«Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարությունը հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումն ապրիլի 17-ին, Երեւանի Ազատության հրապարակում հանրահավաք ու երթ կանցկացնի: «Ժողովուրդ»-ը զրուցել է «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու են որոշել այդ օրը հանրահավաք անել:
-Պարո՛ն Եղնուկյան, ինչո՞ւ որոշվեց ապրիլի 17-ին հանրահավաք անցկացնել, մտավախություն չունեք, որ այս անգամ եւս իշխանությունները կխաթարեն այն:
-Նախ ուզում եմ ասել, որ ամսի 17-ի հանրահավաք-երթը արտոնված երթ է, մենք դիմել ենք քաղաքապետարանին, որը թույլատրել է հանրահավաք-երթ անցկացնել, այնպես որ մենք ամեն ինչ անում ենք օրինական ձեւով: Իսկ թե իշխանությունները կամ ոստիկանությունը ինչ դիրք կբռնի այդ օրը, դա արդեն պետք է իրենց հարցնեք, օրինակ՝ ինձ համար հետաքրքիր է՝ արդյո՞ք պետք է էլի դանակահարություն լինի, ու արդյո՞ք իրենք դա պետք է չնկատեն: Սա արդեն ոստիկանությանը տրվելիք հարց է, իսկ մեր հանրահավաքը արտոնված է:
-Իսկ ի՞նչ հարցեր են ընդգրկված Ձեր հրավիրած հանրահավաքի օրակարգում:
-Մենք հանրահավաք անելու մտադրություն չունեինք, մեր մոբիլիզացիայի օրը ապրիլի 24-ի երեկոյան է, որը մնում է ուժի մեջ եւ որը, ի դեպ, եւս արտոնված է: Իսկ 17-ի հանրահավաք-երթը ուրիշ բանի համար է, դա վերաբերում է քաղբանտարկյալներին, եւ այդտեղ ժողովուրդը կհնչեցնի իր ազատության կոչը:
-Դուք ինչո՞վ եք պայմանավորում այն, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի 5 անդամներին կալանավորեցին, իսկ Ձեզ ՀՀ քննչական կոմիտեն որոշեց ազատ արձակել: Փաստ է, որ Ձեր ընկերներին եւ Ձեզ նույն կասկածանքով էին ձերբակալել, սակայն միայն Ձեզ ազատ արձակեցին, ինչո՞ւ:
-Ինձ համար եւս հանելուկային է, թե ինչի համար ինձ ազատ թողեցին, որովհետեւ իրենք ամբողջ գործողություններն իրականացրեցին՝ բերման ենթարկեցին, խուզարկեցին, առգրավեցին իմ մոտից անձնական իրերս ու ինձ ասեցին, թե ինձ բերման են ենթարկում որպես վկա: Ես այդտեղ հարց տվեցի, թե ինչ տրամաբանությամբ են ինձ՝ որպես վկա, բերման ենթարկում, չէ որ ես իմ հոժար կամքով եմ գնացել քննչական: Վկային բերման են ենթարկում, երբ նրան ծանուցագիր են ուղարկում, ու նա չի ներկայանում, նաեւ մի քանի անգամ են այդ ծանուցագիրն ուղարկում: Նման կերպ իրեն պահող վկային են բերման ենթարկում: Բայց իմ դեպքում նման բան չկար, ես փաստաբանիս հետ միասին մեր տանից, մեր տան խուզարկությունն անելուց հետո իմ հոժար կամքով նստել եմ ոստիկանների մեքենան եւ գնացել եմ քննչական:
Հետեւաբար ինձ համար անհասկանալի էր իրենց ասածը, երբ ես այդ հարցը տվեցի իրենց, քննիչն ինձ տեղեկացրեց, թե ես, չնայած այն բանին, որ ունեմ վկայի կարգավիճակ, բայց կարող եմ օգտվել կասկածյալի իրավունքներից: Սա շատ տարօրինակ է: Ես տեղեկացնեմ նաեւ, որ վկան իրավունք չունի խաբելու, երբ որ քննիչը իրեն հարց է տալիս, այլապես նա քրեական պատասխանատվության կենթարկվի, վկան միայն կարող է չպատասխանել այն հարցերին, որոնք վերաբերում են անձամբ իրեն, իր ընտանիքի անդամներին: Մնացած բոլոր հարցերին վկան պարտավոր է պատասխանել: Ի տարբերություն դրա` կասկածյալը կարող է որեւէ մի հարցի չպատասխանել, կարող է մեկ հարցին պատասխանել, մնացածին չպատասխանել, կասկածյալը նաեւ կարող է խաբել ու ճիշտ չպատասխանել: Հետեւաբար, ես իրենց ասացի, որ եթե դուք ինձ նման իրավունք եք տալիս, ես կօգտվեմ կասկածյալի իրավունքից ու չեմ պատասխանի ձեր ոչ մի հարցին: Իրենք դա գրանցեցին ու նշեցին նաեւ, որ իրենք են ինձ նման ինստրուկտաժ տվել, ու ոչ թե ես եմ ինձանից որոշել՝ կասկածյալի դիրք բռնել: Քննիչը գնաց ու կես ժամ հետո վերադարձավ ու առաջին խոսքը որ եղավ, ասաց՝ պարո՛ն Եղնուկյան, Դուք ազատ եք: Իսկ երբ ես պահանջեցի, որպեսզի իմ անձնական իրերը վերադարձնեն, որոնք խուզարկության ժամանակ առգրավվել էին մոտիցս, ասեցին, թե հիմա դա չեն կարող անել, որովհետեւ պլոմբած է ու դեռեւս պետք է պրոցեդուրա գնա: Եթե դու մարդու չես ձերբակալում, ապա դու ինչ գործ ունես մարդու անձնական իրերի հետ, այնտեղ կար գումար, իմ տան բանալիները, անձնագիրս, վարորդականս, հետեւաբար, ինձ առանց որեւէ բանի դուրս հանեցին փողոց: Ես այսպիսի վիճակում եմ դուրս եկել քննչականից, թե ինչու, ես չեմ իմանում:
-Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Ձեզ համար զանգահարել է արեւմտյան երկրներից մեկի դեսպանը, որի խնդրանքից հետո ոստիկանությունը Ձեզ ազատ է արձակել: Ո՞ր դեսպանն է Ձեր ազատության համար միջնորդել:
-Դա, իհարկե, բամբասանք է, ես որեւէ դեսպանի հետ չեմ խոսել ու որեւէ դեսպանից օգնություն չեմ խնդրել, հետեւաբար, դա անհեթեթություն է: Դա ոստիկանության կամ քննչական բաժնի մոգոնածն է, եթե իրենք օրենքով կարող էին ինձ բերման ենթարկել, ապա ես չեմ կարծում, որ որեւէ դեսպանի զանգահարելը… մանավանդ՝ արեւմուտքի դեսպանները շարժվում են օրենքով: Ես ինքս չեմ դիմել, իսկ եթե որեւէ մի դեսպան առանց իմ դիմելու այդպիսի բան է արել, ապա ես էլ կուզեի իմանալ, թե այդ դեսպանն ո՞վ է:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ