Արկածախնդիր իրավապահներին հաջողվել է վարկաբեկել ու «չեզոքացնել» պարկեշտ գործընկերներին. Գևորգ Դանիելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ոստիկանության օրն է: Այս առիթով ՀՀ Արդարադատության նախկին նախարար, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, Սահմանադրական դատարանի խորհրդական Գևորգ Դանիելյանը շնորհավորական ուղերձ է հղել իրավապահներին: Համացանցում նրա կատարած գրառման մեջ ասվում է. «Այսօր ոստիկանության տոնն է, ինչի առթիվ շնորհավորում եմ ու նաև ավագ ընկերոջ իրավունքով նպատակահարմար գտնում իմ նկատառումները ներկայացնել: Իրավապահ մարմիններում իմ տևական ժամանակով աշխատելը (շուրջ 25 տարի) առնվազն հնարավորություն է տվել համոզվելու, որ հանրությունն այդ կառույցների նկատմամբ ունի ինչպես վստահության, այնպես էլ, ցավոք, անգամ ատելության միանգամայն արդարացի առիթներ:

Մեր կողքին եղել են ինչպես համեստ, ազնվագույն, իրենց գործը սիրող ու արհեստավարժ մարդիկ, այնպես էլ, մեղմ ասած, արկածախնդիրներ: Ընդ որում, դարձյալ ցավոք, հենց վերջիններիս է երբեմն հաջողվել «եղանակ ստեղծել», վարկաբեկել ու «չեզոքացնել» պարկեշտ գործընկերներին, իմիտացիան, որպես արդյունավետ աշխատանք ներկայացնել և այլն: Իմ մաղթանքը հետևյալն է՝ թող հաջողությունն ուղեկցի բացառապես պարկեշտ ու իրենց ժողովրդին նվիրված ծառայողներին, մանավանդ, որ Ձեր գործը դժվար է, պատասխանատու ու նաև անշնորհակալ. Աստված Ձեզ պահապան… »:




Լրահոս