ԱՆԱՊԱՀՈՎ ՀԱՅԵՐԻ ԵՐԻԿԱՄՆԵՐԸ՝ ՀՐԵԱՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայկական իրականության մեջ առաջին անգամ ենք հանդիպում այնպիսի հանցագործության, երբ մարդը դատվում է մարդու օրգանները վաճառելու համար: Սոցիալապես անապահով հայերն իրենց կամքով դարձել են առողջ երիկամների կարիք ունեցող հրեաների դոնորներ, որպեսզի իրենց պարտքերը փակեն եւ ինքնասպանության չդիմեն:
Ամեն ինչ սկսվել է սույն գործով ամբաստանյալ, վանաձորցի 25-ամյա գործազուրկ Սերգեյ Հ. Հովսեփյանից: Վերջինս սոցիալական այնպիսի ծանր վիճակում է եղել եւ այնքան պարտքեր կուտակել, որ մի օր որոշել է այնպիսի բան վաճառել, որից ստացված եկամուտը բավարարի իր ֆինանսական խնդիրները լուծելուն: Եւ 2011թ. ամռանը Սերգեյը սկսել է իր երիկամի համար գնորդ փնտրել: Պարզելով, որ Հայաստանում նման վիրահատություններ կատարվում են “Արաբկիր” բժշկական կենտրոնում, այցելել է այնտեղ եւ տեղեկացել, որ որպես երիկամի փոխպատվաստման դոնոր կարող է հանդես գալ միայն հիվանդի ազգականը: Հետո նա երիկամի դոնոր փնտրողների հայտարարություններ է որոնել համացանցում եւ ծանոթացել ոմն Ալեքսի հետ: Վերջինս հայտնել է, որ երիկամն անհրաժեշտ է իր հոր համար եւ դրա դիմաց կվճարի 10000 ԱՄՆ դոլար: Սերգեյը համաձայնել է: Ալեքսն ասել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է ենթարկվել համապատասխան բուժհետազոտությունների եւ ուղարկել դրանց արդյունքները:
Սերգեյը ենթարկվել է բուժհետազոտությունների եւ արդյունքները համացանցով ուղարկել  Ալեքսին: Վերջինս հայտնել է, որ արդյունքները դրական են, եւ ինքը պատրաստ է գնել Սերգեյի երիկամը: Բացի այդ, պատմել է, որ ինքն Իսրայելից է, վիրահատությունը կատարվելու է Շրի Լանկայում, իսկ Սերգեյի ճանապարհածախսի հարցերն էլ ինքն է հոգալու: Եւ Սերգեյն Ալեքսի պատվիրած էլեկտրոնային տոմսերով 2011թ. հոկտեմբերի 6-ին Երեւանից մեկնել է Մոսկվա, այնտեղից Աբու Դաբի, որից հետո` Շրի Լանկայի Կոլոմբո քաղաք: Այնտեղ Սերգեյին դիմավորել է ազգությամբ հրեա ոմն Ալբերտ, ում ուղեկցությամբ Սերգեյը տարբեր կլինիկաներում կրկին ենթարկվել է բուժզննումների: Այնուհետեւ կեղծ փաստաթղթեր են ձեւակերպել, իբրեւ թե Սերգեյն այն հիվանդի ազգականն է, ում համար պետք է դոնոր լինի:
2011թ. հոկտեմբերի 16-ին Սերգեյը ենթարկվել է վիրահատության, հեռացվել է նրա ձախ երիկամը: 4 օր անց Սերգեյը 10 000 դոլարի փոխարեն իր երիկամի դիմաց պահանջել եւ հիվանդի քրոջից ստացել է 12 000, քանի որ կռահել է՝ հիվանդն իրականում Ալեքսի հայրը չէ, եւ այդ մասին հայտնել է Ալբերտին: Վերջինս խոստովանել է, որ իրենք այդ գործում միջնորդներ են: Հետագայում Ալբերտը եւ Ալեքսը հեռախոսային խոսակցության ժամանակ Սերգեյին առաջարկել են Հայաստանում գտնել անձանց, որոնք կցանկանան իրենց երիկամը տալ 10 000 դոլարով: Նրանք խոստացել են յուրաքանչյուր երիկամի համար Սերգեյին վճարել 2 000 դոլար միջնորդավճար: 
2011թ. հոկտեմբերի 23-ին վերադառնալով Հայաստան՝ Սերգեյը սկսել է հավաքագրման նպատակով փնտրել խոցելի վիճակում գտնվող մարդկանց: Բժշկական կենտրոն այցելելուց եւ համացանցում երիկամի դոնոր փնտրելու վերաբերյալ հայտարարություն տեղադրելուց հետո Սերգեյի տեսադաշտում են հայտնվել, այնուհետեւ տուժողի կարգավիճակ ստացել 6 հոգի: Նրանցից 4-ին՝ Արեւհատ Մխիթարյանին, Աշոտ Գազիլյանին, Սարգիս Ֆեսչյանին եւ Գայանե Ստեփանյանին, Սերգեյը հասցրել է ուղարկել Շրի Լանկա եւ որպես միջնորդավճար ստանալ ընդամենը 6000 դոլար, քանի որ նրանցից մեկի՝ Գայանեի երիկամը չի համապատասխանել անհրաժեշտ չափորոշիչներին:
2011թ. հոկտեմբերի վերջին, այցելելով “Արաբկիր” բ/կ, Սերգեյը պարզել է տուժող Արեւհատի մասին (որը դրանից մոտ 1 տարի առաջ փորձել էր իր երիկամը վաճառելով գումար վաստակել), զանգահարել վերջինիս եւ ճշտել՝ արդյոք նա ցանկանում է լինել երիկամի փոխպատվաստման դոնոր: Հետո Սերգեյը Արեւհատի բուժզննումների արդյունքներն ուղարկել է արտերկրում գտնվող եւ իր հետ համագործակցող անձանց: Ստանալով դրական պատասխան` 2011թ. նոյեմբերի 11-ին Սերգեյը կազմակերպել է Արեւհատի տեղափոխումը Շրի Լանկա, որտեղ նրա երիկամը հեռացվել է: 
Այնուհետեւ համացանցում տեղադրված հայտարարությունը տեսնելով` Սերգեյին են դիմել Աշոտ Գազիլյանը, որը դարձել է ազգությամբ հրեա, 62-ամյա Ռաքել անունով մի կնոջ դոնորը, եւ Սարգիս Ֆեսչյանը՝ ազգությամբ հրեա Սերժ Սիմոն Բիանկովիչի դոնորը: Իսկ Արտաշես Մխիթարյանին Սերգեյը պատրաստվել է ուղարկել, սակայն երեւի չի հասցրել:  
Իսկ ինչո՞ւ են նրանք այդ քայլին գնացել. նրանցից Արեւհատ Մխիթարյանն ու նրա ամուսինը բավական երկար ժամանակ չեն աշխատել, գտնվել են ֆինանսական ծանր վիճակում: Արեւհատի խնամքին են գտնվել երեք երեխաները` 16 տարեկան որդին, 9 եւ 6 տարեկան դուստրերը, մահացած քրոջ 22 տարեկան դուստրը եւ իր մայրը: Ու թեեւ խոստացված գումարները տվել են տուժողներին, սակայն նրանք հետո են հասկացել, որ շահագործվել են, քանի որ միջնորդները, օգտվելով իրենց վիճակից, իրենց երիկամները վերավաճառել են: Տուժող Աշոտ Գազիլյանը՝ երկու անչափահաս երեխայի հայր, չի ունեցել մշտական աշխատանք: Մի քանի անգամ մեկնել է Ռուսաստան՝ աշխատելու, սակայն նրա ջանքերը ձախողվել են: 2007թ. հոր առողջական խնդիրների պատճառով բուժման ծախսերի համար մեծ պարտքեր է կուտակել, հետո իր բնակարանը վաճառել, փորձել գործի մեջ դնել, սակայն կորցրել է ամեն ինչ: Այդ պատճառով նույնիսկ ինքնասպանության մասին է մտածել, բայց հետո իմանալով երիկամի գնորդի մասին՝ միանգամից դիմել է նրան ու նրա միջոցով վաճառել իր երիկամը: 
Տուժող Սարգիս Ֆեսչյանն էլ ծնողների հետ ունեցած անախորժությունների պատճառով առանձնացել է, վարձով է բնակվել ու ցանկացել է երիկամը վաճառել եւ իր անկյունը ստեղծել, մյուսները՝ եւս, սակայն հույսը հօդս է ցնդել:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղքն ընդունած Սերգեյ Հովսեփյանին լիովին մեղավոր է ճանաչել եւ մարդկանց թրաֆիքինգի ենթարկելու համար դատապարտել 8 տարվա ազատազրկման՝ գույքի կեսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի, քան 6000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամից: Ամբաստանյալի պաշտպանը վերաքննիչ բողոք է բերել եւ խնդրել Ս. Հովսեփյանին արդարացնել կամ պատիժը մեղմացնել` այն նշանակելով  ոչ ավելի, քան 6 տարի ժամկետով:
ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս