Հայկական կողմը հստակ հայտարարել է, որ չի մասնակցի, Անն Բլասերի հույսերը թող իրենով մնան. Թևան Պողոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը երեկ ԱԺ-ում հանդիպել էր ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է «Բռնությունների սրացումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» խորագրով զեկույցի պատրաստման աշխատանքներին մեր պատվիրակների մասնակցության հարցը:

Հայկական կողմը հանդիպման ընթացքում հայտարարել է, որ իրենք միանշանակ չեն մասնակցելու նման զեկույցի մշակմանը, քանի որ դրա անվանումն արդեն իսկ հակահայկական է: Հանդիպման մասին Armlur.am-ը զրուցեց  հանդիպմանը ներկա պատգամավոր Թևան Պողոսյանի հետ:

– Պարո´ն Պողոսյան,  ԵԽԽՎ նախագահը ԱԺ-ում հայտարարել է, որ հույս ունի, թե հայկական կողմը մասնակցություն կունենա «Բռնությունների սրացումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» խորագրով զեկույցի մշակմանը: Ի՞նչ է քննարկվել նրա հետ հանդիպմանը:

– Հայկական կողմը շատ պարզ և կոնկրետ իրեն ասել է, որ այս անվամբ զեկույցի աշխատանքներին չի պատրաստվում մասնակցել: Հիմա Անն Բլասերի հույսերը թող իրա հույսերով մնան, բայց վերջնական իրեն ասվել է` կամ զեկույցի անվանումը փոխեք, կգաք, կուսումնասիրեք տարածաշրջանը, հետո նոր զեկույցի անուն կդնեք: Միգուցե, այնպիսի բան լինի, որի անվանումը ընդունելի կլինի, սակայն այդպիսի անվամբ զեկույցի պատրաստման աշխատանքներին որև մեկը չի պատրաստվում աջակցել կամ օգնել:

– Հանդիպումն իսկապես լարված մթոնոլորտո՞ւմ է անցել:

– Ես այս տեսակի հանդիպումները գնահատում եմ ոչ թե լարված, կամ չլարված, այլ` հանդիպում, որտեղ բաց և անկաշկանդ երկու կողմերը ներկայացնում են իրենց տեսակետները: Հիմա, եթե որևէ մեկն այդ հանդիպման պատճառով լարվել է, դա թող իր խնդիրը լինի: Ես համարում եմ, որ մենք ներկայացրել ենք Հայաստանի շահերը, մեր դիրքորոշումները: Անն Բրասերի ինչ-որ բերած արգումենտներին կամ փորձերին, բոլորին համարժեք պատասխան է տրվել, և նույնիսկ մեր հարցադրումներից շատերն իր կողմից անպատասխան են մնացել: Հիմա, եթե ինքը լարվել է դրանից, դա արդեն իր գործն է: Ես համարում եմ, որ այդպիսի հանդիպումները չեն գնահատում լարված կամ չլարված, այլ գնահատում են, թե հայկական կողմը կարողացել է իրենց դիրքորոշումները ճիշտ ներկայացնել` ապացուցելով մեր մոտեցումը:

– Եթե հայկական կողմը հրաժարվում է մասնակցել զեկույցի մշակմանը, դա կխոչընդոտի՞ զեկույցի պատրաստմանը:

– Կարող է` վաղը որևէ մի թղթի կտոր` պատրասված Ադրբեջանում, Թուրքիայում կամ այլ գրասենյակում,  ստորագրի, ասի` սա իրենց զեկույցն է:  Դա կբերեն, այնտեղ կքննարկեն, բոլորը կներակայցնեն, որ հայկական կողմը չի մասնակցել աշխատանքներին և սա կհանգեցնի նրան, որ ներկայացվածը միակողմանի զեկույց է և ընդամենը Ադրբեջանի խավիարային դիվանագիտության կողմից հաղթանակ կարող է համարվի, բայց որը չի ունենալու որևէ գին: Դրանով նաև ԵԽԽՎ-ին կբերի մի բիծ, որը մի կառույց կդառնա, որտեղ մանիպուլյացիաները կատարում են ոչ թե ազնիվ, արդար սկզբունքների հիման վրա, այլ նավթային դոլարներով, խավիարների կիլոներով և այլ հարցերով:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս