ՎԱՏՆԵԼ ԵՆ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՓՈՂԵՐԸ ՈՒ ՉԵՆ ՊԱՏԺՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

340 հազար դոլար արժողությամբ երկու թանկարժեք բիոզուգարանների վերաբերյալ նորանոր, ընդ որում, սկանդալային փաստեր են ի հայտ գալիս: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ սրանից երեք տարի առաջ Հայաստան բերված թանկարժեք բիոզուգարաններից մեկը, որը տեղադրված էր Սյունիքի մարզի «Տաթեւեր» ճոպանուղու մոտ, անհետացել է: Իսկ թե որտեղ է այն հիմա, դեռեւս հայտնի չէ:

Բիոզուգարանների մուտքը ՀՀ
Առաջին անգամը չէ, որ պաշտոնապես 35 տոկոս աղքատություն արձանագրած ՀՀ իշխանություններն այն մեղմելու փոխարեն անիմաստ շռայլություններ են իրենց թույլ տալիս: Այսպիսի մի անարդյունավետ ծախս կատարվեց 2012 թվականին՝ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման տարիներին: Մասնավորապես, էկոնոմիկայի նախարարությունը ՀՀ պետական բյուջեի հաշվին 124 մլն դրամ (մոտ 340 հազար դոլար) արժողությամբ 2 հատ բիոզուգարան ձեռք բերեց: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ բիոզուգարաններ ունենալու մտահղացումը Էկոնոմիկայի նախկին նախարար, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի ներկայիս տեղակալ Ներսես Երիցյանինն է եղել: Թե ինչպես է այն ժամանակվա Կառավարությունը նպատակահարմար գտել 340 հազար դոլար հատկացնել՝ 2 բիոզուգարան ձեռք բերելու համար, այլեւս զարմանալի չէ: Սակայն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն այս հարցի շուրջ ուներ իր բացատրությունը: Նրա խոսքով՝ բիոզուգարանների ներդրումը եղել է պիլոտային ծրագիր, եւ դրանք պետք է լինեին ինքնածախսածածկվող՝ վճարների, բանկոմատների, գովազդային վահանակների հաշվին: Իսկ գերթանկարժեք բիոզուգարանները պետք է նպաստեին զբոսաշրջության զարգացմանը:

Փչացած բիոզուգարաններով
Լավ է, որ Կառավարությունը մտածում է երկրում տուրիզմը զարգացնելու ուղղությամբ: Սակայն վատ է, երբ դրա համար պետբյուջեի գումարներն է վատնում եւ փորձում անսարք բիոզուգարաններով զբոսաշրջությունը զարգացնել: Նշենք, որ բիոզուգարաններից մեկը տեղադրվել էր Սյունիքի մարզի «Տաթեւեր» ճոպանուղու մոտ, իսկ մյուսը՝ Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարեւանությամբ: Եթե Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ գտնվող բիոզուգարանը երբեւէ աշխատել է, ապա «Տաթեւեր» ճոպանուղու մոտ տեղադրվածը ի սկզբանե չի աշխատել: Այսօր արդեն թանկարժեք բիոզուգարաններից եւ ոչ մեկը չի աշխատում, ավելին՝ ինչպես վերը նշել էինք, «Տաթեւեր» ճոպանուղու հարեւանությամբ տեղադրված բիոզուգարանը վերջերս հանվել է եւ անհայտ ուղղությամբ տարվել: Տաթեւի գյուղապետ Մուրադ Սիմոնյանի պնդմամբ՝ բիոզուգարանը ազգային մրցունակության հիմնադրամն է տարել: «Ժողովուրդ»-ը էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանից հետաքրքրվեց բիոզուգարանի ճակատագրով: Ինչպես եւ սպասվում էր՝ նախարարը տեղյակ չէր. «Ինչի՞ մասին եք հարցնում, չեմ հասկանում: Դեռ չեմ հետաքրքրվել: Մենք դրանով չենք զբաղվում, եւ մեր հաշվեկշիռի հետ ընդհանրապես ոչ մի առնչություն չունի: Ազգային մրցունակության հիմնադրամից հարցրեք»: Իսկ ազգային մրցունակության հիմնադրամից փոխանցում են, որ բիոզուգարանների պատասխանատուն էկոնոմիկայի նախարարությունն է:

Ինչպես էին արդարացնում
Դեռ այն ժամանակ բիոզուգարանների «պիլոտային ծրագրի» հեղինակները պնդում էին, որ այն բիզնեսի տեսանկյունից շահավետ է, եւ բիոզուգարանների 200 դրամ մուտքավճարով այդ գումարները կրկին հետ են գալու պետբյուջե: «Ժողովուրդ»-ի հաշվարկով ստացվում է, որ առնվազն 408 հազար մարդ պետք է օգտվի դրանցից, ընդ որում, այդ ընթացքում բիոզուգարանի վրա լրացուցիչ ծախս չպետք է արվի, որպեսզի արժեքը վերադարձվի: Բացի այս՝ փորձագետների հաշվարկներով՝ ամեն տարի ՀՀ մոտ 50 հազար զբոսաշրջիկ է գալիս: Մինչդեռ էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդական Արա Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Հայաստանն ունի զբոսաշրջային վայրեր, որտեղ տուրիստական հոսքերը բավական մեծ են, եւ այդ վայրերում նման զուգարաններն անհրաժեշտ են: «Օրինակ՝ կան նաեւ վայրեր, որտեղ սալիկով եւ պեմզաբլոկով կառուցված զուգարանները մեկ ձմռան ընթացքում շարքից դուրս են գալիս: Սա մշակույթ է, որ աստիճանաբար պետք է ներդրվի: Սա պիլոտային ծրագիր է, որով փորձում ենք մասնավոր հատվածին ցույց տալ դրա էֆեկտիվությունը: Այսինքն՝ կարելի է մեկ զուգարանը գնել 170 հազար դոլարով եւ եկամուտ ունենալ»,- հայտարարել էր գլխավոր խորհրդականը: Սակայն այսօր մենք մեր հույսը դրել ենք «պեմզաբլոկով կառուցված զուգարանների վրա»: Օրինակ՝ «Տաթեւեր» ճոպանուղու մոտ բիոզուգարանի փոխարեն կառուցվեց նոր հասարակական զուգարան:

Ովքեր են «մսխողները»
Այսօր արդեն կարելի է արձանագրել, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի Կառավարությունը այս ողջ ընթացքում հայ հանրությանը պարզապես խաբել է ու մսխել պետբյուջեի միջոցները: Իսկ թե ովքեր են մսխել այդ գումարները, դժվար չէ կռահել. բիոզուգարանները ձեռք է բերել Ազգային մրցունակության հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էր: Իսկ հոգաբարձուների խորհրդի անդամներն էին էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանը, ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանը եւ այլք: Ու այսքանից հետո պատասխանատուների մեծ մասը շարունակում է պաշտոնավարել:

ՎՊ-ի բացահայտումները
Երբ 2013 թվականին ՀՀ վերահսկիչ պալատը հրապարակեց իր՝ 2012թ-ի ստուգումների արդյունքները, այնտեղ նաեւ անդրադարձ կար գերթանկարժեք բիոզուգարաններին: Վերահսկիչ պալատը, էկոնոմիկայի նախարարությունում որոշ ծրագրերի ստուգման արդյունքում, եզրակացրել էր, որ բիոզուգարանների վրա կատարված ծախսն անիմաստ էր, հատկապես, որ զուգարանները երբեւէ չեն գործել: Ըստ ՎՊ-ի՝ 100 մլն դրամի անարդյունավետ ծախս է եղել: Ամիսներ, տարիներ անցան, սակայն Հայաստանի իրավապահ մարմինները դեռ շարունակում են լռել:

Ինչո՞ւ են լռում
Թեեւ վերահսկիչ պալատը բացահայտեց, որ երկու բիոզուգարանների գնումն անարդյունավետ էր, այնուամենայնիվ, իրավապահ համակարգը երբեւէ չանդրադարձավ այս թեմային: Եւ հիմա տարօրինակ էլ չէ, որ բիոզուգարանը հանկարծ մի օր անհետանում է: Սակայն մեկ բան ակնհայտ է՝ իրավական դաշտ այս հարցը չի տարվել, այսինքն՝ ո՛չ քրեական գործ է հարուցվել եւ ո՛չ էլ իրավապահ մարմիններն են խառնվել այս հարցին: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Կառավարության վերին օղակներում այս թեմայի շուրջ միայն հարց է բարձրացվել:
Հ.Գ. Նկատենք, որ այսչափ գումարով Կառավարությունը կարող էր բազմաթիվ խնդիրներ լուծել՝ երկու բիոզուգարանի գումարով 10 գյուղական համայնքի դպրոցներ վերանորոգել եւ 3600 թոշակառուի մեկ ամսվա թոշակը վճարել: Հետեւությունները թողնում ենք ձեզ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՈՌՈԳՈՒՄ ԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԱՇՏԵՐԸ

Տավուշի մարզում տաք եղանակ է, ընթացքի մեջ են գարնան գյուղատնտեսական աշխատանքները: Իջեւանի տարածաշրջանի Դիտավան գյուղի բնակիչ, ֆերմեր, Հայաստանի հանրային խորհրդի գյուղատնտեսության հանձնաժողովի անդամ Արշակ Սարիբեկյանը հայտնեց, որ կատարվում են եգիտացորենի, ծխախոտի սածիլների տնկման, խաղողի այգիների էտի աշխատանքներ:

Սածիլացման համար ոռոգման ջուր է հարկավոր, խաղողի վազերը էտելուց հետո այգին պետք է ոռոգվի: Ա. Սարիբեկյանն ասաց, որ Իջեւանի ջուր օգտագործողների ընկերությունը մի ամիս առաջ պետք է սկսեր Աչաջուր, Խաշթառակ, Դիտավան գյուղերի հողերի ոռոգումը, սակայն նշված գյուղերի համար մեկական ջրվար, ընդհանուր թվով՝ 3 աշխատող չընդունելու, նրանց աշխատավարձը տնտեսելու արդյունքում չի սկսում ոռոգման սեզոնը:
Դրա հետեւանքով Աղստեւ գետի ջրերն անարգել հոսում են Ադրբեջան՝ փոխանակ ոռոգելու Իջեւանի գյուղերի հողերը: Ա. Սարիբեկյանը անթույլատրելի է համարում, որ մեկ խորանարդ մետր ջրի համար գյուղացուց 11 դրամ են գանձում: Նա կարծում է, որ ոռոգման ջրանցքների շահագործումը պետք է հանձնել համայնքապետարաններին, ինչը թույլ կտա կրկնակի իջեցնել ոռոգման ջրի սակագինը: Ա. Սարիբեկյանի բարձրացրած խնդիրների հետ կապված «Ժողովուրդը» դիմեց Իջեւանի ՋՕԸ-ի տնօրեն Գառնիկ Գասպարյանին, ով հայտնեց, որ իրենք մարտին մաքրել են Իջեւանի տարածաշրջանի 35 կմ ընդհանուր երկարությամբ ջրանցքները, մի շաբաթ առաջ էլ պատրաստ են եղել սկսելու ոռոգման սեզոնը, սակայն վերջին օրերի տեղումների պատճառով գյուղացիները ջրի պահանջ չեն ներկայացրել:
Նա անիրատեսական եւ ոչ նպատակահարմար համարեց ոռոգման ջրանցքների շահագործումը համայնքապետարաններին հանձնելը՝ նկատելով. «Մենք սպասարկում ենք Լուսահովիտ, Ակնաղբյուր, Գանձաքար, Խաշթառակ, Դիտավան, Աչաջուր գյուղերի ոռոգման ջրանցքերը, եթե դրանք համայնքապետարաններին հանձնվեն, ո՞վ պետք է այդ համայնքների միջեւ ջրի բաշխումը, ոռոգման գործը համակարգի»: ՋՕԸ-ի տնօրենն ասաց, որ իրենք շահույթ չհետապնդող կազմակերպություն են, պետությունը ֆինանսավորելով՝ հոգում է իրենց հիմնարկության ծախսերի մեծ մասը:
Նրա խոսքերով՝ մեկ խորանարդ մետր ոռոգման ջրի ինքնարժեքն իրականում 35-36 դրամ է, սակայն պետության ֆինանսավորման շնորհիվ գյուղացիներին այն վաճառվում է 11 դրամով: Գասպարյանը նշեց, որ ջուր օգտագործողներն իրենց հիմնարկությանը պարտքեր չունեն:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

 

 

ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՆ ԱՐՀԱՄԱՐՀՈՒՄ ԵՆ

«Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը հայտ է ներկայացրել ՀՀ Կառավարություն՝ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման լիցենզիա տալու պահանջով: Եւ Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն կտա «Թեղուտ» ՓԲԸ-ին ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման լիցենզիա տալու մասին նախագծին:

Այսպիսով՝ «Թեղուտ» ընկերությունը ներմուծելու է այնպիսի ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքեր եւ նյութեր, որոնք օգտագործվելու են հանքաքարի վերամշակման ընթացքում հումքի խտությունը չափելու նպատակով: Տեղեկացնենք, որ Կառավարությունը թույլտվություն է տալիս այն ընկերությանը, որի գործունեության դեմ տեւական ժամանակ պայքարում են Լոռու մարզի Շնող համայնքի բնակիչները: Շնողցիները դեմ են արտահայտվում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրին:
Հիշեցնենք, որ դեռեւս նախորդ տարվա վերջին Շնողի բնակիչներն այս թեմայի շուրջ նամակով դիմել էին Դանիայի Արտահանումների վարկավորման գործակալության (EKF) տնօրեն Անեթ Էբերհարդին, «Pension Denmark» կենսաթոշակային հիմնադրամի ներդրումների հարցով տնօրեն Կլաուս Ստամպին` պահանջելով չեղարկել ՎՏԲ բանկի հետ կնքված վարկային պայմանագիրը, ինչպես նաեւ չեղարկել «Թեղուտ» ՓԲԸ-ի հետ կնքված համաձայնագրերը: Շնողի բնակիչների պնդմամբ՝ «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից ջրագծերի վնասման հետեւանքով Թեղուտ համայնքը երկար ժամանակ զրկվել էր խմելու ջրից, նույնիսկ նորոգելուց հետո համայնքում խմելու ջրի լուրջ պակաս է եղել, իսկ աղբյուրները ցամաքել են: Սակայն այս ամենի առաջ կարծես թե Կառավարությունը աչք է փակում:




Լրահոս