասնավորապես, էկոնոմիկայի նախարարությունը ՀՀ պետական բյուջեի հաշվին 124 մլն դրամ (մոտ 340 հազար դոլար) արժողությամբ 2 հատ բիոզուգարան ձեռք բերեց:

«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ բիոզուգարաններ ունենալու մտահղացումը Էկոնոմիկայի նախկին նախարար, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի ներկայիս տեղակալ Ներսես Երիցյանինն է եղել: Թե ինչպես է այն ժամանակվա Կառավարությունը նպատակարհարմար գտել 340 հազար դոլար հատկացնել՝ 2 բիոզուգարան ձեռք բերելու համար, այլեւս զարմանալի չէ: Սակայն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն այս հարցի շուրջ ուներ իր բացատրությունը: Նրա խոսքով՝ բիոզուգարանների ներդրումը եղել է պիլոտային ծրագիր, եւ դրանք պետք է լինեին ինքնածախսածածկվող՝ վճարների, բանկոմատների, գովազդային վահանակների հաշվին: Իսկ գերթանկարժեք բիոզուգարանները պետք է նպաստեին զբոսաշրջության զարգացմանը:

Փչացած բիոզուգարաններով

Լավ է, որ Կառավարությունը մտածում է երկրում տուրիզմը զարգացնելու ուղղությամբ: Սակայն վատ է, երբ դրա համար պետբյուջեի գումարներն է վատնում եւ փորձում անսարք բիոզուգարաններով զբոսաշրջությունը զարգացնել: Նշենք, որ բիոզուգարաններից մեկը տեղադրվել էր Սյունիքի մարզի «Տաթեւեր» ճոպանուղու մոտ, իսկ մյուսը՝ Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարեւանությամբ: Եթե Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ գտնվող բիոզուգարանը երբեւէ աշխատել է, ապա «Տաթեւեր» ճոպանուղու մոտ տեղադրվածը ի սկզբանե չի աշխատել:

Այսօր արդեն թանկարժեք բիոզուգարաններից եւ ոչ մեկը չի աշխատում, ավելին՝ ինչպես վերը նշել էինք, «Տաթեւեր» ճոպանուղու հարեւանությամբ տեղադրված բիոզուգարանը վերջերս հանվել է եւ անհայտ ուղղությամբ տարվել: Տաթեւի գյուղապետ Մուրադ Սիմոնյանի պնդմամբ՝ բիոզուգարանը ազգային մրցունակության հիմնադրամն է տարել: «Ժողովուրդ»-ը էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանից հետաքրքրվեց բիոզուգարանի ճակատագրով: Ինչպես եւ սպասվում էր՝ նախարարը տեղյակ չէր. «Ինչի՞ մասին եք հարցնում, չեմ հասկանում: Դեռ չեմ հետաքրքրվել: Մենք դրանով չենք զբաղվում, եւ մեր հաշվեկշիռի հետ ընդհանրապես ոչ մի առնչություն չունի: Ազգային մրցունակության հիմնադրամից հարցրեք»:

Իսկ ազգային մրցունակության հիմնադրամից փոխանցում են, որ բիոզուգարանների պատասխանատուն էկոնոմիկայի նախարարությունն է:

Ինչպես էին արդարացնում

Դեռ այն ժամանակ բիոզուգարանների «պիլոտային ծրագրի» հեղինակները պնդում էին, որ այն բիզնեսի տեսանկյունից շահավետ է, եւ բիոզուգարանների 200 դրամ մուտքավճարով այդ գումարները կրկին հետ են գալու պետբյուջե: «Ժողովուրդ»-ի հաշվարկով ստացվում է, որ առնվազն 408 հազար մարդ պետք է օգտվի դրանցից, ընդ որում, այդ ընթացքում բիոզուգարանի վրա լրացուցիչ ծախս չպետք է արվի, որպեսզի արժեքը վերադարձվի: Բացի այս՝ փորձագետների հաշվարկներով՝ ամեն տարի ՀՀ մոտ 50 հազար զբոսաշրջիկ է գալիս: Մինչդեռ էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդական Արա Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Հայաստանն ունի զբոսաշրջային վայրեր, որտեղ տուրիստական հոսքերը բավական մեծ են, եւ այդ վայրերում նման զուգարաններն անհրաժեշտ են:

«Օրինակ՝ կան նաեւ վայրեր, որտեղ սալիկով եւ պեմզաբլոկով կառուցված զուգարանները մեկ ձմռան ընթացքում շարքից դուրս են գալիս: Սա մշակույթ է, որ աստիճանաբար պետք է ներդրվի: Սա պիլոտային ծրագիր է, որով փորձում ենք մասնավոր հատվածին ցույց տալ դրա էֆեկտիվությունը: Այսինքն՝ կարելի է մեկ զուգարանը գնել 170 հազար դոլարով եւ եկամուտ ունենալ»,- հայտարարել էր գլխավոր խորհրդականը: Սակայն այսօր մենք մեր հույսը դրել ենք «պեմզաբլոկով կառուցված զուգարանների վրա»: Օրինակ՝ «Տաթեւեր» ճոպանուղու մոտ բիոզուգարանի փոխարեն կառուցվեց նոր հասարակական զուգարան:

Ովքեր են «մսխողները»

Այսօր արդեն կարելի է արձանագրել, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի Կառավարությունը այս ողջ ընթացքում հայ հանրությանը պարզապես խաբել է ու մսխել պետբյուջեի միջոցները: Իսկ թե ովքեր են մսխել այդ գումարները, դժվար չէ կռահել. բիոզուգարանները ձեռք է բերել Ազգային մրցունակության հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էր: Իսկ հոգաբարձուների խորհրդի անդամներն էին էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանը, ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանը եւ այլք: Ու այսքանից հետո պատասխանատուների մեծ մասը շարունակում է պաշտոնավարել:

ՎՊ-ի բացահայտումները

Երբ 2013 թվականին ՀՀ վերահսկիչ պալատը հրապարակեց իր՝ 2012թ-ի ստուգումների արդյունքները, այնտեղ նաեւ անդրադարձ կար գերթանկարժեք բիոզուգարաններին: Վերահսկիչ պալատը, էկոնոմիկայի նախարարությունում որոշ ծրագրերի ստուգման արդյունքում, եզրակացրել էր, որ բիոզուգարանների վրա կատարված ծախսն անիմաստ էր, հատկապես, որ զուգարանները երբեւէ չեն գործել: Ըստ ՎՊ-ի՝ 100 մլն դրամի անարդյունավետ ծախս է եղել: Ամիսներ, տարիներ անցան, սակայն Հայաստանի իրավապահ մարմինները դեռ շարունակում են լռել:

Ինչո՞ւ են լռում

Թեեւ վերահսկիչ պալատը բացահայտեց, որ երկու բիոզուգարանների գնումն անարդյունավետ էր, այնուամենայնիվ, իրավապահ համակարգը երբեւէ չանդրադարձավ այս թեմային: Եւ հիմա տարօրինակ էլ չէ, որ բիոզուգարանը հանկարծ մի օր անհետանում է: Սակայն մեկ բան ակնհայտ է՝ իրավական դաշտ այս հարցը չի տարվել, այսինքն՝ ո՛չ քրեական գործ է հարուցվել եւ ո՛չ էլ իրավապահ մարմիններն են խառնվել այս հարցին: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Կառավարության վերին օղակներում այս թեմայի շուրջ միայն հարց է բարձրացվել:
Հ.Գ. Նկատենք, որ այսչափ գումարով Կառավարությունը կարող էր բազմաթիվ խնդիրներ լուծել՝ երկու բիոզուգարանի գումարով 10 գյուղական համայնքի դպրոցներ վերանորոգել եւ 3600 թոշակառուի մեկ ամսվա թոշակը վճարել: Հետեւությունները թողնում ենք ձեզ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս