ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը երեկ ԱԺ-ում հանդիպել էր ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է «Բռնությունների սրացումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» խորագրով զեկույցի պատրաստման աշխատանքներին մեր պատվիրակների մասնակցության հարցը:
Հայկական կողմը հանդիպման ընթացքում հայտարարել է, որ իրենք միանշանակ չեն մասնակցելու նման զեկույցի մշակմանը, քանի որ դրա անվանումն արդեն իսկ հակահայկական է: Այս զեկույցի մասին Armlur.am-ը զրուցեց ԼՂՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանի հետ:
Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, թե միանշանակ պաշտպանում է ՀՀ ԱԺ պատգամավորների դիրքորոշումն այս հարցում: «Միանշանակ, մենք ունենք Սահմանադրություն և միանշանակ դեմ ենք նման զեկույցի ընդունմանը: Այսինքն, չպետք է թույլ տալ նման զեկույցին նույնիսկ ներկա գտնվել, քննարկել, լսել այն, եթե վերնագիրը դա է: Դա մեր իրավունքների ոտնահարում է», – նշեց նա:
Ընդգծենք, որ ՀՀ ԱԺ պատգամավորները պատրաստ կլինեն քննարկումների, եթե վերնագիրը փոփոխվի: Մեր հարցին, թե այդ դեպքում ինչպես կվերաբերվեք զեկույցի պատրաստմանը, Արմեն Սարգսյանը նշեց. «Եթե զեկույցի անվանումը փոխվի, բնականաբար բովանդակությունն էլ պետք է փոխվի, նոր կարող ենք քննարկել»: