ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքում քիչ անց տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի օծման արարողություն:
Armlur.am-ի թղթակիցը Մասիսից հայտնում է, որ քաղաքի հրապարակում արդեն մեծ թվով մարդիկ են հավաքվել: Ինչպես «Ժողովուրդ»-ն արդեն գրել էր, դեռ ապրիլի 2-ին քաղաքապետարանի աշխատակիցները մոխրագույն երանգի անվճար ներկեր են բաժանել բնակիչների մի մասին և հրահանգել, որ վերջիններս երկու օրվա ընթացքում ներկեն իրենց տան արտաքին հատվածը:
Մասիսում Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված և Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված բարերար Գագիկ Ադիբեկյանի կողմից հուշաքար կա տեղադրված: Իսկ այսօր հենց հուշաքարի օծումն է լինելու:
Նշենք, որ արդեն իսկ ժամանել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ՏԿԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը, Արարատի մարզպետ Ռուբիկ Հակոբյանը, Մասիսի քաղաքապետ Աաշա Հակոբյանը, գործարար Ռուբեն Վարդանյանը, ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և մի շարք այլ պետական գործիչներ: