ՖԱՅԼԱԲԱԶԱՐՈՒՄ` ԻՆՉՊԵՍ ՖԱՅԼԱԲԱԶԱՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ամեն օր Ագաթանգեղոսի փողոցի “ֆայլաբազար” կոչվող տարածքում մոտ 150 հոգի աշխատանք գտնելու հույսով ժամերով սպասում են, թե ով է իրենց մոտենալու եւ աշխատանք առաջարկելու: Նրանց խոսքով՝ իրենց աշխատանք առաջարկողների թիվն աստիճանաբար պակասում է: Իսկ ստացած գումարով էլ չեն կարողանում ընտանիք պահել: Աշնան վերջերին, երբ ցուրտ եղանակներին դադարեցվում են շինարարական աշխատանքները, նրանց թիվն ավելանում է` հասնելով 400-ի: 
“Ֆայլաբազարի” բանվորները չեն դիմում աշխատանքային գործակալություններ` հաստատուն աշխատանք գտնելու համար, որովհետեւ մի քանի անգամ արդեն խաբվել են:
“Այսօր էլ մյուս օրերի նման նորից տուն ենք գնալու ու տնեցիքին ասենք, որ գործ չկա: Ամեն ինչ անընդհատ դեպի վատն է գնում: Այսպես անհնար է ապրել: Հեռուստացույցով ուրիշ բան են ցույց տալիս, բայց իրականության մեջ այլ է: Մշտական աշխատանք ենք ուզում: Սրանով ի՞նչ ընտանիք պահես: Եթե ամսվա մեջ մեկ կամ երկու անգամ գործ ունենամ, ապա պետք է գնամ Էջմիածին ու մոմ վառեմ”,-բողոքեց բանվորներից մեկը, որը սեպտեմբեր ամսվա ընթացքում վաստակել է ընդամենը 21 հազար դրամ:  
“Ո՞վ է շատ փող տալիս, որ գնանք դիմենք, քիչ են վարձատրում: Երեւանում բանվորական դասակարգը ճնշված օղակ է: Տանում են, բանացնում ու դրա դիմաց 1000 կամ 2000 դրամ տալիս: Կամ էլ պետք է 30 հազար դրամի գործ անես, որ 5 հազար դրամ փող տան: Բացի այդ, մեր ընդմիջման ու սիգարետի գումարն էլ է մեր վրա: Տակն էլ բան չի մնում: Գնում ես տուն, ընտանիքիդ անդամներն այնպես են նայում աչքերիդ, որ դրա պատճառով չես ուզում գնալ տուն”,-“Ժողովուրդ”-ի հետ զրույցում դժգոհեց մյուս բանվորը` 62-ամյա Սամվելը (անունը փոխված է):
Նա 25 տարի է, ինչ կանգնում է “ֆայլաբազարում”, իսկ մեկ տարի հետո անցնելու է թոշակի: Սամվելը նախկինում ոստիկան է եղել. “Էն ժամանակները ոսկի էին: Իսկ հիմա խայտառակություն է: Աղջի՛կ ջան, հիմա քարոզում են, թե կոմունիստական պարտիան շատ հիմար բան է եղել, որովհետեւ իրենց ասելով՝ կոմունիստները թալանել ու կերել են, բայց իրականում իրենք են ուտում: Եթե հարկայինը գա, ինձանից փող ուզի, էս հագիս շորը կտանեմ, կծախեմ ու փողը կտամ իրեն: Ես ինչպե՞ս ապրեմ, եթե ամսվա մեջ քար տրաքի 15 կամ 20 հազար գումար եմ աշխատում”:
Նա 2 տարի ապրել է Գերմանիայում, սակայն չցանկանալով մշտական բնակություն հաստատել այնտեղ` վերադարձել է հայրենիք: ,Ես ուզում եմ իմ երկրում մնալ, որովհետեւ ամենաքաղցր տեղն այնտեղ է, որտեղ դու քո սեփական լեզվով կարողանում ես արտահայտվել եւ քո գաղափարների մասին կիսվել հարազատներիդ ու ընկերներիդ հետ: Գերմանիայում իմ աղջկա մոտ եմ ապրել: Այնտեղ նստում էի իրենց տան մոտ գտնվող քարե աստիճանների վրա, կարոտից հուզվում էի ու երգում, թե ջուր եմ ծախում, սառը ջուր (երգում է-խմբ.)… Չեմ գնա”,-թաց աչքերով պատմեց Սամվելը:
“Նա մեզ հետ զրույցում հուսահատված նկատեց, որ հիմա մարդիկ շատ են փոխվել: Կարծրացած են, բացի այդ, առաջվա մարդկությունն ուրիշ էր, հիմիկվանը` ուրիշ: Այն ժամանակվա մտածելակերպը, գաղափարները նման չեն: Նույնիսկ առաջվա նաչալնիկները հոգատար էին”,-անկեղծացավ նախկին ոստիկանը:  
Զրույցի վերջում “ֆայլաբազարի” բանվորների հետ հիշեցինք “գիշերային թիթեռնիկներին”, որոնք նախկինում երեկոյան ժամերին կանգնում էին այդ տարածքում: Հետաքրքրվեցինք` նրանք իրենց խանգարել են, թե օգնել: “Ա՛յ ընկերուհի ջան, իրենք թիթեռնիկներ չեն է՜, գիշերային ղառղառներ են: Հիմա չկան: Նրանք ո՛չ օգնել են մեզ, ո՛չ էլ խանգարել: Սմենափոխություն էինք անում, բայց մի տարբերությամբ` մենք շնություն չենք անում”,-ծիծաղելով պատմեցին նրանք:
Նշենք, որ բանվորների շարքերում կային նաեւ ավելի երիտասարդ տղաներ: “25 տարեկան եմ, բայց ինձ հաճելի չէ, որ գալիս կանգնում եմ այստեղ` երկու կոպեկ փող աշխատելու համար: Էլ ճար չկաե,-ասաց նրանցից մեկը: Կային նաեւ 30 տարեկան տղաներ, որոնք ֆինանսական խնդիրների պատճառով չեն ամուսնացել. “Ո՞նց ամուսնանանք, ա՛յ քուր ջան, փող չկա: Մեզ չենք կարողանում պահել, ուր մնաց մի քանի հոգու: Միայն շատ ենք ցանկանում, որ մեր երկրի նախագահը գա ու իր աչքով տեսնի, թե ինչպիսի դժվարությամբ ենք փող վաստակում”: 
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս