Հայտնի է, թե որ դատավորն է քննելու 20.000 դոլար կաշառք ստացած դատավորի գործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանի գործն արդեն ուղարկվել է դատարան:

Armlur.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ գործը մակագրվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին:

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ  ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը 2014թ. հուլիսի 23-ին կայացրած որոշմամբ վարույթ է ընդունել բանկի կողմից «Զոսեկար» ՍՊԸ-ին հարկադրված սնանկ ճանաչելու մասին դիմումը և 2014թ. հոկտեմբերի 2-ին վճիռ կայացրել ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու վերաբերյալ:

2014թ. հոկտեմբերի 2-ի դրությամբ «Զոսեկար» ՍՊԸ-ի պարտքը բանկի հանդեպ կազմել է շուրջ 517 մլն 940 հազ. ԱՄՆ դոլար, իսկ ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումն ապահովված է եղել անշարժ գույքի գրավադրմամբ: Դատավորը սնանկության հետագա գործընթացում ինչպես իր լիազորությունների շրջանակում հիշյալ ՍՊԸ-ի տնօրեն Սեյրան Կարապետյանի օգտին գործողություններ կատարելու, այնպես էլ պաշտոնից բխող հեղինակությունն ու ազդեցությունն օգտագործելով` ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով բանկում գրավադրված անշարժ գույքն աճուրդի եղանակով վաճառքի գործընթացը մինչև 2015թ. մարտ երկարաձգելու, այդ կերպ` Սեյրան Կարապետյանին գրավադրված գույքը ձեռք բերելու հնարավորություն ընձեռելու դիմաց 2014թ. նոյեմբերին նրանից պահանջել է առանձնապես խոշոր չափերով` 10 հազ. ԱՄՆ դոլար կաշառք:

Դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու պահանջին ՍՊ ընկերության տնօրենը համաձայնել է: Վերջինիս հետ կայացած մյուս հանդիպումների ժամանակ դատավոր Խ. Խաչատրյանը ավելացրել է սահմանված կաշառքի չափը և 2014թ. դեկտեմբերի 20-ին պահանջել ու 2014թ. դեկտեմբերի 25-ին` ժամը 18.30-ի սահմաններում, հիշյալ դատարանի իր աշխատասենյակում Ս. Կարապետյանից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 9 մլն 186 հազ. ՀՀ դրամին համարժեք 20 հազ. ԱՄՆ դոլար կաշառք, որից անմիջապես հետո տեղում բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից: Հիշեցնենք, որ դատավոր Խաչատուր Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (Պաշտոնատար անձի կողմից  խոշոր չափերով կաշառք ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար), և վերջինիս նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:




Լրահոս