Երկօրյա պաշտոնական այցով Ղազախստանի հանրապետություն է մեկնել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Ա. Շաբոյանը՝ մասնակցելու Աստանայում տեղի ունեցող ԵՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների հանդիպմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարվա առաջին եռամսյակի գործունեության արդյունքները, ինտեգրացիոն գործընթացների ընթացքը, ինչպես նաև մրցակցային օրենսդրության խախտման ուղղությամբ կատարվելիք առաջնահերթությունները:
Մի շարք տնտեսվարողներ բողոք են ներկայացրել ՝ ԵՏՄ տարածքում պետգնումների ընթացակարգերի վերաբերյալ
ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը գործընկերներին է ներկայացրել, որ ԵՏՄ անդամակցությունից հետո Հանձնաժողովին են դիմել տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող մի շարք տնտեսվարողներ՝ տեղեկացնելով, որ ԵՏՄ անդամ երկրների տարածքում պետական գնումների մասնակցելիս՝ բախվել են մի շարք խնդիրների: Խոսքը վերաբերում է մասնավորապես տպագրական, կոշիկի արտադրության, շինարարական աշխատանքների կազմակերպման և շինանյութերի իրացման ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին: Վերջինները Հանձնաժողովին տեղեկացրել են, որ պետական գնումների մրցույթների անցկացման վերաբերյալ բազաները հասանելի չեն և ՀՀ տնտեսվարողները որևէ կերպ չեն կարողանում տեղեկանալ, թե երբ և ինչ պայմաններով է մրցույթ հայտարարվում: Բացի այդ, նրանց տեղեկացրել են նաև, որ ՌԴ-ում պետական գնումների մրցույթներին մասնակցելու համար պետք է այդ երկրում ունենան իրենց ներկայացուցչությունը, մինչդեռ նման բան ԵՏՄ համապատասխան կանոնակարգերով նախատեսված չէ: Խնդրահարույց է նաև էլեկտրոնային ստորագրության խնդիրը: ՏՄՊՊՀ նախագահը առաջարկել է համատեղ աշխատանքներ իրականացնել այս խնդիրների լուծման ուղղությամբ՝ կարևորելով միասնական տեղեկատվական բազաների ստեղծումը, որպեսզի ՀՀ տնտեսվարողները կարողանան անարգել տեղեկանալ ԵՏՄ անդամ երկրներում պետգնումների շրջանակում անցկացվող մրցույթներին:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում կատարվող ուսումնասիրությունները շարունակվում են
Նկատի ունենալով, որ հայկական երկաթուղային համակարգի կառավարումը իրականացվում է ռուսական ընկերության կողմից, ՏՄՊՊՀ նախագահը ՌԴ մրցակցային մարմնի ղեկավար Իգոր Արտեմևի հետ քննարկել է վերջերս «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում կատարված ուսումնասիության արդյունքները: Ա. Շաբոյանը գործընկերոջը տեղեկացրել է, որ ՏՄՊՊՀ-ի կողմից կատարվող ուսումնասիրությունները շարունակվում են՝ ընկերության ներդրումների արդյունավետությունը պարզելու նպատակով, քանի որ կատարվող ներդրումներին զուգահեռ ավելանում է նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության վնասը, այսօր այն կազմում է արդեն 9,3 միլիարդ դրամ: Ի. Արտեմևը հայտնել է իր պատրաստակամությունը՝ վարույթի ընթացքի վերաբերյալ տեղեկատվական նյութերի տրամադրման և ուսումնասիրության ընթացքին աջակցելու առումով:
ԵՏՄ անդամակցությունից հետո ալյուրի շուկայում նոր մրցակիցներ են ի հայտ եկել. ալյուրի գինն անհամեմատ նվազել է
Ա. Շաբոյանը իր ելույթում անդրադարձել է նաև սոցիալական կարևոր նշանակության մի շարք շուկաներում կատարված ուսումնասիրություններին՝ առանձնացնելով հատկապես ալյուրի շուկան, որտեղ տարեսկզբից սկսած՝ էական գնանկում է արձանագրվել: Եթե նախորդ տարեվերջին բարձրակարգ ալյուրի 1 կիլոգրամի գինը կազմել է 280 դրամ, այսօր արդեն այն վաճառվում է 208 դրամով: Նախորդ տարեվերջի՝ հայկական դրամի ԱՄՆ դոլարի փոխարժեքի արժեզրկման պարագայում անգամ, ալյուրի գնի նվազումը կազմում է մինչև 25 տոկոս : «Ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկման հետեւանքով, ալյուրի գները ՌԴ-ում նվազել են: Հայտնի է, որ մեր երկիրը ցորենի հիմնական ներկրումներն իրականացնում է Ռուսաստանից: Սակայն վերջերս շուկայում ի հայտ են եկել նոր մասնակիցներ, որոնք զբաղվում են պատրաստի ալյուրի ներմուծմամբ, ինչը նրանց համար առավել շահավետ է: Իհարկե, դրական առումով շուկայի վրա մեծապես ազդել է նաեւ այն, որ տարեսկզբից հանդիսանում ենք ԵՏՄ անդամ եւ ապրանքների ներմուծումն ու արտահանումը իրականացվում է պարզեցված ընթացակարգով»,-նշել է Ա. Շաբոյանը:
Նշենք, որ ԵՏՄ մրցակցային մարմինների ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի շրջանակներում:
ՀՀ ՏՄՊՊՀ