Հայաստանից Ռուսաստան արտահանումների ծավալը կրճատվել է 80 անգամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի տնտեսությունը վերջին վեց ամիսներին, կարելի է ասել, լիակատար անտերության է մատնվել, կամ միգուցե ինչ-որ մարդիկ, ովքեր իրենց իշխանություն են հռչակել, փորձում են ինչ-որ կերպ «տիրություն» անել, բայց ապարդյուն:

Ընդամենը վեց-յոթ ամիս է անցել այն օրերից, երբ Սերժ Սարգսյանը պատրաստվում էր գնալ եւ ստորագրել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին համաձայնագրերը: Այդ շրջանում հնչած կանխատեսումների գերակշիռ մասն այն մասին էր, որ ԵՏՄ-ին անդամակցելը Հայաստանի տնտեսության համար ոչ մի լավ հեռանկար չի խոստանում: ՀՀ ղեկավարությունը եւ նրա ցանկացած քայլը գովերգող գործիչները նման վատատեսական կանխատեսումների հեղինակներին քիչ էր մնում դավաճան հռչակեին: Հիմնական փաստարկն այն էր, որ ԵՏՄ անդամ երկրների, իսկ ավելի կոնկրետ՝ Ռուսաստանի շուկա ապրանք արտահանելու հարցում Հայաստանը առավելություն կստանա: Ավելին՝ այն փաստը, որ անցած տարվա ամռանից միջազգային հանրությունը Ռուսաստանի դեմ սկսել էր պատժամիջոցներ կիրառել, որոնք ժամանակի հետ ավելի խստացնում էին, ԵՏՄ անդամակցության կողմնակիցները կրկին փորձում էին որպես նպաստավոր հանգամանք ներկայացնել, թե իբր Ռուսաստանը, մյուս երկրների համար «փակ շուկա» դառնալով, Հայաստանի համար ավելի գրավիչ կդառնա:

Սակայն ողջ խնդիրն այն է, որ Ռուսաստանի շուկան փակվեց բոլորի, այդ թվում նաեւ Հայաստանի համար, ինչն ունի շատ պարզ բացատրություն՝ հնարավոր չէ առեւտուր անել մի երկրի հետ, որի ազգային արժույթն անընդհատ վայրիվերումների մեջ է: Ու դրա արդյունքը եղավ այն, որ Հայաստանից այս տարվա առաջին երկու ամիսներին դեպի Ռուսաստան արտահանվեց 533 հազար դոլարի ապրանք` անցած տարվա 40 միլիոն 135 հազար դոլարի դիմաց: ԵՏՄ անդամ մյուս երկրներ` Բելառուս եւ Ղազախստան, Հայաստանից այս տարի ընդհանրապես ապրանք չի արտահանվել:

Ռուսաստանի հետ Հայաստանի «սիրախաղերը» հանգեցրին նրան, որ դեպի Ուկրաինա արտահանումը եւս նվազեց 75 տոկոսով` այս տարվա երկու ամիսներին այդ երկիր է արտահանվել երկուսուկես միլիոն դոլարի ապրանք` անցած տարվա մոտ 10 մլն-ի փոխարեն: Պաշտոնական վիճակագրությունը դեռեւս չի հրապարակել այս տարվա ընթացքում ներդրումների ցուցանիշը, սակայն, ըստ փորձագետների՝ ներդրում, որպես այդպիսին, այս տարվա առաջին եռամսյակում չի եղել: Նաեւ այս հանգամանքն է, որ տնտեսությունում ստեղծված վիճակի վերաբերյալ բոլոր կանխատեսումները գույժի են նման, քանի որ համընդհանուր գերակշռում է վատի սպասումը: Այս տարվա հունվարի արդյունքներով, անցած տարվա համեմատ, Հայաստանի բանկերում ավանդները պակասել են 28 միլիարդ 716 միլիոն դրամի չափով: Այլ կերպ ասած՝ մարդիկ հունվարին սկսել են ծախսել նախկինում իրենց ետ գցած գումարները:
Մի խոսքով, այսօր արդեն ակնհայտ է, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ի անդամակցությունը պետությանը ծանր հարված է հասցրել, եւ մեր հանրապետության տնտեսության համար վնասակար իրադարձությունները շարունակում են զարգանալ: Ու ոչ ոք չի կարող ասել, թե Հայաստանի տնտեսությունում սկսված անկումը մինչեւ ուր է հասնելու: Սակայն վերջին տասն օրերին Հայաստանի արժույթի շուկայում տեղի ունեցող գործընթացները վկայում են, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները որոշակի կմեղմեն Հայաստանի տնտեսությունում ստեղծված «ֆինանսական սովը»: Առաջիկա տասն օրերին Հայաստան կժամանեն բազմաթիվ պետական պատվիրակությունների հազարավոր անդամներ, որոնք Հայաստանում մի քանի միլիոն դոլար կթողնեն: Մինչեւ մեր տնտեսությունը կհասցնի «սպառել» այդ գումարները, արդեն կգա ամառը: Մի խոսքով, Ցեղասպանության 100-րդ տարելիցի հաշվին Հայաստանի տնտեսությունում սպասվող «պայթյունը» կհետաձգվի մինչեւ աշուն:

Ակնհայտ է, որ այս անգամ Հայաստանին օգնող չի լինելու: Միջազգային հանրությունը Հայաստանին թողել է ինքնահոսի, եւ նույնիսկ վարկեր չեն ցանկանում տրամադրում: Ռուսաստանի դեպքում էլ ամեն ինչ պարզ է. այս երկիրը մինչ այժմ էլ իրեն չի կոտորել Հայաստանին օգնելու հարցում, ուր մնաց հիմա, երբ «մեկը լինի իրենց օգնի»: Ելքը, թերեւս, նոր իշխանությունների գալով նոր կանոնների թելադրումը կարող է լինել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս